Բաժիններ՝

Վրաստանի տնտեսական զարգացման նոր հեռանկարները ԵՄ-ի հետ ասոցացման համատեքստում

Ընդհանուր առմամբ Վրաստանի տնտեսական զարգացման մոդելն ազատական է: Դրա հիմքերը դրվել են Մ. Սահակաշվիլու իշխանության գալու տարիներին` 2003-2004թթ.: Սահակաշվիլու օրոք Վրաստանը դարձավ կոռուպցիայի ընկալման շատ ցածր մակարդակ ունեցող երկիր: Եթե մինչև 2003թ. Վրաստանն աշխարհի ամենակոռումպացված երկրներից էր, ապա ներկայումս կոռուպցիայի ընկալման ավելի ցածր վարկանիշ ունի, քան ԵՄ այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ Բուլղարիան և Ռումինիան կամ նույնիսկ՝ Հունաստանը և Իտալիան: Ըստ Համաշխարհային Բանկի «Doing Business» 2016-ի՝ բիզնեսի վարման ցուցանիշով Վրաստանն աշխարհի 189 տնտեսությունների շարքում 24-րդն է: Ընդ որում, բիզնեսի գրանցման հարցում Վրաստանն աշխարհում 6-րդն է, սեփականության գրանցման առումով` 3-րդը, վարկի ստացման առումով` 7-րդը, շինարարության համար թույլտվություն ստանալու առումով` 11-րդը, պայմանագրերի կատարումն ապահովելու առումով` 13-րդը, մինորիտար սեփականատերերի շահերի պաշտպանության առումով` 20-րդը[1]:

Դրա հետ միասին Վրաստանում գոյություն ունի քաղաքական և բիզնես էլիտաների սերտաճում: Չնայած քաղաքացիների և իշխանությունների ամենօրյա շփումներում կոռուպցիան գրեթե բացակայում է, այն դեռևս արմատավորված է «բարձր» մակարդակներում: Այդ պատճառով շատերը Վրաստանի համակարգը հաճախ բնութագրում են որպես «ավտորիտար լիբերալիզմ»: Բնական է, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրից բխող պարտականությունների կատարումն աստիճանաբար կփոխի ներկա համակարգը, կներդրվեն նոր կանոններ, որոնք կխրախուսեն ազնիվ մրցակցությունը, կստեղծեն թափանցիկություն և կբացառեն մենաշնորհային-օլիգարխիական տիպի տնտեսությունը:

Բացի այդ Վրաստանն ունի տնտեսական և սոցիալական լուրջ հիմնախնդիրներ, արտահանման շուկաների և կառուցվածքի դիվերսիֆիկացիայի խնդիրներ: Սպասվում է, որ ԵՄ-ի հետ ասոցացումը կօգնի լուծել նշված խնդիրները:

Սույն հետազոտությունում բացահայտվել են Վրաստանի տնտեսության հիմնական բնութագրիչ գծերը, ցույց է տրվել, որ ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումն անհրաժեշտ նախադրյալ է Վրաստանի տնտեսական զարգացման համար, ներկայացվել են նաև Կառավարության կողմից Եվրասոցացման ուղղությամբ իրականացվող քայլերը և արտաքին առևտրի միտումները:

ՎՐԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԻՉ ԳԾԵՐԸ

Ընդհանուր առմամբ Վրաստանի արդյունաբերությունը ներկայումս ներփակված է մի քանի արտադրությունների շրջանակներում, ինչպիսիք են՝ գինու, հանքային ջրի, ոչ ալկոհոլային խմիչքների, մրգի և բանջարեղենի պահածոների արտադրությունները, մանգանի հանքաքարի արդյունահանումը, մետաղական և ոչ մետաղական պատրաստվածքների, ազոտային պարարտանյութերի արտադրությունը: Վրաստանի տնտեսապես ակտիվ բնակչության շուրջ կեսն զբաղված է գյուղատնտեսությամբ:

Այնուամենայնիվ, ո´չ արդյունաբերությունը և ո´չ էլ նույնիսկ գյուղատնտեսությունն անցած երկու տասնամյակներին չեն հանդիսացել Վրաստանի տնտեսության հիմքը: Ինչպես նկատում է Վ. Պապավան, հետխորհրդային Վրաստանի հիմնական համեմատական առավելությունը նրա աշխարհագրական դիրքն է Եվրոպան և Ասիան միացնող տրանսպորտային միջանցքի երկայնքով, ինչը և որոշել է երկրի միջազգային տնտեսական գործառույթը[2]:

Իսկապես, Վրաստանի ներգրավումը տարածաշրջանային տրանսպորտային, առաջին հերթին՝ խողովակաշարային նախագծերում, էական դեր է խաղացել երկրի տնտեսական աճում: Տրանսպորտային միջանցքի ազդեցությունն ազգային տնտեսության գործնականում բոլոր ճյուղերի վրա ակնհայտ է: Վերջին տասնամյակում ամենաբարձր աճի տեմպեր նկատվել են հենց այն ճյուղերում, որոնք անմիջականորեն կապված են Վրաստանի կողմից տարանցումային-հաղորդակցային գործառույթի կատարման հետ (օրինակ, ֆինանսական միջնորդությունը, շինարարությունը, տրանսպորտը, հեռահաղորդակցությունը, ռեստորանային և հյուրանոցային բիզնեսը, անշարժ գույքը և վարձակալությունը):

Կասկած չկա, որ վճարային հաշվեկշռի, արտարժույթի կուտակման և պետական եկամուտների վրա դրական ազդեցության տեսանկյունից տարանցման ծառայությունները հետագայում նույնպես նշանակություն կունենան Վրաստանի համար: Սակայն տարանցումային-հաղորդակցային գործառույթի հետ կապված աճի գործնականում ամբողջ ներուժի օգտագործումից հետո տվյալ ճյուղերը հեռանկարում արդեն չեն կարող հանդես գալ որպես Վրաստանի տնտեսական աճի շարժիչներ: Ավելին, արտաքին տնտեսական քաղաքականությունում տարանցումային բաղկացուցչի վրա հենվելը բարձրացնում է երկրի կախվածությունը Թուրքիայից և Ադրբեջանից (այս երկրները ներկայումս Վրաստանի երկու կարևոր էներգետիկ գործընկերներն են) և, վերջին հաշվով, դառնում սպառնալիք ազգային ինքնիշխանության համար:

Իր հերթին, Վրաստանի թույլ դիրքն աշխատանքի միջազգային բաժանման համակարգում չի նպաստում դիվերսիֆիկացված կապիտալի ներհոսքին: Վերջին 15 տարիներին օտարերկրյա ներդրումները մեծամասամբ կապված են եղել հենց տրանսպորտային և էներգատարանցումային նախագծերի հետ: Արդյունքում, օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) զգալի հոսքը չի հանգեցրել տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմանը, արտահանման դիվերսիֆիկացմանը և կայուն նոր աշխատատեղերի ստեղծմանը: Այսինքն, երկարաժամկետ տնտեսական աճի համար հիմքեր չեն ստեղծվել: Բացի այդ տնտեսության նշված հատվածները, որտեղ հոսել են ՕՈՒՆ-երի հիմնական ծավալները, կապիտալատար են, և դրանցում զբաղվածությունը փոքր է: Պաշտոնական տվյալներով Վրաստանում գործազրկության մակարդակը տատանվում է 14-16%-ի սահմաններում: Իրական գործազրկության ծավալներն անհամեմատ ավելի մեծ են: Անցած տարիների տնտեսական աճը մեծ հաշվով չի լուծել նաև աղքատության խնդիրը: Վրացական հասարակությունում գոյություն ունի ընդգծված սոցիալական անհավասարություն:

Վրացական տնտեսության կարևորագույն հիմնախնդիրներից է արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը: Մինչ այժմ Վրաստանի արտահանման դիվերսիֆիկացումն աննշան է եղել, իսկ ներմուծման աճը զգալիորեն գերազանցել է արտահանումը: Վրաստանի արտահանումը կազմված է սակավաթիվ ապրանքային խմբերից` ֆերոձուլվածքներ, մետաղի ջարդոն, ոսկի, քիմիական պարարտանյութեր, մարդատար ավտոմեքենաների վերաարտահանում: Վրաստանի առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն 2015թ. տվյալներով կազմել է 5,225 մլրդ ԱՄՆ դոլար[3] կամ ՀՆԱ-ի 37%-ը: Վճարային հաշվեկշռի դեֆիցիտը ծածկվում է արտաքին աղբյուրների` տրանսֆերտների, միջազգային օգնության և օտարերկրյա ներդրումների հաշվին: Արտաքին ֆինանսավորումը հսկայական դեր է խաղում երկրի տնտեսական աճի ապահովման գործում: Այնուամենայնիվ, եվրոպական ֆինանսական շուկաներից վրացական բանկերի կողմից էժան վարկերի ներգրավումը չի նպաստել տնտեսության իրական հատվածի զարգացմանը, քանի որ միջոցների գրեթե ամբողջ ծավալը կենտրոնացվել է շինարարական բիզնեսում և սպառողական ոլորտում: Արդյունքում երկիրը միայն հսկայական արտաքին պարտք է կուտակել: Վրաստանի համախառն արտաքին պարտքը 2015թ. վերջին հասավ 15 մլրդ ԱՄՆ դոլարի, ինչը կազմում է ՀՆԱ-ի 107%-ը[4]:

Ներկայումս աներկբա է, որ երկարաժամկետ տնտեսական աճի համար Վրաստանը տնտեսության իրական հատվածում ներդրումների և իր ապրանքներն իրացնելու համար կայուն արտաքին շուկաների կարիք ունի: Այդ խնդիրները Վրաստանը փորձում է լուծել եվրոպական ինտեգրման ճանապարհով:

DCFTA-Ի ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՎՐԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼ

2006թ.-ից Վրաստանն իրականացնում է ազատ առևտրի քաղաքականություն` միակողմանի բացվելով աշխարհին: Միջին արդյունաբերական մաքսատուրքը ներմուծման համար կազմում է 0,3%, ինչը չափազանց փոքր ցուցանիշ է աշխարհում: Համեմատության համար նշենք, որ այդ ցուցանիշը ԵՄ-ում 4,6% է[5]: Վրաստանի շուկան բաց է օտարերկրյա բոլոր արտահանողների և ներդրողների համար: Երկրի արտաքին առևտրային քաղաքականության հիմնական նպատակը Ռուսաստանի ազդեցության ոլորտից դուրս գալն ու Եվրամիությանն ինտեգրվելն է:

1999թ-ից Վրաստանը ԵՄ արտոնությունների (պրեֆերենցիաների) ընդհանուր համակարգից օգտվող երկրների ցանկում է: 2005թ-ից Վրաստանի վրա տարածվում է ԵՄ-ի պրեֆերենցիաների ընդհանուր համակարգի երկրորդ ռեժիմը, որն անվանվում է «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ (GSP+)»: Այդ համակարգի շրջանակներում արտոնությունները տեսականորեն կիրառվում են 7200 ապրանքների նկատմամբ: Ներկայումս ԵՄ-ի ընդհանուր ապրանքային ցանկը կազմում է 9697 անվանում:

GSP+ կարգավիճակով պայմանավորված՝ ԵՄ-ի սակագների մակարդակները Վրաստանի համար մոտ են զրոյին: Բայց վրացի արտահանողների համար դրանից օգտվելը խնդրահարույց է: Ընդ որում, եթե GSP+ շրջանակներում Եվրոպա վրացական արտահանման բաժինը մինչև 2006թ. կազմել է 50-60%, 2008-2009թթ.` 40%, ապա 2010թ.` 25%: Այլ խոսքերով, վրացական արտադրանքի մեծ մասը վճարում է ԵՄ-ի մաքսատուրքերը: Դրանք բավականին մեծ են, հատկապես գյուղատնտեսական և սննդի արդյունաբերության արտադրանքի համար, որոնց նկատմամբ ԵՄ-ում կիրառվում են հատուկ և սեզոնային սակագներ: Փաստացի, GSP+ ձևաչափը գործնական նշանակություն և ազդեցություն չունի արտահանման դիվերսիֆիկացման տեսանկյունից: 2010թ. GSP+ համակարգով վրացական արտադրանք է արտահանվել ԵՄ-ի 23 երկիր, 2009թ.` 21 երկիր, իսկ 2008թ.` 18 երկիր: Կարելի է ասել, որ GSP+ համակարգով արտահանման աշխարհագրությունը բարելավվել է այդ ընթացքում[6], բայց ոչ էական չափով, իսկ արտահանման կազմի առումով փոփոխություն գրեթե չի եղել:

Խնդիրը նրանում է, որ սակագնային արգելքը միակ խոչընդոտը չէ եվրոպական շուկաներ դուրս գալու գործընթացում: Ավելի կարևոր են ոչ սակագնային արգելքները, որոնց վերացումը հնարավոր է միայն ինստիտուցիոնալ փոփոխությունների և տնտեսական կարգավորման եվրոպական ինստիտուտների ստեղծման միջոցով:

2009թ. մայիսին Վրաստանը միացավ Արևելյան գործընկերության (ԱլԳ) նախաձեռնությանը: Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսվեցին 2010թ. հուլիսին, իսկ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (DCFTA) մասով` 2012թ.: 2014թ. հունիսի 27-ին Վրաստանը և ԵՄ-ը ստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը, իսկ դեկտեմբերի 18-ին Եվրախորհրդարանը վավերացրեց այն:

DCFTA-ն, որն Ասոցացման համաձայնագրի անբաժան մասն է, ենթադրում է վրացի արտահանողների կողմից ԵՄ-ի նորմերի կիրառում, ինչը, նախևառաջ, նշանակում է առևտրում տեխնիկական ստանդարտների, սանիտարական և ֆիտոսանիտարական նորմերի համապատասխանեցում, առևտրի և մաքսային ընթացակարգերի պարզեցում, մտավոր սեփականության իրավունքների և մրցակցության պաշտպանության օրենսդրության ներդաշնակեցում:

ԵՄ-ի պահանջների բարձր մակարդակը Միության երկրների քաղաքացիների առողջությունը պաշտպանելու և ԵՄ-ի շուկայում արդար մրցակցության համար պայմաններ ստեղծելու նպատակ ունի: Դա նշանակում է շուկան փակել այն արտադրանքների համար, որոնք պատրաստված են ԵՄ-ի ստանդարտներին չհամապատասխանող պայմաններում և տեխնոլոգիաներով, որի պատճառով ունեն ցածր ինքնարժեք՝ դրանով ձեռք բերելով որոշակի անարդար մրցակցային առավելություն շուկայում:

Ենթադրվում է, որ ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծումը կնպաստի՝

  • ԵՄ-ի հետ համաձայնեցված առևտրի համակարգի ստեղծմանը,
  • գրավիչ ներդրումային միջավայրի ստեղծմանը և որպես հետևանք` օտարերկրյա ներդրումների խրախուսմանը,
  • նոր աշխատատեղերի ստեղծմանը,
  • վրացական արտադրանքի որակի բարելավմանը,
  • վրացական արտադրանքի մրցունակության բարձրացմանը,
  • վրացական արտահանման ավելացմանը,
  • Վրաստանի տնտեսական աճին և, ընդհանրապես, տնտեսական զարգացմանը[7]:

Միաժամանակ, DCFTA-ն Արևելյան Գործընկերության երկրների համար ենթադրում է ԵՄ-ի պահանջների կատարման և ներդաշնակեցման զգալի ծախսեր: Ներդաշնակեցման ծախսերը Վրաստանի համար գնահատվում են մինչև 2.7 մլրդ դոլար[8]: Այս հարցում Վրաստանին օգնելու նպատակով ԵՄ-ը պլանավորում է ավելացնել երկրին հատկացվող ֆինանսական և տեխնիկական օգնությունը: Գոյություն ունի նաև սպառնալիք, որ Վրաստանը չի կարող առաջարկել ավելի մրցունակ որակի արտադրանք, քան ԵՄ-ի արտադրանքն է, որը կհանգեցնի երկրում տնտեսական վիճակի վատթարացմանը: Բայց Արևելյան Եվրոպայի երկրների անդամակցության փորձը ԵՄ-ին ցույց է տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում այդ հիմնախնդիրը լուծելի է:

DCFTA-ի տեխնիկատնտեսական հիմնավորումը ցույց է տալիս, որ Վրաստանի դեպքում այն կհանգեցնի արտահանման 13,3%-ով ավելացմանը հետագա հինգ տարիներին[9] (տարեկան միջին հաշվով 2,7%): «ECORYS & CASE» հետազոտության համաձայն՝ ենթադրվում է, որ DCFTA-ն կարող է Վրաստանի արտահանումը ԵՄ շուկաներ ավելացնել 12%-ով, իսկ ներմուծումը` 7,5%-ով: Այդ աճը զգալի աստիճանով կապահովվի ավանդական առևտրային ապրանքատեսակներով (ֆերոձուլվածքներ, հանքային պարարտանյութեր, շինանյութեր, բանջարեղեն, միրգ, գինի և այլն): Ենթադրվում է, որ 55%-ով կաճի տեքստիլ արդյունաբերության արտադրանքը, 4%-ով՝ մրգերի, բանջարեղենի, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը[10]: DCFTA-ն կբարելավի ոչ միայն վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշիվը, այլև արտահանման կառուցվածքը և կնպաստի ՕՈՒՆ-երի աճին: Փորձագիտական գնահատումներով՝ Վրաստան-ԵՄ հարաբերությունները կարող են հանգեցնել ՕՈՒՆ-երի աճի՝ 2008թ. 2.3 մլրդ դոլարից մինչև 11.36 մլրդ՝ 2020թ.[11]:

ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագիրն ընդգրկում է նաև համագործակցության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ էներգետիկան, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը և գյուղական շրջաններ զարգացումը, պետական գնումների և ներդրումային օրենսդրության ներդաշնակեցումը, սպառողների իրավունքների պաշտպանությունը, սոցիալական գործընկերությունը, առողջապահությունը, կրթությունը, մշակույթը, սպորտը, քաղաքացիական հասարակությունը, սահմանային և տարածաշրջանային համագործակցությունը: Չնայած համաձայնագիրը չի ներառում հակամարտությունների կարգավորման հարցերը՝ ԱԳ շրջանակներում ԵՄ-ի հետ ավելի խորը համագործակցությունը կարելի է դիտարկել որպես անվտանգության անուղղակի երաշխիք[12]:

ԵՎՐԱԱՍՈՑԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՅԼԵՐԸ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

Կայուն և մատչելի էներգամատակարարումը կարևոր նախադրյալ է մասնավոր հատվածի մրցունակության և զարգացման համար: Վրաստանն այս ուղղությամբ հսկայական աշխատանք է կատարել: Վերջին 10 տարիներին զգալիորեն բարձրացվել և բարելավվել են էներգետիկ անկախության մակարդակն ու ոլորտում ներդրումային միջավայրը: Եթե նախկինում Վրաստանը համարվում էր զուտ էլեկտրաէներգիա ներմուծող երկիր, ապա ներկայումս վիճակն էապես փոխվել է: ՕՈՒՆ-երի ներգրավմամբ կառուցվել և կառուցվում են տասնյակ հիդրոէլեկտրակայաններ, արդիականացվում է էլեկտրաէներգիայի հաղորդման համակարգը: Կան այլընտրանքային էներգետիկայի (արևի, քամու, երկրաթերմալ) զարգացման բազմաթիվ նախագծեր:

Համաձայն «Global Competitiveness Report 2015-2016»-ի[13]՝ Վրաստանը գրավում է 60-րդ տեղն էներգամատակարարման որակի և 62-րդ տեղը՝ էլեկտրաէներգիայի մատչելիության տեսանկյունից: Ներկայումս Վրաստանը լուծել է ռուսական բնական գազի ներմուծումից ունեցած կախվածության խնդիրը, բայց միակողմանի կախվածության մեջ է հայտնվել ադրբեջանական գազից: Թբիլիսին այդ կախվածությունը փորձում է թուլացնել Իրանից գազի ներմուծման ճանապարհով: Ասոցացման համաձայնագիրը ենթադրում է ինստիտուցիոնալ բարեփոխումներ էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ էներգաարդյունավետության մասով, և ինտեգրում եվրոպական էներգետիկ շուկայի հետ, ինչն զգալիորեն կբարելավի Վրաստանի էներգետիկ համակարգի ցուցանիշները:

Տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքը ժամանակակից աշխարհի դինամիկ զարգացող ճյուղերից մեկն է: Այդ ճյուղի զարգացումը Վրաստանին թույլ կտա լավագույնս օգտագործել իր տարանցումային և առևտրային ներուժը: Ինքնին դա տնտեսական աճի և եկամուտների ավելացման կարևոր աղբյուր է: Ներկայումս Վրաստանը եվրոպական շուկաներ կասպյան ածխաջրածինների և այլ բեռների տեղափոխման կարևոր տարանցիկ օղակ է:

Կառավարությունը քայլեր է կատարում՝ ուղղված տրանսպորտային համակարգի ներուժի զարգացմանը (ճանապարհային, երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքի արդիականացում, օդանավակայանների վերակառուցում, տերմինալների ու լոգիստիկ կենտրոնների կառուցում): Նախատեսվում է մշակել ծովային նոր երթուղիներ (այդ թվում` լաստանավային անցումներ), որպեսզի վրացական տարանցումային միջանցքները միացվեն հիմնական պանեվրոպական տրանսպորտային երթուղիներին: Կառավարությունն աշխատում է նաև հարևան երկրների հետ, որպեսզի միջկառավարական մակարդակում հասնի տարանցումային շարժի աշխուժացմանը: Ասոցացման համաձայնագրի համաձայն՝ վրացական օրենսդրությունն առավել համատեղելի կդառնա եվրոպական նորմերի հետ՝ նպաստելով միջազգային և տարածաշրջանային տրանսպորտային համակարգերում Վրաստանի ինտեգրմանը:

Ներկայումս Վրաստանի կառավարությունն աշխատում է գյուղատնտեսության ենթակառուցվածքի, այդ թվում՝ ոռոգման և դրենաժային համակարգերի կառուցման ու արդիականացման ուղղությամբ: Դրա արդյունքում ֆերմերները կապահովվեն ժամանակակից տեխնոլոգիաներով: Գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման և պահպանման համար ենթակառուցվածքի զարգացումը, այլ միջոցառումների հետ միասին, կնպաստի գյուղատնտեսության արտադրողականության և մրցունակության բարձրացմանը, կավելացնի երկրի արտահանման ներուժը: ԵՄ-ի և Վրաստանի միջև ասոցացման համաձայնագրով ընդունված պարտավորությունների աստիճանաբար իրականացման համար ներկայումս մշակվել են միջազգային և եվրոպական նորմերին համապատասխանող սննդամթերքի անվտանգության, անասնապահական և ֆիտոսանիտարական համակարգեր ու համապատասխան արտահանման ընթացակարգեր:

Միջազգային շուկաներ դուրս գալու նպատակով Վրաստանի կառավարությունը միջոցներ է ձեռնարկում նաև պոտենցիալ առևտրային գործընկերների հետ արտոնյալ առևտրային ռեժիմներ ստեղծելու, տարածաշրջանում գոյություն ունեցող առևտրային կապերն ընդլայնելու և խորացնելու, հարևան երկրների հետ համագործակցությունը զարգացնելու ուղղություններով: Քայլեր են կատարվում ծագման աշխարհագրական հավաստագրումն ընդլայնելու համար, ինչը կնպաստի վրացական բրենդների հետագա զարգացմանը: Վրաստանի համար գերակա խնդիր է ռազմավարական գործընկերության ամերիկավրացական խարտիայի շրջանակներում ԱՄՆ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը և խորացումը: Այս համատեքստում շեշտը դրվում է ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի հնարավոր համաձայնագրի վերաբերյալ բանակցություններ սկսելու վրա:

Ենթադրվում է, որ բոլոր այդ միջոցառումները կհանգեցնեն արտահանման ծավալների ավելացմանը և կառուցվածքի դիֆերենցմանը, մասնավորապես՝ խթաններ կստեղծվեն ավելի մեծ ավելացված արժեքով արտադրանքների արտադրության և արտահանման համար:

2015թ. տվյալներով ԵՄ-ին բաժին է ընկել Վրաստանի արտահանման 29.3%-ը, ներմուծման` 32.6%-ը: 2006թ. այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 16.9% և 25.8%: 2006թ. ԵՄ-ի կշիռը Վրաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմել է 29.2%, իսկ 2015թ.` 31.9%:

Վրացի արտահանողների համար գինու և հանքային ջրի ավանդական ռուսական շուկան գործնականում փակվեց 2006թ.: 2013թ. վերջին Մոսկվան խոշոր վրացի արտադրողների համար վերացրեց վրացական գինիների և հանքային ջրերի արտահանման արգելքը: Այդ ապրանքների արտահանումը կտրուկ ավելացավ մի քանի ամիսների ընթացքում: Սակայն Վրաստանի կողմից ԵՄ-ի հետ DCFTA-ի ստորագրումից հետո Ռուսաստանը վերականգնեց վրացական գինիների և կոնյակների նկատմամբ կիրառվող արգելքը՝ պատճառաբանելով դրանց ցածր հիգիենիկ նորմատիվները:

Ներկայումս Վրաստանի տնտեսական զարգացման համար ԵՄ-ի շուկան ունի որոշիչ ազդեցություն: Վրաստանի արտահանումը ԵՄ-ի երկրներ 2006-2015թթ. աճել է գրեթե երեք անգամ՝ 225.4 մլն դոլարից հասնելով մինչև 646.4 մլն դոլարի: Ավելի քան երկու անգամ աճել է ԵՄ երկրներից Վրաստանի ներմուծումը` 1,118.9 մլն դոլարից մինչև 2,518.8 մլն դոլար: Աճի այսպիսի տեմպերը գերազանցում են նույն ժամանակահատվածում դեպի ԱՊՀ երկրներ Վրաստանի արտահանման և ԱՊՀ երկրներից Վրաստան ներմուծման աճի տեմպերը: Ընդ որում, ԱՊՀ երկրներից Ռուսաստանը չի համարվում Վրաստանի գլխավոր առևտրային գործընկերը: ԱՊՀ երկրներից վերջինիս թիվ 1 գործընկերն Ադրբեջանն է: Ներմուծման մասով Վրաստանի հիմնական գործընկերը ԵՄ-ից հետո Թուրքիան է (տե’ս 1 և 2 աղյուսակները):

Աղյուսակ 1

Վրաստանի արտահանումն ըստ երկրների

(մլն դոլար)

Արտահանում, ընդամենը 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015*
936.4 1,232.1 1,495.3 1,133.6 1,677.5 2,186.7 2,376.2 2,909.5 2,860.7 2,204.3
որից`
ԵՄ երկրներ 225.4 268.5 335.2 237.5    309.6 424.3 352.9 607.1 624.1 646.4
ԱՊՀ երկրներ 391.1 461.9 540.9 416.2    676.7 1,052.5 1,244.4 1,620.7 1,465.2 839.5
որից`
   Հայաստան 73,6 110,8 123,4 88,9 166,8 223,1 258,3 315,4 288,1 180,1
    Ադրբեջան 88,9 137,5 203,9 165,6 256,2 426.0 626,8 710.0 544,5 240,4
Ռուսաստան 75,4 45,3 29,8 21,1 34,7 36,6 46,8 190,4 274,7 162,8
Այլ երկրներ 319,9 501,7 619,3 479,7 691,2 709,9 778,8 681,7 771,4 718,4

*նախնական տվյալներ

Աղբյուրը`National Statistics Office of Georgia, http://geostat.ge/index.php?action=page&p_id=137&lang=eng

Աղյուսակ 2

Վրաստանի ներմուծումն ըստ երկրների

(մլն. դոլար)

Ներմուծում, ընդամենը 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015*
3,674.8 5,212.2 6,301.5 4,500.2 5,257.4 7,038.4 8,036.9 8,011.6 8,593.3 7,728.9
որից`
ԵՄ երկրներ 1,118.9 1,546.3 1,764.3 1,340.9 1,470.6 2,052.5 2,428.6 2,263.7 2,369.7 2,518.8
ԱՊՀ երկրներ 1,398.6 1,849.4 1,998.0 1,298.3 1,587.6 1,923.4 2,047.0 2,173.3 2,124.3 1,965.5
որից`
Ադրբեջան 318.9 382.4 607.4 410.2 484.6 610.7 691.8 652.9 637.6 538.0
Ուկրաինա 320.1 574.9 657.7 421.2 560.9 691.4 587.9 601.4 546.1 455.2
Այլ երկրներ 1,157.3 1,816.5 2,539.2 1,861.0 2,198.9 3,062.5 3,561.3 3,574.6 4,099.3 3,244.6
որից`
    Թուրքիա 522.6 727.9 940.5 787.9 886.7 1,276.5 1,468.8 1,408.9 1,727.4 1,330.8

Աղբյուրը` National Statistics Office of Georgia, http://geostat.ge/index.php?action=page&p_id=137&lang=eng

 

Հատկանշական է, որ 2015թ. տնտեսական տարին Վրաստանն ամփոփեց առավել լավ ցուցանիշներով, քան ԵՏՄ երկրները: Վիճակագրության ազգային ծառայության նախնական տվյալների համաձայն՝ Վրաստանի տնտեսությունում 2015թ. ներդրվել է 1,351 մլրդ դոլար, ինչը 6%-ով ավելին է 2014թ. նախնական տվյալների համեմատությամբ և 23%-ով քիչ՝ վերջնական ցուցանիշից: 2014թ. ներդրումների ճշգրտված տվյալների հրապարակման ժամանակ նախնական և վերջնական տվյալների միջև ֆիքսվեց 500 մլն դոլարի տարբերություն[14]: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ կարելի է ենթադրել, որ 2015թ., ամենայն հավանականությամբ, Վրաստանի տնտեսությունում կատարված ներդրումներն աճել են: Ներդրումների աճ է նկատվել տրանսպորտի և կապի սեկտորում (+27%), գյուղատնտեսությունում (+59%), ֆինանսական սեկտորում (40%) և առողջապահությունում (+80%):

2014թ. ներդրումները Վրաստանի տնտեսությունում կազմել են 1,758 մլրդ դոլար: 2014թ. առաջատարը ներդրող երկրների շարքում Ադրբեջանն է (452 մլն դոլար), ապա Մեծ Բրիտանիան (198 մլն դոլար) և Հոլանդիան (111 մլն դոլար): Այս երեք երկրներին բաժին է ընկնում բոլոր ներդրումների 63%-ը: Ըստ տնտեսության հատվածների՝ առավել մեծ քանակությամբ կապիտալ ներդրումներ բաժին են ընկնում տրանսպորտին և կապին՝ 594 մլն դոլար, ֆինանսական սեկտորին՝ 191 մլն դոլար և շինարարությանը՝ 129 մլն դոլար[15]:

2015թ. Վրաստանի տնտեսական աճը կազմել է 2,8%: Տարվա ընթացքում վերջինս հիմնականում կապված է եղել ներքին սպառման հետ, որը թուլացել է՝ պայմանավորված դրամական փոխանցումների կրճատման և վարկերի սպասարկման բեռի ազդեցությամբ: 2015թ. հաջողությամբ ավարտվել է մի շարք կարևոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը: Այդպիսիք են՝ 110 մՎտ հզորությամբ Դարյալի ՀԷԿ-ի և 230 մՎտ հզորությամբ Գարդաբանիի ջերմային էլեկտրակայանի գործարկումը, Ռուիսի և Սուրամի միջև շրջանցող ճանապարհի կառուցումը, որն էապես կրճատեց Արևելյան և Արևմտյան Վրաստանի միջև ճանապարհի ժամանակը: Վրաստանը Թուրքիայի, Ադրբեջանի և Ղազախստանի հետ Չինաստանի Մետաքսի ճանապարհի շրջանակներում սկսել է իրականացնել համատեղ տրանսպորտային նախագծեր:

ԱՄՓՈՓՈՒՄ

Վերջին տասը տարիների ընթացքում Վրաստանում կատարվել են մեծ ծավալի ներդրումներ, որոնք նպաստել են բարձր տնտեսական աճի տեմպերի ապահովմանն այդ ժամանակահատվածում: Չնայած դրան՝ վրացական տնտեսության մրցունակության բարձրացման և երկարաժամկետ համակողմանի տնտեսական աճի ապահովման համար դեռևս բավարար հիմքեր չեն ստեղծվել: Բացի այդ տնտեսական աճի արդյունքները շոշափելի չեն բնակչության զգալի մասի համար և էական ազդեցություն չեն ունեցել աղքատության և գործազրկության մակարդակների նվազման վրա:

Նշված խնդիրների հաղթահարումը և իր տնտեսական զարգացման հեռանկարները Վրաստանը տեսնում է ԵՄ-ի հետ սերտ քաղաքական և տնտեսական ինտեգրման շրջանակներում: ԵՄ-ի հետ օրենսդրական և կարգավորման համակարգերի ներդաշնակեցումը կարող է էական տնտեսական էֆեկտ ապահովել և հանգեցնել ինչպես ուղղակի արդյունքների՝ առևտրի աճի և դիվերսիֆիկացման, այնպես էլ անուղղակի արդյունքների` մասնավոր հատվածի համար ներդրումային միջավայրի բարելավման: DCFTA-ն վրացական արտադրանքի համար գործնականում բացում է եվրոպական 450 միլիոնանոց բարձր վճարունակ շուկա:

Ներկայումս իրականացվում են վրացական օրենսդրությունը եվրոպական նորմերի հետ ավելի համատեղելի դարձնելու, ինչպես նաև միջազգային և եվրոպական համակարգերի ինտեգրմանն ուղղված ազգային որակի ենթակառուցվածքի մշակման միջոցառումներ: Վերջին տարիներին զգալի ներդրումներ են կատարվել Վրաստանի էներգետիկ, տրանսպորտային և առաջնային այլ ենթակառուցվածքների զարգացման նպատակով, որի արդյունքում բարձրացվել է դրանց գործունեության արդյունավետությունը և երկրի մրցունակությունը: Վրաստանի արտահանումը ԵՄ արդեն աճել է DCFTA ստորագրումից հետ:

Աշոտ Եղիազարյան
Տնտեսագիտության դոկտոր,ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

[1] Doing Business, Georgia, http://www.doingbusiness.org/data/exploreeconomies/georgia

[2] Папава В. “Об особенностях международной экономической функции Грузии”, Центральная Азия и Кавказ, 2002, № 2 (20). с.166-170

[3] National Statistics Office of Georgia, http://geostat.ge/index.php?action=page&p_id=137&lang=eng

[4] NBG: Georgia Has $15 Billion Foreign Debt, http://georgiatoday.ge/news/3457/NBG%3A-Georgia-Has-$15-Billion-Foreign-Debt

[5] Համաձայն Առևտրի համաշխարհային կազմակերպության 2009թ. տվյալների

[6] Kakulia M. The European Neighbourhood Policy Action Plan Implementation in trade and related fields of Georgia, Tbilisi, 2011.

[7] Economic Integration with the European Union Prospects and Opportunities. International Conference, 26-28 March 2014 Exhibition and Convention Centre – ExpoGeorgia Tbilisi, Georgia. Concept

[8] Boris Chistruga, Dorina Harcenco, Peculiarities of the Republic of Moldova trade policy within the negotiation of the association agreement with the EU, The EU as a model of soft power in the Eastern neighbourhood, Eurint, Conference Proceedings, 15-17 May 2013, p.359

[9] CASE/Global Insight, Economic Feasibility, General Economic Impact and Implications of a Free Trade Agreement between the European Union and Georgia, Final Report, May 8, 2008, http://trade.ec.europa.eu/doclib/docs/2008/october/tradoc_141169.pdf

[10] Ketevani Krialashvili, Economy and Trade: Georgia – EU Relationship, 8 October 2014, http://www.eastbook.eu/en/blog/2014/10/08/economy-and-trade-georgia-eu-relationship/

[11] Maria Maliszewska(ed.) “EconomicFeasibility. General Economic Impact and implication of a freeTrade Agreement Between the European Union and Georgia”. CASE Network Report No. 79(2008), p. 143

[12] Khidasheli T., The European Path of Georgia, Warsaw, 2010 pp.-10-12

[13] The Global Competitiveness Report 2015–2016

http://www.pemudah.gov.my/documents/10124/178798/Global_Competitiveness_Report_2015_2016.pdf

[14] http://bizzone.info/government/2016/1457657446.php

[15] http://bizzone.info/government/2016/1457661871.php

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս