Սա պատահական չէ. Նիկոլն ադրբեջանցիներին լցնելու է Հայաստան և պաշտպանելու է նրանց. Գագիկ Համբարյան
Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն այն կարծիքին է, որ գործող իշխանությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջ են տանում այն թեզերը, որոնք առաջ է տանում Թուրքիան:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նկատեց, որ եթե Փաշինյանը չի էլ ժխտում, որ տեղի է ունեցել ցեղասպանություն, ապա դրա մեջ փորձում է մեղադրել Ռուսաստանին:
«Առաջին պետությունը, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Ուրուգվայն է. հիմա Նիկոլը թող բացատրի, թե Ուրուգվայն ի՞նչ շահեր ուներ, որ առաջինն ընդունեց Հայոց ցեղասպանության իրողությունը: Փաշինյանը վերջին անձն էր, որ այս խոսույթն առաջ բերեց, թե դեռ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել, բայց առաջին անգամ Հայոց ցեղասպանության վերաբերյալ կասկած է արտահայտել հանրաճանաչ Հրեշ Անդո մականունով Անդրանիկ Քոչարյանը»,- նկատեց նա:
Գագիկ Համբարյանը հիշեցրեց իր նախկինում արած հայտարարությունները, որ Հայաստանի և Թուրքիայի միջև եղած սահմանն իրականում ռուս-թուրքական սահման է. «Թուրքիան անընդհատ դժգոհություններ է հայտնում, որ այդ սահմանը պետք է Ախուրյան գետով անցնի, քանի որ սահմանի մի մասն անցնում է ոչ Ախուրյան գետով, և այնտեղ կան տարածքներ, որոնք ևս Թուրքիան փորձում է իր ձեռքը վերցնել: Պատահական չէ նաև, որ երկար տարիներ Թուրքիան մեղադրում էր Հայաստանին՝ Քրդական բանվորական կուսակցության ներկայացուցիչներին ապաստան տալու և այստեղ բազաներ ստեղծելու համար: Ինչպես ինքը Սիրիայի վրա հարձակվեց և օկուպացրեց Սիրիայի Հյուսիսը, իսկ հիմա իր մարիոնետներին է բերել իշխանության, ինչպես անում է Իրաքի պարագայում, մտնում է այդ երկրների տարածքներ և սկսում ռազմական գործողություններ: Ո՞վ է մեզ երաշխավորել, որ եթե ռուս սահմանապահները չգտնվեն փաստորեն ռուս-թուրքական սահմանին, որը ոչ լեգիտիմ է, Թուրքիան չի հարձակվելու, ասենք, Հայաստանի վրա, չի ասելու, որ օրինակ՝ Ապարանի մոտ քրդերը բազա ունեն: Մեզ ոչ ոք չի երաշխավորել և չի էլ կարող երաշխավորել»:
Հարցին՝ այսինքն՝ լուրջ վտանգ կա, որ Թուրքիան կարող է հարձակվել Հայաստանի վրա՞, նա պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ չպետք է հարձակվի: Եթե Թուրքիան տեսնում է, որ հայերն ինքնակամ հրաժարվում են Արցախից, որ հայերի մեծ մասը փոխանակ այս ողբերգությունները փորձի վերլուծել, զբաղված է նախկին-ներկա կռվով, իսկ ինչո՞ւ պետք է չմտածեն՝ գրավենք Հայաստանը, մեկ է, ժող ջանն ի՞նչ է որ, ինչ-որ մի ամորֆ, անհայրենիք, պատմական ամնեզիայով տառապով մի զանգված է, որին տան մեջ թուրքերը կմորթեն, իրենք կասեն՝ ամեն ինչում Քոչարյանն ու Սերժն էին մեղավոր: Դուք մտածում եք՝ հիմա պատահակա՞ն են ԱՄՆ Պետդեպի իբր գաղտնի փաստաթղթերն ի հայտ գալիս, որ Քոչարյանը բանակցել է: Մի անգամ Նիկոլին հաջողվեց իր դավաճանությունը գցել նախկինների գրպանը, հիմա պատրաստվում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» նվիրել թուրքերին, փորձում է դրա համար կոնկրետ Ռոբերտ Քոչարյանին մեղադրել, թե՝ տեսեք, նա բանակցել է: Տարրական գիտելիք ունեցող մարդը հասկանում է, որ բանակցությունները, որոնք ավարտվում են առանց փաստաթղթի ստորագրման, առոչինչ են: Սրանք Արցախը տալիս են թուրքերին, 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում չորսով ստորագրում են, որ Արցախն Ադրբեջանի մաս է, «ժող ջանն» ասում է՝ ամեն ինչում նախկիններն ու ռուսն են մեղավոր: Եթե Նիկոլը տեսնում է, որ այս մասսայի հետ գործ ունի, հիմա «Զանգեզուրի միջանցք» կոչվածը տալու է և գցելու է Քոչարյանի գրպանը»:
Անդրադառնալով գրառման պատճառով գիտնական Ղարիբ Բաբայանի նկատմամբ իշխանությունների իրականացրած հետապնդումներին, նա նշեց, որ դա սովորական դեպք չէ. «Ղարիբ Բաբայանը տեղադրել էր տեսանյութ, որում ազգությամբ ադրբեջանցի Իրանի քաղաքացիները «Ղարաբաղը վերադարձել է Ադրբեջանին» երգն են երգում ադրբեջաներեն լեզվով՝ Երևանի Հանրապետության հրապարակում: Եվ նրան ձերբակալում են՝ մեղադրելով ատելություն հրահրելու մեջ: Սա նշանակում է, որ ՀՀ-ն ոչ միայն հրաժարվում է Ցեղասպանությունից և պահանջատիրությունից, այլ նաև նախապատրաստվում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների, որոնց այս մեթոդով պաշտպանելու է: Այդ ադրբեջանցիները Հայաստանում անելու են այն ամենը, ինչ ցանկանան, և Նիկոլն ու իր մենթապետությունը գործելու են հօգուտ ադրբեջանցիների, որոնց Նիկոլը լցնելու է Հայաստանում՝ որպես պաշտոնական Բաքվի պահանջներից մեկը: Սա պատահական չէ, Ղարիբ Բաբայանի դեպքը սովորական դեպք չէ, որ օրինակ՝ Նիկոլին քննադատի, մեղադրեն Նիկոլին վիրավորելու մեջ, սա լրիվ այլ է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում