Հարց բժշկին. էնդոսկոպիկ հետազոտությունը հնարավորություն է տալիս ճշգրիտ ախտորոշել և թիրախային բուժում իրականացնել

Էնդոսկոպիկ հետազոտական մեթոդներն օգտագործվում են ինչպես ճշգրիտ ախտորոշման, այնպես էլ տարբեր հիվանդությունների թիրախային բուժման համար։ Ժամանակակից էնդոսկոպիան հատուկ դեր է խաղում բազմաթիվ հիվանդությունների վաղ փուլերի ճանաչման գործում:

Վերին էնդոսկոպիկ հետազոտությունն իրենից ներկայացնում է էտապային վիզուալիզացիայի հնարավորություն ստեղծող հետազոտություն՝ բերանի խոռոչից մինչև տասներկումատնյա աղիքի հատվածը: Երեխաների մոտ իրականացվող էնդոսկոպիկ հետազոտությունների կարևորության և ցուցումների շուրջ  «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության ղեկավար, Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս Օլգա Ասատրյանի հետ:

Ըստ մասնագետի՝ երեխաների պարագայում էնդոսկոպիա պետք է իրականացնել մանկաբույժի կամ նեղ մասնագետի ցուցումով՝ որոշակի պրոցեսներից ու գանգատներից ելնելով: Դրանք են` էպիգաստրալ շրջանի երկարատև ցավերը, կրկնվող բնույթի փսխումները, սննդից հրաժարվելը, քաշի անբացատրելի կորուստը, կլման ակտի դժվարությունները և այլն:

«Որպես նեղ մասնագետ նշեմ, որ ստամոքսի էտապային վիզուալիզացիան կարևոր է, քանի որ դա միակ հետազոտությունն է, որը ցույց է տալիս ներխոռոչային վիճակը ստամոքսում, տասներկումատնյա աղիքում և ստամոքսաղիքային տրակտի մյուս օրգաններում: Ինչպես նաև կարևոր է էնդոսկոպիայի ընթացքում բիոպսիայի իրականացումը, որն օգնում է ճշգրիտ պատկեր ստանալ և թիրախային բուժում իրականացնել»,-նշեց մասնագետը:

Տեսանյութեր

Լրահոս