Բաժիններ՝

Հայտնի են ​​«Գրեմմի» 67-րդ մրցանակաբաշխության հաղթողները

Լոս Անջելեսում կայացած ​​«Գրեմմի» 67-րդ երաժշտական մրցանակաբաշխության ընթացքում շոու բիզնեսի գերաստղ Բեյոնսեն արժանացել է գլխավոր մրցանակին՝ իր կարիերայի ընթացքում առաջին անգամ ստանալով տարվա ալբոմ մրցանակը՝ «Cowboy Carter» ալբոմի համար: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Այս անվանակարգում մրցանակի համար Բեյոնսեի հետ պայքարում էին նաև Թեյլոր Սվիֆթը և Բիլի Այլիշը։

«Տարվա երգ» անվանակարգում «Գրեմմի» մրցանակի է արժանացել ռեփեր Քենդրիկ Լամարը։ Նրա «Not Like Us» ստեղծագործությունը հաղթել է 5 անվանակարգերում՝ «Տարվա ձայնագրություն», «Տարվա երգ», «Տարվա ռեփ կատարում», «Լավագույն ռեփ երգ» և «Լավագույն երաժշտական տեսահոլովակ»:

«Pink Pony Club»-ի կատարող Չափել Ռոնը ճանաչվել է լավագույն նոր արտիստ և բեմում իր ժամանակն օգտագործել է՝ ձայնագրման ընկերություններին կոչ անելով երաժիշտներին վճարել աշխատավարձ՝ առողջապահական ծառայությունների ներառմամբ: Սաբրինա Քարփենթերն արժանացել է «Լավագույն փոփ ալբոմ» մրցանակին «Short n’ Sweet» երգով, ինչպես նաև արժանացել է «Լավագույն փոփ սոլո կատարում» մրցանակին «Espresso» երգի համար:

Հատկանշական է, որ երկրպագուների մեծ բանակով բազմաթիվ մրցանակների ֆավորիտ, միաժամանակ վեց մրցանակի առաջադրված Թեյլոր Սվիֆթը մրցանակաբաշխությունից հեռացել է դատարկաձեռն։ ​​«Գրեմմի»-ի հաղթողներին ընտրում են 13000 երգիչներ, երգահաններ, պրոդյուսերներ, ինժեներներ և Ձայնագրման ակադեմիայի այլ անդամներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս