«Ամոթ ունենք մեր հերոսների առաջ. կորցրեցինք այն, ինչ նրանք արյան գնով մեզ նվիրել են». «Արևի մարդիկ»-ը՝ Պարոնյան թատրոնի բեմում
Օրերս Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում տեղի ունեցավ ռեժիսոր Ռուզան Խաչատրյանի «Արևի մարդիկ» ներկայացման առաջնախաղը։ Ներկայացումը կարոտի, անկեղծության, մտերմության ու անվերջ սիրո մասին է, սեր, որը մարդուն անմնացորդ կապում է սիրելի գյուղին ու հողին։
«Արևի մարդիկ» ապրում են Արցախի հեռավոր ու գողտրիկ մի գյուղում, որտեղ արևը շատ մոտ է ծագում, այնքան մոտ, որ թվում է՝ այն արթնանում ու քնում է մարդկանց ներսում։ Այդ գյուղում, կողք կողքի բնակվում են ցավը, կորուստը, կամակորությունն ու միամտությունը։ Բայց նույն պահին այդ վայրում արթնանում են անկեղծ հումորը, ապրելու ու արարելու անսպառ կամքը։ Այս գյուղի ներսում թաքնված է Արցախի դիմագիծը՝ իր հմայքով, ճակատագրով ու անսպառ հավատով։
Ներկայացումից հետո ռեժիսոր Ռուզաննա Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձավ ներկայացման ստեղծման պատմությանն ու գլխավոր ուղերձին։
Նա դժվարացավ ասել, թե մեր ժամանակներում որքանով է արդիական անկեղծությունն ու բարությունը՝ ընդգծելով՝ ցավոք, մի քիչ ավելի հազվադեպ երևույթ է դարձել անկեղծությունը:
«Կոնկրետ իմ՝ որպես ռեժիսորի, ամենագլխավոր նպատակը բեմից հենց այդ անկեղծությունը փոխանցելն էր:
Այս ներկայացումը բեմադրվել է Հերմինե Ավագյանի պատմվածքների ժողովածուի հիման վրա, այն, կոչվում է «Վազում եմ, սպասիր»։ Երբ սցենարը պատրաստեցինք, և վերնագիր էի մտածում, նրա հետ քննարկեցինք ու հասկացանք, որ «Արևի մարդիկ»-ը ամենաճիշտ տարբերակն է՝ արևը հավերժության, ջերմության, լույսի, նաև հույսի խորհրդանիշ է: Իսկ այդ մարդիկ, ովքեր ապրել են Արցախում՝ իրենց հայրենիքում, արևին շատ մոտ են, որովհետև այդ արևը հենց այդ մարդկանց մեջ է, արևով կարողանում են ապրել ու ապրեցնել: Հիմնական գաղափարը հենց սա է։
Այս գործը գրվել է մինչև 44 օրյա պատերազմը, իր հիմքում չունի եղած ցավոտ ու կնճռոտ դեպքերի արտացոլումը: Ես էլ միտումնավոր չեմ փորձել այդ դեպքերին անդրադառնալ: Այս անգամ ուզում էի մի ուրիշ Արցախի մասին խոսել: Այն Արցախի, որի մասին ավելի քիչ են խոսում: Այն Արցախի, որտեղ ապրում են ամենահասարակ մարդիկ, ամենատարբեր բնավորություններով, խնդիրներով, առավելություններով: Ցանկացել եմ, որ Հայաստանում ապրող իմ հայրենակիցները տեսնեն, որ Արցախում ապրող մարդը ոչնչով չի տարբերվում Արտաշատում, Տավուշում, Շիրակում ապրող մարդուց»,- նշեց Ռուզաննա Խաչատրյանը։
Նա մի ցավոտ երևույթ է նկատել արցախահայերի առնչությամբ, քանի որ նրանց նկատմամբ կա երկու ծայրահեղ մոտեցում՝ նրանց կա՛մ սրբացնում են, կա՛մ շատ սևացնում:
«Արցախցին սովորական, հասարակ մարդ է՝ բոլորի նման: Ցանկացել եմ, որ այստեղ ապրող մեր հայրենակիցը բեմում տեսնի մեկին, ով շատ նման է իրեն: Եվ այդ ընտանիքը, որ հետ է գալիս ներկայացման վերջում, խորհուրդ ունի, որ հողն ապրելու համար է, և եթե ապրում ես, ուրեմն՝ այն կա»,- ասաց Ռ. Խաչատրյանը։
Ռեժիսորը ոչ վաղ անցյալում աշխատել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ Սակայն Պարոնյան թատրոնի բեմը նրա համար օտար չէ, քանի որ ուսումնական տարիներն անցել են Պարոնյանում, թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանի մոտ։
«Մեր փորձերը, իմ ուսանողական կյանքի ամբողջ ժամանակն անցել է Պարոնյան թատրոնում: Այնպես որ, ինձ շատ հարազատ է Պարոնյան թատրոնը: Շատ ջերմ ու լավ ինձ ընդունեցին, այստեղ արդեն երրորդ բեմադրությունն եմ անում: Բայց այս մեկը մի քիչ ուրիշ էր, գոնե ինձ համար շատ պատասխանատու գործ էր: Շնորհակալ եմ թատրոնի ղեկավարությանը, անձնակազմին, դերասաններին, որ միասին կարողացանք այդ «մունք»-ի գաղափարն առաջին պլան բերել: Ինչպես գիտեք, ներկայացման հեղինակն Արցախից է, ես և երկու դերասան նույնպես Արցախից ենք, այսպես արցախյան ու երևանյան հետաքրքիր համագործակցություն ստացվեց»,- ընդգծեց ռեժիսորը։
Ներկայացման ընթացքում դերասանները պատմում են նաև Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հետ կապված իրական պատմություն, և հերոսի մեծ լուսանկարը հայտնվում է բեմում, այս ամենը պատահական չէ, քանի որ ռեժիսորի կարծիքով՝ մեր հերոսների նկատմամբ պարտք ունենալուց զատ, կա ամոթ։
«Ամոթ ունենք մեր հերոսների առաջ. կորցրեցինք այն, ինչ որ նրանք արյան գնով մեզ նվիրել են՝ հայրենիքում արժանապատիվ ապրելու հնարավորություն: Նաև պարտք ունենք նրանց առաջ, սրանք պաթետիկ խոսքեր չեն: Կոնկրետ ես իմ պարտքն եմ համարում հնարավոր և անհնարին բոլոր ձևերով, թեկուզ այս պայմաններում, որ այսօր, չգիտեմ՝ ինչու, բայց արհեստականորեն կոնկրետ Մոնթեի անձի հետ կապված խնդիր է դարձել սոցցանցերում անդրադառնալը, ես ուզեցի անպայման հենց այդ պատմվածքը, հենց այդ հատվածը տեղ գտներ ներկայացման մեջ և լիներ Մոնթեն՝ իր հավերժությամբ: Ի վերջո, ինչքան էլ փորձեն արգելել, Մոնթեն ապրելու է: Ավելին՝ ինչքան արգելում են, Մոնթե անունով ավելի շատ են այսօր հայ ծնողներն անվանակոչում իրենց երեխաներին: Մոնթեն վերածնվում է ամեն անգամ նորից ու նորից»,- ընդգծեց Ռուզաննա Խաչատրյանը։
Ներկայացման ավարտին հանդիսատեսը չհեռացավ թատրոնից, բուռն ծափահարություններից հետո նրանք գնացին կուլիսներ, որպեսզի անձամբ շնորհակալություն հայտնեն նման բովանդակությամբ ներկայացման համար, որի անհրաժշտությունը շատ կա։