ՀՀԿ-ի ռեսուրսը կհերիքի Փաշինյանի դեմ կատաղի ճնշումը շարունակելու համար, բայց նրան հեռացնել միայնակ չենք կարող. Հայկ Մամիջանյան
Հայոց ցեղասպանության ժխտման հարցը, իսկ իմ ընկալմամբ, Փաշինյանի՝ Շվեյցարիայում արած հայտարարությունները հենց ժխտման մասին էին, այժմ օրակարգ է բերվել բազմաթիվ վտանգավոր հարցերից հայ ժողովրդի ուշադրությունը շեղելու համար. օրինակ` փորձում են ուշադրություն շեղել սահմանագծման և սահմանազատման այն գործընթացից, որը պատրաստվում են իրականացնել Տավուշի մարզում:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Նիկոլ Փաշինյանի կողմից Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ հնչեցված գնահատականների մասին, նման տեսակետ հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Ջերմուկի հատվածից սահմանագծում չարեցին, հանձնեցին 4 գյուղ, հիմա, պարզվում է, երկրորդ անգամ են գործընթացն անում և դարձյալ՝ ոչ Ջերմուկից։ Ու այստեղ հարց է առաջանում՝ լավ, բա Հայաստա՞նն ինչ է առաջարկում այդ բանակցությունների ժամանակ, ի՞նչ է ստանում։ Ադրբեջանի բոլոր պահանջներն այս կամ այն կերպ կատարում են։ Գիտեք՝ Փաշինյանը մշակած տեխնիկա ունի՝ սկզբում նախ ասում է՝ գժվե՞լ եք, ինչպե՞ս կարող եմ նման բան անել, բայց հետո անում է. այդպես է նույն Սահմանադրության փոփոխության և Մինսկի խմբի լուծարման ադրբեջանական պահանջների բավարարման դեպքում»,- նկատեց նա։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ ակնհայտ է, որ Փաշինյանը՝ որպես Հայաստանի ղեկավար, ձեռնտու է աշխարհի բոլոր կենտրոններին, բոլորին, բացի հայ ժողովրդից, ուստի աներկբա է նաև, որ նրան մինչև հիմա հաջողվում է մնալ ՀՀ վարչապետի աթոռին, որովհետև ընդդիմությունն իր գործը վատ է անում, կամ, եթե ավելի խիստ՝ շատ վատ։
«Ասվածը ոչ թե արդարացում է, այլ արձանագրում։ Այո՛, արել ենք և անելու ենք ամեն ինչ, որ Հայաստանի վարչապետի աթոռին նստած չմնա Նիկոլ Փաշինյանը։ Հիմա պարտավոր ենք անել ամեն ինչ՝ մինչև մեր նպատակին չհասնենք»,- ասաց Մամիջանյանը՝ ընդգծելով՝ նպատակին չհասնելու պատճառը ևս ընդդիմության խնդիրն է, և որևէ արդարացում այս հարցում ընդունելի չէ։
«Հանրապետականն անելու է ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է. ՀՀԿ-ն միայնակ չէ, բայց, երբ բոլոր քաղաքական միավորները Փաշինյանին հեռացնելու հարցը դարձեն իրենց թիվ մեկ օրակարգային հարցը, նրան հեռացնելը հնարավոր կլինի։ Հակառակ դեպքում, որոշ ընդդիմադիր կոչվածներ իրենց էներգիան ծախսում են ոչ թե իշխանությանը, այլ ընդդիմությանը քննադատելու ուղղությամբ։
Իմ կարծիքով՝ առանց փողոցային պայքարի և հասարակության լայն կոնսոլիդացիայի, Փաշինյանի հեռացում պատկերացնելու չէ,- ասաց Հայկ Մամիջանյանը՝ ընդդիմափոխություն պահանջող ընդդիմադիրներին առաջարկելով,- Եթե ունեք լուծումներ, ասեք դրանք, կամ ինքներդ արեք, մենք՝ որպես շարքային, կօգնենք, եթե ասեք՝ մի՛ օգնեք, չենք էլ օգնի։ Այս խայտառակության և խարանի պատասխանատվությունը մենք պատրաստ ենք կրել, ՀՀԿ-ի ռեսուրսը կհերիքի Փաշինյանի կատաղի ճնշումը շարունակելու համար, բայց նրան հեռացնել միայնակ չենք կարող։ Ցավոք»։
Նա նաև հավելեց. «Փողոցային պայքարը պետք է բերի ոչ թե արտահերթ ընտրության, այլ՝ Փաշինյանի հեռացման՝ իմփիչմենտով։ Արտահերթ ընտրության ճանապարհով ևս մեկ անգամ գնալ չի կարելի. ավելին, չեմ տեսնում դրա հավանականությունը»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։