«Փայտը վերցրել՝ մտել են մեղվի փեթակի մեջ ու խառնում են. Եթե նման քայլի գնան, դա կլինի ինքնասպանություն». Աշոտ Հարությունյան

Թուրքիայի Մեջլիսի նախկին պատգամավոր Կարո Փայլանն օրերս Factor.TV-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել էր, որ եթե Ռուսաստանը պատժամիջոցներ կիրառի Հայաստանի դեմ, ապա Թուրքիան կարող է Հայաստանին ցորեն վաճառել։

Եթե Թուրքիան Հայաստանին ցորեն վաճառի, ո՞րն է լինելու դրա գինը։

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը խոսելով այս հարցի շուրջ, նախ ասաց՝ ո՞վ է այդ մարդը, որ որոշի, թե որ երկիրն ում ցորեն վաճառի։

Կարդացեք նաև

«Ինքս այդ մարդուն չեմ ճանաչում, բայց այս պետական քաղաքականության, եռացող կաթսայի մեջ իր ասելիքը որևէ ազդեցություն չի կարող ունենալ։

Պատկերացնո՞ւմ եք, որ այսօր Ռուսաստանի Դաշնությունն ինչ քաղաքականություն է տանում, նրա նկատմամբ ինչ սահմանափակումներ կան, ու ինքը որտեղ ինչ սահմանափակումներ է դրել, ու այսօր աշխարհը ցորենի լուրջ խնդիրներ ունի։

Ասեմ, որ ՌԴ ցորենը Թուրքիան ինքն էր վերավաճառում, իրացնում։ Իմ ունեցած վերջին տվյակներով, Թուրքիան ցորենի արտադրության ցուցանիշներով լավագույն տասնյակում չէ, լավագույն տասնյակում էր, բայց հիմա հետ է գնացել 12 կամ 13-րդ հորիզոնական։

Լավ, գոնե գիտե՞ն՝ Թուրքիայում ինչ սորտեր են արտադրվում, դրանց որակը, արդյո՞ք մենք սովոր ենք այդ թուրքական ցորենի հացի համին, սպեցիֆիկություն կարող է լինել։ Սա էլ մի կողմ, բայց այսօր աշխարհում ամենաէժան ցորենը գրեթե արտադրվում է  Ռուսաստանում և հացաթխման որակով ավելի բարձր է։ Ռուսաստանից Հայաստան ներկրված ցորենի որակը շատ բարձր է, ավելին՝ այսօր «կանաչ լույս» է, արտոնյալ պայման է ԵԱՏՄ-ից եկող ցորենը հիմնականում Ռուսաստանից»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Հարությունյանը։

Նրա դիտարկմամբ՝ երբ ասում են, որ Թուրքիայից Հայաստանը կարող է ցորեն գնել, դա տնտեսական կարճատեսություն է կամ հավկուրություն։ Ավելին, երբ նման հայտարարություն են անում, հետաքրքրվո՞ւմ են՝ Թուրքիան ատոմային էներգետիկայի համար լիցքավորում ապահովելո՞ւ է կամ այլ անվտանգություն, նման բան չի լինելու։

«Եթե նման քայլի գնան, դա կլինի ինքնասպանություն, այսօր պարենային անվտանգային խնդիրները գաղտնի բան չեն։ Եթե Հայաստանը փորձի ԵԱՏՄ-ից ոտքը դուրս դնի, այս ժողովուրդը կարող է մեկ բուռ հող լցնի բերանը։

Թուրքիան Հայաստանում իր շահերը պաշտպանող ունի բարձր օղակներում, ունի իր գործակալներին, որոնց մի մասին ճանաչում ենք, մյուս մասին՝ ոչ։ Հիմա ինչ պետք լինի Թուրքիային, այստեղ ուղիղ ձևով ասում են։

Մշտապես բաց են թողնում բացասական տեղեկատվություն, գուցե երեկոյան էլ այլ զավեշտալի բան լինի։ Փայտը վերցրել՝ մտել են մեղվի փեթակի մեջ ու խառնում են, հիմա մեղուներն անճար դուրս են գալու ու իրենց գործողություններն անեն»,- ընդգծեց Աշոտ Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս