«ԼՂՀ կողմից վերահսկվող տարածքներից թեկուզ մեկի հանձնումը չի կարող որևէ դրական ազդեցություն ունենալ». Գառնիկ Իսագուլյան

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարությունը քննարկելու է մայիսի 5-ի նիստում: Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն օրենքի նախագծի վերաբերյալ ասել էր, թե Կառավարության օրակարգում ներառված է համաձայնություն տալը ոչ թե օրենքի նախագծին, այլ Կառավարության եզրակացությանը. «Իսկ համաձայն եզրակացության՝ ճանաչումը պայմանավորվում է իրավիճակի հետագա զարգացումներով: Եթե Ադրբեջանը ծավալի նոր ռազմական ագրեսիա, Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը կմտնի օրակարգ»:

ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանից 168.am-ը փորձեց պարզել, թե ի՞նչ կարծիք ունի օրենքի նախագծի վերաբերյալ, և առհասարակ, ի՞նչ կտա հայկական կողմին այս օրենքի ընդունումը: Մեր զրուցակիցը հիշեցրեց 2009 հուլիսի 4-ին «168 Ժամում» տպագրված իր հարցազրույցը  և ասաց, որ հիմա էլ է այն ակտուալ, ոչինչ չի փոխվել: Հարցազրույցում, պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ Հայաստանը մինչ օրս չի ճանաչել ԼՂՀ անկախությունը, նա, մասնավորապես, ասել էր, որ էթնոքաղաքական հակամարտությունների ծագման, իրադարձությունների ծավալման, ռազմական փուլի զարգացման և քաղաքական կարգավորման փուլին անցնելու միջազգային փորձը ցույց է տվել, որ ինքնավարություն հռչակած որևէ տարածքի ճանաչումը բացարձակ երաշխիք չի հանդիսանում տվյալ հակամարտության դրական լուծման համար: Ապա բերել էր մի շարք օրինակներ:

«…Հայաստանը մինչ օրս չի ճանաչել ԼՂՀ անկախությունը, քանի որ գտնում է, որ դրանով կարգավորման գործընթացն արդյունավետ շարունակություն չի ստանա, այլ հակառակը, կընդունի առճակատման բնույթ: Հայաստանի համար ԼՂՀ-ն փաստացի անկախ պետություն է, պետություն դե ֆակտո անկախությամբ, որի լիարժեք դրսևորմամբ ինքնավարությունը (դե ֆակտո և դե յուրե) և լայն միջազգային ճանաչման ուղի դուրս գալը հնարավոր են, եթե Ադրբեջանը համարժեքորեն գնահատի վաղուց կայացած իրողությունը և ճանաչի ԼՂՀ անկախությունը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկայիս փուլում հանդես գալով հայկական կողմի շահերի արտահայտիչ՝ Հայաստանն առանձնահատուկ պատասխանատվություն է կրում տվյալ գործընթացի արդյունավետության համար, քանի որ այդ հարցում նա ներկայացնում է նաև ԼՂՀ շահերը: Միայն ԼՂՀ ժողովրդի, որին պատկանում է իշխանությունը, կամքից է կախված ինքնորոշման ուղու հետագա ընտրությունը: Հայաստանը ԼՂՀ-ի փոխարեն չի որոշում այնպիսի հարց, ինչպես ինքնորոշման ուղու ընտրությունը, այլ միայն օգնում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընդհանուր գործընթացն առաջընթացի շրջանակներում պահպանելուն, քանի որ միայն այդ պայմաններում կարող է ձեռք բերվել անհրաժեշտ քաղաքական փոխզիջումը՝ հակամարտության բոլոր կողմերի մասնակցությամբ»,- ասել էր նա:

168.am-ի հարցին՝ այնուամենայնիվ, ինչո՞ւ կառավարությունը որոշեց նման օրենքի նախագիծ քննարկել, Գ. Իսագուլյանը պատասխանեց. «Հայաստանը որոշակի քաղաքական ակտիվություն է դրսևորում և հարցը բերում է օրակարգ: Բայց օրակարգ բերելը դեռևս չի նշանակում, որ ճանաչման հարցը հենց վաղը որոշելու են: Սա որոշակի քաղաքական ճնշում է, և Հայաստանն իր դիվանագիտական-քաղաքական քայլն օգտագործում է: Բայց եթե մնում է նրան, որ ուղղակի վաղը գնալ ճանաչել, նման բան, չեմ կարծում, որ լինի: Դա քաղաքական, դիվանագիտական քայլ է, որը պետք է կիրառել»:

Կարդացեք նաև

Մեր զրուցակցի խոսքով՝ ստատուս-քվոյի պահպանումը միակ ճիշտ տարբերակն է, քանի որ ԼՂՀ-ի կողմից վերահսկվող տարածքներից թեկուզ մեկի հանձնումը չի կարող որևէ դրական ազդեցություն ունենալ. «Այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա՝ ԼՂՀ-ն, ներկայիս իր տարածքով, տարածաշրջանում ոչ թե անվտանգություն սպառող է, այլ անվտանգություն արտադրող: Սա նշանակում է, որ ԼՂՀ ՊԲ-ն կարողանում է ապահովել իր անվտանգությունը, և որևէ արտաքին ուժի անհրաժեշտություն ԼՂՀ-ում չկա: Ստատուս-քվոյի ցանկացած փոփոխություն հանգեցնելու է նրան, որ այդ բալանսը փոխվելու է, և ադրբեջանական կողմը ստանալու է առավելություն հայկական կողմի նկատմամբ»:

Նրա խոսքով՝ ԼՂՀ-ում լայնածավալ պատերազմի դեպքում բոլոր մեծ խաղացողները տարածաշրջանում մեծ ցանկություն կունենան շփման գծում զորքերի տեղակայման, որպեսզի ամբողջ գործընթացի վերահսկողությունը վերցնեն իրենց ղեկավարման տակ ու կողմերին թելադրեն իրենց կամքը. «Ներկա պարագայում բոլորը զրկված են այդ հնարավորությունից: ԼՂՀ-ն անվտանգության արտադրող է և տարածաշրջանում կայունություն ապահովող սուբյեկտ, ինչո՞ւ ենք ուզում նրան վերածել անվտանգություն սպառողի և տարածաշրջանում միշտ անկայունություն ապահովող օբյեկտի: Դա տրամաբանական չէ, ու այսօրվա իրավիճակի պահպանումն է ճիշտ, որի հետ արդեն համակերպվել են թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը, և ԼՂՀ-ն էլ այդ տարածքում դե ֆակտո ու դե յուրե կայացած պետություն է՝ իր բոլոր պետական ինստիտուտներով ու խորհրդանիշերով: Հիմա ուղղակի մեր ներքին քաղաքական, սոցիալական, տնտեսական վիճակը հանգեցրել է նրան, որ Ադրբեջանի ախորժակը մեծացել է, մտածում է, որ ինքն իր ռազմական բյուջեով, որը հավասար է Հայաստանի այսօրվա ամբողջ բյուջեին, կարող է սկսել մարտական գործողություններ ու հասնել հաջողության, բայց սա թյուր կարծիք է, Ադրբեջանը նման հնարավորություններ չունի»:

Տեսանյութեր

Լրահոս