Մի գործարարի համառոտ պատմություն
Մեր խորհրդարանում աննախադեպ քվեարկություն եղավ: ՀՀ կառավարությունն օրենքի նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկում էր ներել «Հրազդան ցեմենտ» գործարանի հարկային պարտավորություններն ու տույժ-տուգանքները: Նախագծի քվեարկությունը տապալվեց: Խորհրդարանական մեծամասնության ներսում հավանաբար միասնական կարծիք չկա: Խոսքը գնում էր 935 մլն դրամ բյուջետային պարտավորությունների դիմաց մոտ 510 մլն դրամ տույժերի մասին: Ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտեցին քվեարկությունը, որ տապալվեց՝ 53 կողմ և 1 դեմ ձայն հավաքելով:
«Հրազդան ցեմենտը» մի քանի տարի գործում էր «Միկա ցեմենտ» անվան տակ: Այն գործարար Միխայիլ Բաղդասարովի տնտեսության ամենահյութեղ մասնաբաժիններից էր: Բայց հենց «Միկա ցեմենտում» սկսված գործընթացներից պարզ դարձավ, որ սկսվել է գործարարի տնտեսական կայսրության «մայրամուտը»:
2013թ. մամուլում հրապարակումներ հայտնվեցին, որ գործարանն աշխատավարձերի գծով հսկայական պարտքեր է կուտակել: Հասարակական սկանդալը մեղմելու նպատակով Բաղդասարովը հեռացրեց ձեռնարկության գործադիր տնօրենին: Այլևս անհնար էր ադմինիստրատիվ քայլերով շտկել ստեղծված իրավիճակը: Նույն 2013թ. ձեռնարկության սեփականատերը մամլո ասուլիսներում բացատրում էր, որ ցեմենտի արտադրությունը մեր տնտեսության ապագա ունեցող ոլորտներից է: Բայց տնտեսական վիճակագրությունն անողոքաբար հակառակն էր ի ցույց դնում:
Այդ ոլորտի բարձրակետը 2008թ. էր, երբ Հայաստանում արտադրվել էր մոտ 770 հազար տոննա ցեմենտ: Հաջորդող տարիներին արտադրության ծավալն անընդհատ նվազել է: 2015-ին Հայաստանում արտադրվել է մոտ 417 հազար տոննա: Դատելով այն փաստից, որ «Միկա ցեմենտը» պարտքերի պատճառով պարբերաբար պարապուրդի էր մատնվում, արտադրության մեջ էապես պիտի ավելացած լինի ցեմենտ արտադրող մյուս գործարանի՝ «Արարատ ցեմենտի» տեսակարար կշիռը:
«Միկա ցեմենտի» տնտեսական անհաջողությունը շինարարության կրճատմամբ կամ համաշխարհային տնտեսական ճգնաժամով բացատրելը ճիշտ չի լինի: Ցեմենտի արտադրության ծավալների աճը միայն ներքին շուկայով չէր պայմանավորված: Այն մեծ ծավալներով արտահանվում էր Վրաստան: 2013-ին նույն Բաղդասարովն էր լրագրողներին բացատրում, որ վրացիներն իրենց արտադրած ցեմենտն արտահանում են Ադրբեջան և ներմուծում հայկականը: «Ազատություն» ռադիոկայանին նախկինում տված հարցազրույցներից մեկում նա պնդում էր. «Մեր երկիրը գտնվում է այնպիսի շրջափակման մեջ, որ մենաշնորհներն օգնում են գոյատևել»:
Մենաշնորհի ջատագով գործարարին, ցավոք, մեր իշխանություններն ի վիճակի չէին աջակցել երկրից դուրս: Իսկ գործարարն ինքը չէր նկատել, որ Վրաստանում՝ Ռուսթավի քաղաքում, ցեմենտի արտադրության նոր գործարան է կառուցվում: 2014թ. այն շահագործման հանձնվեց: 1970թ.-ից գործարկվող «Հրազդան ցեմենտում» ներդրումներ չէին կատարվել: Հին ու թաց տեխնոլոգիայով արտադրվող ցեմենտն արդեն մրցունակ չէր շուկայում, իսկ սեփականատերը հնարավորինս «քամել էր» գործարանը, և այն սնանկացավ: Ճիշտ այնպես, ինչպես Բաղդասարովի մյուս ձեռնարկությունները:
Այնուամենայնիվ, գործարար Միխայիլ Բաղդասարովը եզակի կերպար է մեր տնտեսության ոլորտում: Իհարկե, նա սնանկացած միակ մեծահարուստը չէ Հայաստանում: Ոչ էլ առաջին գիտնականն է մեր գործարարների ու պաշտոնյաների աստղաբույլում: Նա դեռ 2008թ. է թեկնածուական թեզ պաշտպանել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում՝ «Մտավոր կապիտալը կորպորատիվ հարաբերությունների համակարգում» վերնագրով: (Ոչ ոք, իհարկե, միանշանակ չի կարող պնդել, թե այդ վերնագրում մեր գործարարին որ բառն է ավելի հոգեհարազատ՝ «մտավո՞րը», թե՞ «կապիտալը»): Փոխարենը՝ հայտնի է, որ իր համար ձախորդ 2013թ. ռուսաստանյան կայքերից մեկը Բաղդասարովին մեղադրեց գրագողության մեջ:
Մոնոպոլիայի ջատագով սոցիոլոգ-գործարարը թեզի 80 տոկոսն արտագրել էր ընդամենը երկու հեղինակից: Ա՛յ հենց սրանով է նա եզակի գործարարների մեր դասում: Դիսերտացիա գրելու պատվեր տալիս նա, վստահաբար, նույնքան անփույթ է եղել, որքան իր տնտեսությունը կառավարելու հարցում: Ավիացիայի, սպորտի և մյուս ոլորտներում նրա ձեռնարկները դրա ապացույցն են:
Մեր տնտեսության մյուս բոլոր մեծահարուստներին շատ բաներում կարելի է մեղադրել: Բայց ոչ մեկին հնարավոր չէ մեղադրել սեփական բիզնեսի և ունեցվածքի նկատմամբ այդքան անփույթ վերաբերմունք դրսևորելու մեջ: Ու հիմա, երբ «Միկա ցեմենտն» անցել է ՎՏԲ բանկին, մեր կառավարությունը փորձեց այն ազատել հարկային պարտք-պահանջներից: Այս քայլի համար, իհարկե, կարելի է տնտեսական հիմնավորում գտնել: Ձեռնարկությունը մի քանի տարի առաջ մինչ 600 մարդու աշխատատեղ էր ապահովում: Բայց չգիտես ինչու՝ պատգամավորների մի մասը համաձայն չէ, որ ձախողակ գործարարի պարտքերը պետությունը փակի:
«2003-ին ձրի սեփականաշնորհել է Հայխնայբանկը, երկու տարի հետո 30 մլն դոլարով վաճառել է ՎՏԲ բանկին: Տույժերը պիտի վճարի Միխայիլ Բաղդասարովը»,- ասում է Հրանտ Բագրատյանը: Ասում է ու ավելացնում. «Դուք հիմա հանցագործություն եք պարտակում»:
«Պեղեք, գտեք, թող գա պատասխան տա»,- ասում է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Ու որքան էլ տարօրինակ է՝ խորհրդարանական մեծամասնությունը քվեարկությամբ չի հակադրվում նրանց: Բայց մեր իրավապահներին առայժմ կարծես չի հետաքրքրում «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի հանրահայտ լեյտենանտի նույնքան հանրահայտ հարցը՝ «Իսկ հիմա որտե՞ղ է նա»: