Սկանդալ` Ընտրական օրենսգրքի քվեարկության շուրջ

Քիչ առաջ ԱԺ նիստում բավական աղմկոտ պայմաններում առաջին ընթերցմամբ ընդունվեց Ընտրական օրենսգրքի նախագիծը` հարակից օրինագծերի փաթեթի հետ միասին: Կողմ քվեարկեց 98 պատգամավոր, դեմ` 9, ձեռնպահ` 5: Նախքան քվեարկությունն ընդդիմադիր պատգամավորները պահանջեցին վարման կարգով իրենց ձայն տալ, սակայն նիստը նախագահող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մերժեց` ասելով, թե ցանկացողները կխոսեն քվեարկությունից հետո: Քվեարկությունից հետո ԱԺ նախագահն ասաց.

«Այժմ ովքեր ցանկանում են, խնդրում եմ խոսել»: «Ժառանգութուն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ վրդովված, բարձրաձայն բողոքելով, որ իրեն մինչ քվեարկությունը ձայն չի տրվել, լքեց ԱԺ նիստերի դահլիճը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ այս քվեարկությունը տեղի ունեցավ ԱԺ Կանոնակարգ-օրենքի կոպտագույն խախտումներով, խմբակցություն կար, որ 20 րոպե ընդմիջում էր ուզում վերցնել: «Սա արդեն լեգիտիմ օրենք չի կարող համարվել: Տարրական պահանջները խախտում եք, ո՞նց կարելի է նման բան անել, ինչի՞ եք հենց սկզբից ռումբ դնում էս Ընտրական օրենսգրքի տակ: Սա խայտառակություն է»,- ասաց Լ. Զուրաբյանը:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ ընդմիջում ցանկացածը կարող էր վերցնել, իսկ Կանոնակարգ-օրենքով ասվում է, որ քվեարկությունից առաջ և հետո պատգամավորները կարող են վարման կարգով խոսել: «Ի՞նչ խախտում, 98 հոգի օրը ցերեկով տեսախցիկների առջև կողմ են քվեարկել: Ով ուզել է` կողմ է քվեարկել, ով ուզել է` դեմ է քվեարկել, ով ուզել է` ձեռնպահ է քվեարկել: Ի՞նչ խախտում, էս ի՞նչ խաբար ա, չեմ հասկանում»,- իր հերթին՝ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հերմինե Բիշարյանը հայտարարեց, որ պարտավոր էին բոլոր քաղաքական ուժերն իրենց մոտեցման մասին ասելու, բայց քանի որ իրենց նման հնարավորություն չի տրվել, իրենք չեն մասնակցել: Ըստ նրա` նման պարտադրանքով օրենսգիրքն անցկացնելն ունենալու է ծանր հետևանքներ՝ «այստեղ ստրկական միջավայր չէ»:

Հ. Նաղդալյանը հակադարձեց, թե վարման կարգը կարծիք հայտնելու համար չէ, դրա համար կա պատգամավորների և խմբակցությունների ելույթների հնարավորություն: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ մարդը սխալական է, և, եթե Գալուստ Սահակյանը սխալ թույլ տվեց, ապա պետք չէ փորձել կոծկել դա, և մարդիկ իրավունք ունեն քվեարկությունից առաջ կոչով դիմել: Ըստ նրա` դահլիճին այս հակադրումը նույնպես օրենքի խախտում է: «Կռուտիտ մի եղեք»,- Նաղդալյանին դիմեց դահլիճ վերադարձած Զ.Փոստանջյանը` նախապես ներողություն խնդրելով: «Չեմ ներում, մի´ ասեք»,- պատասխանեց Նաղդալյանը:

«Այս անվանումը ես չեմ ձեզ տվել, դա պտտվում է ամբողջ համացանցում»,- շարունակեց Զ.Փոստանջյանն ու նշեց, որ իշխանությունը մտավախություն ուներ, որ 20 րոպե ընդմիջում կվերցնեին և դրանից հետո չէին կարողանա «բերման ենթարկել ձեր այդ զանգվածին», որն արդեն այստեղ չէ: Զ.Փոստանջյանը հայտարարեց, որ ինքը չի ասել, որ պատրաստ է հող հանձնելու փաստաթուղթ ստորագրել, ինքը չի ասել, որ 80-ականների զենքով ենք կռվում, և այլն: Նաղդալյանն անջատեց Փոստանջյանի խոսափողը` հայտարարելով, թե դա կապ չունի վարման կարգի հետ, ով ինչ ասել է, իր խոսքին տեր է, իսկ այստեղ զանգված չկա, մարդիկ են, և պետք չէ մարդկանց վիրավորել: Պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ պետք է վարման կարգով ձայն տրվեր, և Նաղդալյանն ինքը վարման կարգի շրջանակներում չի խոսում:

Տեսանյութեր

Լրահոս