Ինչպես են հայ պատգամավորներն անարգանքի սյունին գամել Ագրամունտին
«Այդպես չի, որ 70 տարեկան մարդուն պետք է փորձենք վերադաստիարակել, հայտնի գործիչ է, և մենք գիտենք՝ ինչպիսին է: Բայց մեր պահանջը նրա նկատմամբ ինչպիսին էր` որ դու երբ ԵԽ ԽՎ պատվիրակ էիր, կարող էիր ավելի ազատ գործել և քո կարծիքն ու քո մտքերն արատահայտել, բայց այսօր, երբ ԵԽ ԽՎ նախագահն ես, դու պարտավոր ես ԵԽ ԽՎ նախագահին բնորոշ այն հատկանիշների և այն պահանջների շրջանակներում գործել, որ գոյություն ունեն, իսկ դա նշանակում է, որ քո յուրաքանչյուր խոսքը ոչ թե քո կարծիքն է, այլ ԵԽ ԽՎ 47 երկրների խորհրդարանականների կարծիքն է, և բոլորի անունից ես դա ասում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը` անդրադառնալով ԵԽ ԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի գործունեությանը, հայտարարեց ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը` ամփոփելով ԵԽ ԽՎ գարնանային նստաշրջանի արդյունքները:
Ըստ նրա` աննախադեպ իրավիճակ է եղել ԵԽ ԽՎ-ում, քանի որ այնտեղ չեն հիշում, որ ԵԽ ԽՎ նախագահը գրավոր, անգամ լիագումար ու բյուրոյի նիստերի ժամանակ լսի նման կշտամբանքներ, նման գնահատականներ իր գործունեության վերաբերյալ, և որևէ բանով չարձագանքի: Հ.Նաղդալյանը նշեց, որ իր հետ հանդիպումով՝ ԵԽ ԽՎ նախագահ Ագրամունտը փորձել է «նոր կամուրջ» ստեղծել և դուրս գալ այս մեղադրանքներից:
Նաղդալյանի խոսքով` Ագրամունտին ասել են, որ իր քայլերով պետք է ստեղծի իր անձի նկատմամբ վստահություն, հետո ԵԽ ԽՎ-ում փորձեն վստահություն ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև: