ԱԺ-ում խոսում են ավտոբուսի պայթյունի և շփման գծի մասին
Այսօր ԱԺ նիստի սկզբում խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ցավակցություն հայտնեց երեկ գիշեր Երևանում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի կապակցությամբ` կատարվածն անվնելով «դժբախտության»: Նա առողջություն և շուտափույթ ապաքինում մաղթեց վիրավորներին, նշեց, որ նոր է խոսել առողջապահության նախարարի հետ, և վերջինս տեղեկացրել է, որ ծանր վիրավորների վիճակը կայունանում է:
«Երեկ երեկոյան և այսօր գիշերը լարված է եղել նաև շփման գծում: Ադրբեջանը, խախտելով Մոսկվայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը կրակի դադարեցման մասին, հրետանու միջոցով կակել, է և այնտեղ էլ 2 զոհ ունենք»,- ասաց Է.Շարմազանովը:
Նա նշեց, որ խոսել է ԼՂՀ ղեկավարության հետ, ՊԲ-ն լիարժեքորեն տիրապետում է իրավիճակին և այժմ հարաբերական անդորր է տիրում:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ավտոբուսի պայթյունից անցել է 12 ժամ, բայց իրավապահները պաշտոնական վարկած առաջ չեն քաշել: Նա կասկածի տակ դրեց պաշտոնական մարմինների վստահելիությունը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարցադրում արեց, թե ինչո՞ւ պետք է մենք ՀՀ-ում տեղի ունեցող դեպքի մասին իմանանք ռուսական մամուլից և ինչո՞ւ պաշտոնական աղբյուրները տեղեկատվություն չեն տալիս, որ ռուսական մամուլը ահաբեկչական վարկածներ է առաջ քաշում: