Ամերիկյան մամուլը՝ Հայաստան կատարած Քլունիի այցի մասին
Թեեւ ամերիկյան մամուլը շրջանցում է «ցեղասպանություն» բառը, այդուհանդերձ Հայոց ցեղասպանության 1Օ1-րդ տարելիցին, ինչպես նաեւ Ջորջ Քլունիի Հայաստան կատարած այցին անդրադարձել են ամերիկյան գրեթե բոլոր գլխավոր թերթերը։
«Ջորջ Քլունին տարիներ շարունակ բարձրաձայնել է հայերի նկատմամբ իրագործված սպանդը «ցեղասպանություն» կոչելու կարեւորության մասին, մի բան, ինչը ԱՄՆ-ի կառավարությունը չի արել», – նշված է «Ամերիկայի Ձայն»-ի տեսանյութում։
Ամերիկյան «The Economist» շաբաթաթերթը անդրադառնում է «Ավրորա» մրցանակաբաշխությանը,
«Հիշատակի նոր ճանապարհ» հոդվածում։
Շաբաթաթերթը մեջբերում է Քլունիի խոսքը այն մասին, թե անհնար է կանխել ապագա ցեղասպանությունները, եթե այսօր չենք կարողանում գործածել այս բառը 1Օ1 տարի առաջ իրականացված ցեղասպանության մասին։
«Նյու Յորք Թայմզ» թերթում տպագրված «Աֆրիկայում մանկատան հիմնադիրը արժանացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մրցանակին» վերնագրով հոդվածը եւս անդրադառնում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու նոր ուղուն։
«Վաշինգթոն Փոսթ»-ը գրել էր, որ նախագահ Օբաման նախագահության վերջին տարվա ցավակցական ուղերձում կրկին անգամ չկատարեց նախագահական ընտրարշավի ժամանակ իր տված կարեւոր խոստումը։
«Լոս Անջելես Թայմզ»-ը, հեղինակի կարծիք ներկայացնող ծավալուն հոդվածում վերլուծում է, թե ինչո՞ւ Վաշինգտոնը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ Ըստ հոդվածի հեղինակի, դրա պատճառը քաղաքական շահն է։