Ադրբեջանի ռազմական հանցագործությունների փաստահավաք գործունեությամբ զբաղվում են իրավապահ մարմինները
«Փաստահավաք գործունեությամբ և այդ գործընթացի կազմակերպմամբ զբաղվում են իրավապահ մարմինները, որովհետև այնտեղ դիակների զննության, ապացուցողական բազան քրեական գործերի շրջանակում իրենք են անում: Այժմ փաստաթղթերը ձևավորելու փուլում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը` պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հարցով միջազգային տրիբունալ դիմելու գործընթացը ո՞ր փուլում է:
Նա նշեց, որ միջազգային դատարան դիմելու ժամկետ չկա: Տեղեկատվության սահմանափակությունը Հ.Սահակյանը պայմանավորեց նրանով, որ Ադրբեջանը պաշտպանողական որոշակի գործողություններ չկարողանա անել, այսինքն` մենք մեր մարտավարությունն ի ցույց չդնենք:
Թե ի՞նչ է սպասվում միջազգային ատյաններում այս գործերը քննելուց հետո, Հ.Սահակյանը նշեց, որ որպես կանոն՝ դատապարտում են. «Ընդհանրապես, նման դեպքերում միջազգային հանրությունը դատապարտում է այդ արարքները, տարբեր սանկցիաներ կարող է կիրառել և հետագայում տարբեր վերաբերմունքի արժանացնել բացասական առումով: Պատերազմական իրավիճակներում, որպես կանոն, տարբեր միջազգային կոնվենցիաներով, հատկապես՝ 1949 թ. օգոստոսի 12-ին ընդունված Ժնևի 4 կովենցիաներով, կարգավորում են այդ խնդիրները: Պատերազմական իրավիճակներում քաղաքացիական անձանց պաշտպանության մասին կոնվենցիան ասում է, որ չի կարելի պատերազմի ժամանակ բնակչության հանդեպ բռնություն կիրառել, սպանել, անարգել, կամ պատերազմի ժամանակ շտապօգնության մեքենան նույնպես հատուկ պահպանվող սուբյեկտ է, որ չի կարելի խոցել, և կոնվենցիաների այդ խախտումները կունենան իրենց բոլոր հետևանքները: Ադրբեջանը ստորագրել է այդ կոնվենցիաները, հետևաբար` ունի նաև որոշակի պարտավորություններ: Այս առումով իրավական գործընթացը, կարծում եմ, փուլ առ փուլ կիրականացվի»: