
Ադրբեջանի նպատակն էր՝ կենտրոնից Աղդամի ու Ասկերանի ուղղությամբ հարված հասցնել Ստեփանակերտին

Ապրիլի սկզբին քառօրյա պատերազմի ժամանակ, եթե հայ զինվորի դեմ կռվեր Ադրբեջանի հիմնական ռազմական ուժ համարվող բանակը, ապա ռազմաճակատում արմատական բեկում տեղի կունենար: Ադրբեջանը թույլ չտվեց, որ իր ժամկետային զինծառայողը մարտի մեջ մտնի հայ ժամկետային զինվորի հետ` հստակ իմանալով, որ անդառնալի կորուստներ կունենա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին խոսեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը` նշելով, որ նա այս կարծիքին է որպես մարդ, ով տարիներ շարունակ փորձել է հասկանալ ուժերի հարաբերակցությունը:
Նա հիշեցրեց, որ ժամկետային հայ զինծառայողները կռվել են ահաբեկչական խմբավորումների անդամ, վարժեցված, փորձառու հետախուզական ջոկատների դեմ:
«Բայց նույնիսկ այս պայմաններում ապրիլի 3-4-ին իրավիճակը հատկապես հյուսիս-արևելյան հատվածում` Մատաղիսի ու Թալիշի կողմում, արմատապես փոխվել էր հօգուտ մեզ, հայկական կողմը իջնում էր ներկայիս Թերթեր, սակայն Ադրբեջանի ու նաև ռուսների կողմից բարձրացված աղմուկը զինդադար կնքելու վերաբերյալ, կանգնեցրեց մեր առաջխաղացումը»,- ասաց պատմաբանը` հավելելով, որ հակառակորդի ունեցած 3-5 հազարանոց ջոկատների մեծ մասը մեծաթիվ կորուստներ են կրել, հատուկ ջոկատայինների մակարդակով գնդապետներ ու փոխգնդապետներ են զոհվել:
«Ադրբեջանի սանձազերծած այս պատերազմի նպատակն էր թևերից ստեղծել տպավորություն, թե գլխավոր հարվածող ուժերը հյուսիսում ու հարավում են, իսկ կենտրոնից Աղդամի ու Ասկերանի ուղղությամբ հարված հասցնել Ստեփանակերտին: Սակայն հայկական կողմը կենտրոնական ուժերից գրեթե ոչ մի զինվոր չտեղափոխեց թևեր, ու մենք կենտրոնական հատվածը կարողացանք դարձնել անխոցելի: Մենք այս պատերազմում կրկին հաղթանակ ենք տարել: Ես խնդրում եմ այն ցավը, որ բոլորիս սրտում կա մեր զինվորների կորստի հետ կապված, տեղի չտա, ու դրա ազդեցության տակ տպավորություն չստեղծենք, թե Ադրբեջանը հաջողություն է գրանցել»,-ասաց Աշոտ Մելքոնյանը:
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենը համաձայնեց, որ վերջին իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակը մտահոգիչ է, սակայն տեսակետի հետ, որ անհուսալի է ու անհեռանկարային` բոլորովին չհամաձայնեց: «Ես ուզում եմ ի սկզբանե ասել, որ նման բան գոյություն չունի, սա մեր սովորական պատմությունն է: Մենք Հայոց պատմության վերջին հազարամյակի ընթացքում այսքան բարենպաստ վիճակում չենք եղել, որովհետև հիմա ունենք երկու պետականություն, խրոխտ բանակ: Ձևակերպումը, որ Հայոց բանակը տարածաշրջանում ուժեղագույնն է, մնում է օրակարգում: Սա միանշանակ է ու մեր հաջողության հիմնական գրավականն է»,- ընդգծեց բանախոսը` ավելացնելով, որ հայկական կողմն ունակ է կանխել ամենավտանգավոր մարտահրավերներն անգամ: