«Սա կլինի երաշխիքներից մեկը, որ Ադրբեջանը Հայաստանի բնակչության նկատմամբ նման քայլերի այլևս չի դիմի»

Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում նախահարձակ կողմը միջազգային իրավունքի մի շարք նորմեր է խախտել: Հակառակորդի արձակած կրակոցից սպանվեց 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, երկու երեխաներ ստացան վիրավորումներ:

Լրատվամիջոցներում տարածվել է Թալիշում ադրբեջանցիների կողմից կատարված վայրագությունները պատկերող լուսանկարը. Վալերա Խալափյանին և նրա կնոջը գնդակահարել էին, կտրել նրանց ականջները: Գնդակահարվել էր նաև 1924թ. ծնված Մարուսյա Խալափյանը: Ապրիլի 10-ին Բաշ Քարվենդ բնակավայրի տարածքում հայկական կողմին էր հանձնվել ԼՂՀ ՊԲ 18 զինծառայողի մարմին. ադրբեջանական կողմից հանձնված զոհվածների բոլոր մարմինները ենթարկվել են խոշտանգման ու անարգանքի: Հանրությանը հայտնի են հակառակորդի կողմից հայ զինծառայողներին գլխատելու դեպքեր:

Մեզ հետ զրույցում փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրեց միջազգային իրավունքի շրջանակներում առկա մեխանիզմները: Փաստաբանի խոսքով՝ միջազգային իրավունքի շրջանակներում երկու մոտեցում կա. մի դեպքում պատասխանատվության է ենթարկվում պետությունը, մյուս դեպքում՝ կոնկրետ անձինք, ովքեր կատարել են այդ հանցագործությունները: «Կցանկանայի կենտրոնանալ երկրորդ մոտեցման վրա: Գոյություն ունի Միջազգային քրեական դատարան, որը քննության է առնում, այդ թվում՝ մարդկության դեմ ուղղված, զինվորական հանցագործությունները, որոնք մեծ աղմուկ են հանել կամ ուշադրության արժանացել միջազգային հանրության շրջանակներում:

Այդ դատարանը հիմնվել է Նյուրնբերգի և Տոկիոյի դատավարությունների արդյունքում: Դեռևս 1945թ. սկսվել է այս գործընթացը, սակայն այն սառեցված է եղել մինչև 1998թ., երբ ընդունվեց հռոմեական ստատուտը, որն ուժի մեջ մտավ 2002թ.: Այսինքն՝ Միջազգային քրեական դատարանը կարող է քննել բոլոր հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնք նախատեսված են ստատուտով և տեղի են ունեցել 2002թ. ի վեր: Սակայն, ինչպես գիտեք, միջազգային դատարանները հիմնվում են միջազգային պայմանագրերի վրա և ունեն որոշակի առանձնահատկություններ:

Կարդացեք նաև

Միջազգային քրեական դատարանի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն կարող է քննել միայն այն հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնք կատարվել են ստատուտին միացած երկրների տարածքում, կամ ոտնձգություն է կատարվել այն քաղաքացիների նկատմամբ, որի պետությունը ևս միացել է ստատուտին:

Այստեղ տեխնիկական խնդիր ունենք: Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը չեն միացել այդ ստատուտին: Իմ գնահատմամբ, եթե Հայաստանը միանար այդ ստատուտին, այսօր տեղի ունեցած հանցագործությունները քննության կառնվեին Միջազգային քրեական դատարանի կողմից, որովհետև տուժել են ՀՀ քաղաքացիները, իսկ չմիանալու դեպքում մենք ստիպված պետք է դիմենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որպեսզի Անվտանգության խորհուրդն ինքը դիմի Միջազգային քրեական դատարանին. գործընթացը հետևյալն է՝ Անվտանգության խորհուրդը դիմում է Միջազգային քրեական դատարանի դատախազին, դատախազը հարուցում է գործ, և կատարվում է քննություն: Ընդ որում, ապացույցները ձեռք են բերվում անմիջապես իրենց կողմից:

Աշխատում են «քննիչներ», որոնք հավաքում են ապացույցները: Կողմերը կարող են ներկայացնել իրենց ապացույցները, սակայն ճիշտ մոտեցումն այն կլինի, որ իրենք հավաքեն ապացույցները: Այնուհետև իրենք կարող են մեղադրանք առաջադրել և կոնկրետ անձանց նկատմամբ քրեական հետապնդում սկսել: Միջազգային քրեական դատարանը կարող է արդյունքում սահմանել պատիժ՝ ազատազրկում մինչև 30 տարի ժամկետով: Իմ գնահատմամբ՝ սա մի գործընթաց է, որը կերաշխավորեր Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, որովհետև, երբ ադրբեջանցի պաշտոնյաները գիտեն, որ իրենց կատարած հանցագործության համար պատասխանատվության չեն ենթարկվում, ձևավորվում է անպատժելիության մթնոլորտ:

Բայց եթե նրանք իմանան, որ կատարած հանցագործության համար պատիժ կկրեն, մինչև գործողություն կատարելը կմտածեն, որ կարող են դատարանի առջև կանգնել: Կարծում եմ, սա կլինի երաշխիքներից մեկը, որ Ադրբեջանը Հայաստանի բնակչության նկատմամբ նման քայլերի այլևս չի դիմի»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ չկա այլ միջազգային դատարան, որը կկատարի այդպիսի արդյունավետ քննություն:

Անհատական գանգատներ կարող են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, սակայն այն պատասխանատվության է ենթարկում պետությանը. այս դեպքում խոսք կարող է լինել միայն իրավունքի խախտումը ճանաչելու և փոխհատուցման մասին:

«Կարծում եմ՝ խախտվել է մարդկանց կյանքի իրավունքը, քանի որ Ադրբեջանը չի կատարում պատշաճ քննություն՝ հանցագործությունը բացահայտելու համար: Այսինքն՝ կարող ենք առաց ներպետական ատյանները սպառելու՝ դիմել ՄԻԵԴ՝ ընդդեմ Ադրբեջանի: Բայց դա շատ երկար գործընթաց է, և դա կարող է վերաբերել զոհվածների հարազատների կամ այն անձանց փոխհատուցում ստանալուն, ում գույքը տուժել է: Սրանք տարբեր ինստիտուտներ են»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ ՄԻԵԴ դիմելու դեպքում՝ որպես հետևանք, կարելի է փոխհատուցում ստանալ, սական չենք կարող ունենալ որևէ միջոց, որը կկանխի հետագայում նմանատիպ դեպքերի կրկնությունը: Ն. Բաղդասարյանի կարծիքով՝ այս պահին պետության առաջնահերթ խնդիրն այն չէ, որ այդ մարդիկ փոխհատուցում ստանան, չնայած դա ևս շատ կարևոր հարց է. «Սակայն կարծում եմ՝ առավել կարևոր է այն, որ պատասխանատվության ենթարկվեն հանցագործություն կատարած անձինք»:

Նշենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի միջազգային պայմանագրերով նախատեսված խախտումների դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 390-րդ հոդվածի 6-րդ մասով: 18 հայ զինծառայողների դիակների արտաքին զննությամբ՝ դատաբժիշկների կողմից արձանագրվել են բազմաթիվ վնասվածքներ, խոշտանգումների և անարգանքի հետքեր: Անդրադառնալով այս քրեական գործին՝ փաստաբանն ասաց, որ գործերի քննության դեպքում պետք է մեծ ուշադրության արժանանա տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը՝ լուսա, տեսանկարահանում, որպեսզի անհրաժեշտության դեպքում այդ ապացույցները հետագայում ներկայացվեն միջազգային դատարաններ, և դրանք ունենան իրավական ուժ:

Տեսանյութեր

Լրահոս