Ազատագրված տարածքների վերադարձի մասին որևէ համաձայնագրի ընդունումն անթույլատրելի է

Մամուլի ազգային ակումբը ապրիլի 20-ին հրավիրել էր հասարակական-քաղաքական քննարկում՝ «Ապրիլյան պատերազմը եվ ղարաբաղյան բանակցությունների ռազմաքաղաքական սպառնալիքները» թեմայով:

Քննարկումն ընթանում էր ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովի՝ Հայաստան այցի նախօրեին, իսկ այս օրերին լայնորեն շրջանառվում էր նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նրա ծրագիրը: Այսևայլ հանգամանքներն ավելի էին մեծացնում քննարկման հրատապությունն ու կարևորությունը: ՄԱԱ քննարկման հյուրերը՝ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը, Հայաստանի Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ՄԱՀՀԻ տնօրեն Ստյոպա Սաֆարյանը և ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը, իրենց ելույթներում ընդգծեցին Հայաստանի և Ղարաբաղի շուրջ ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրողությունները և նշեցին նաև դրանց պատճառները, ինչպես նաև հնարավոր զարգացումները և ելքը ստեղծված իրավիճակից:

Մարդու իրավուքների 1-ին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ ղարաբաղյան հիմնախնդիրն առնչվում է մարդու իրավունքների պաշտպանության և անվտանգության խնդիրներին: Նա նշեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քանիցս դրժել է միջազգային հանրությանը տված խոստումները, և նրա խոստումներն այժմ որևէ արժեք և նշանակություն չունեն: ՄԱԱ հյուրը վտանգավոր համարեց ազատագրված տարածքների վերադարձման շուրջ որևէ համաձայնություն՝ այն համարելով նահանջողական, մանավանդ որ վերադարձնել այդ տարածքները, նշանակում է ընդունել Ադրբեջանի մեղադրանքը, թե Հայաստանն օկուպացրել է դրանք: Բացի այդ, տարածքների վերադարձը նշանակում է, որ հայկական կողմը պետք է նաև ֆինանսական փոխհատուցում տա այդ շրջանների նյութական արժեքների՝ շենքերի, շինությունների համար, որոնք ավերվել են պատերազմի պատճառով:

ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանը հարցադրում արեց, թե «Ինչու՞ մեր կողմից չի շրջանառվում ադրբեջանական նոր սադրանքի հնարավոր դրդապատճառներից մի կարևոր ու աշխարհին շատ հասկանալի տարբերակ: Ալիևյան կլանը զենքի առեւտրականների հետ փողեր է լվանում»:

Խաչատրյանն անդրադարձավ 1989 թ. դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ ԳԽ որոշմանը, որով ճանաչվում և ընդունվում է Արցախի վերամիավորումը ՀԽՍՀ-ի հետ: Այդ որոշումը միակ իրավական ուժն ունեցողն է, քանի որ ոչ ոք այն չի բեկանել կամ վերանայել:

Անդրադառնալով հիմնախնդրի կարգավորմանը՝ ՄԱԱ հյուրը նկատեց, որ չճանաչված ԼՂՀ-ի առիթով մեր տարածաշրջանում զինված վերահսկողություն սահմանելու հավակնորդները կարողացան լուծված արցախյան հիմնախնդրի պայմաններում երկարաձգել «կոնֆլիկտը», սպասելով հարմար պահի իրենց «խաղաղարար» ուժերը մտցնելու համար: Ըստ Խաչատրյանի՝ այդ հարցում հավասարապես պատասխանատվություն են կրում և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը և՛ նրանց այդ առիթը ներկայացնող մեր «վերնախավը»:

Խոսելով փոխզիջումների մասին՝ Հրանտ Խաչատյանը նշեց, որ եթե 1990-ին որպես փոխզիջում էր մատուցվում նահանջը վերամիավորված Հայաստանի ճանաչման պահանջից ինքնահռչակ ԼՂՀ-ի ճանաչման կիսատ-պռատ պահանջը, ապա այսօր մեր անունից կան ստորագրություններ (առայժմ նախնական համաձայնության ու որոշակի պայմաններով) տարածքներ զիջելու մասին: Իսկ որպես փոխզիջման հայաստանյան մեկնակետ ոչ թե պաշտոնապես պահանջվում, այլ թույլ ակնարկվում է ԼՂՀ ճանաչման մասին:

ՄԱՀՀԻ տնօրեն Ստյոպա Սաֆարյանն առանձնացրեց այն 10 պատճառները, որոնք հնարավորություն տվեցին Ալիևին պատերազմ սկսելու: Այդ պատճառներն առնչվում են նաև ՀՀ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական իրողություններին: Սաֆարյանն անդրադարձավ ԵԽԽՎ վերջին բանաձևին՝ այն համարելով հայկական դիվանագիտութան լուրջ ձախողումը: Միաժամանակ, ՄԱԱ հյուրը նկատեց, որ ԵԽԽՎ-ը մոնիտորինգ չիրականացրեց ապրիլյան պատերազմի դեպքում, ինչն արեց ռուս-վրացական պատերազմի ժամանակ:

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն իր ելույթում ընդգծեց, որ Ադրբեջանի քառօրյա ռազմական ագրեսիան նպատակ էր հետապնդում ճնշում գործադրել ոչ միայն Ղարաբաղի և Հայաստանի վրա, այլև առաջին հերթին ուժային շանտաժի միջոցով ստիպել Մինսկի խմբի համանախագահներին արագ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի օգտին փոխելու արդեն 22 տարի հակամարտության գոտում պահպանվող ստատուս-քվոն:

Արձանագրելով, որ քառօրյա պատերազմից հետո Հայաստանը հայտնվել է լիակատար միջազգային մեկուսացման մեջ, քանի որ ոչ մի երկիր կատարվածը չճանաչեց որպես Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ իրականացված ռազմական ագրեսիա, Հովհաննիսյանը զուգահեռ անցկացրեց այսօր ստեղծված իրավիճակի և 1996-1997 թթ. ԵԱՀԿ-ի Լիսաբոնյան գագաթաժողովից հետո Հայաստանին և Ղարաբաղին միակողմանի զիջումներ պարտադրելու փորձերի միջև: Մատնանշելով, որ այն ժամանակ՝ 1997 թվականի հուլիսի 6-7, ԼՂՀ-ի իշխանությունները և ՀՔՄ-ի համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտում հրավիրվեց ՀՀ կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ղեկավարների հատուկ խորհրդակցություն, ուր միաձայն ընդունվեց հայտնի Ստեփանակերտյան Հռչակագիրը: Հովհաննիսյանն ընթերցեց Հռչակագրի տեքստը և հայտարարեց, որ այսօր նույն ուժերը պարտավոր են վերահաստատել իրենց հավատարմությունը Հռչակագրի դրույթներին: ՄԱԱ հյուրն ընդգծեց պարտվողական քաղաքականության մերժման կարևորությունը նաև այսօր:

Մամուլի ազգային ակումբ
20 ապրիլի, 2016թ.

Տեսանյութեր

Լրահոս