Արտաքին առևտրի տեխնիկական կողմը

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը երկարատև դադարից հետո վերջապես հրապարակել է 2015 թվականի արտաքին առևտրի ամբողջական տվյալները։

Թեպետ Ազգային վիճակագրական ծառայությունն արդեն ներկայացրել էր արտաքին առևտրի հիմնական ցուցանիշները, մաքսայինի հրապարակումն ավելի արժեքավոր է. դրանում կարելի է տեսնել ոչ միայն ներմուծման ու արտահանման գումարային արժեքն ու փոփոխությունը, այլ՝ բնեղեն ծավալների շարժը։ Այսինքն՝ կարելի է հասկանալ՝ արտաքին առևտրի աճը կամ նվազումը տեղի է ունեցել գների աճի՞, թե՞ բնեղեն ծավալների հաշվին։

Բացի այդ, մաքսայինը ներկայացնում է նաև առևտրի տվյալներն ապրանք-երկիր կտրվածքով, որտեղից հստակ երևում է՝ որ երկիր ինչ ապրանք ենք արտահանել (ներմուծել), ինչ քանակով և ինչ մաքսային արժեքով։

Կարճ ասած, Մաքսայինի զեկույցն ուսումնասիրության համար հարուստ նյութ է, որին անհամբերությամբ են սպասում թե՛ լրագրողները, թե՛ փորձագետները։
Նախկինում մաքսային կառույցն այդ զեկույցը հրապարակում էր եռամսյակը մեկ։

Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցությունից հետո (2015-ի հունվարի 1-ից), սակայն զեկույցն անհետացավ։ Դա բացատրվում էր տեխնիկական բնույթի որոշակի խնդիրներով և տվյալները ճշգրտելու անհրաժեշտությամբ։

Մաքսայինը 2015 թվականի ընթացքում ներկայացրեց միայն մեկ զեկույց՝ կիսամյակի տվյալները։ Ընդ որում, այն հրապարակվեց ոչ թե հուլիսին, այլ շատ ավելի ուշ։
Ու հիմա՝ 2015 թվականի ապրիլի կեսին, վերջապես հրապարակվում են երկար սպասված ցուցանիշները։ Այսքանը գրեցինք, որպեսզի առավել հասկանալի լինի այդ զեկույցի կարևորությունը։

Սակայն վերջին՝ թարմ հրապարակումը, մեղմ ասած, հույսերն ամբողջությամբ չարդարացրեց։

Նախ, այն ներկայացվել է PDF ձևաչափով (նախկինում՝ excel-ով էր)։ Համակարգչային տեխնիկային անծանոթ ընթերցողի համար պարզաբանենք, որ excel ծրագիրը թույլ է տալիս տվյալներն արագ համակարգել, գործողություններ կատարել և գալ որոշակի եզրահանգումների։ PDF տարբերակով դա հնարավոր չէ. պետք է ձեռքով հավաքել տվյալները։ Ճիշտ է, հիմա կան ծրագրեր, որոնց միջոցով PDF-ը դառնում է Excel, սակայն դրանից հետո հարկ է առաջանում թերությունները ուղղել, ինչը ժամանակ է պահանջում։

Երկրորդ խնդիրն ընդհանուր ցուցանիշի բացակայությունն է։ Պարզաբանենք։ Նախկին զեկույցներում մի քանի հարյուր անվանում ապրանքատեսակների ցանկի վերջում նշվում էր նաև ընդհանուր, գումարային մեծությունը՝ արտահանման կամ ներմուծման մասով։

Սակայն վերջին զեկույցում դա բացակայում է, իսկ գումարը հաշվելը վերը նշված ձևաչափի պատճառով բարդանում է։
Իսկ դա կարևոր է, որովհետև թույլ է տալիս համեմատել ԱՎԾ-ի ներկայացրած թվերի հետ ու գտնել շեղումները։

Մի խոսքով, այնպիսի տպավորություն է, որ ամեն ինչ միտումնավոր կերպով արված է՝ տվյալների մշակումը բարդացնելու համար։

Ինչ խոսք, մենք դեռ մանրամասն «կվերծանենք» այս ամբողջ տեղեկատվությունը և կներկայացնենք ձեր դատին։

Սակայն մինչ այդ խոսենք մեկ-երկու փաստերի մասին, որոնք զեկույցի թեթև դիտարկումից աչքի են ընկնում։

Ուրեմն այսպես, ինչպես հայտնի է՝ 2015 թվականին Հայաստանից արտահանումը նվազել է 3.9%-ով (և կազմել 1 մլրդ 486.9 մլն դոլար), իսկ ներմուծումը՝ 26.5%-ով (3 մլրդ 253.9 մլն դոլար)։ Սա, հիշեցնենք, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներն են։ Տնտեսական բլոկի պատասխանատուները մի կողմից՝ նշում էին, որ ներմուծման ու արտահանման անկումն ինքնին լավ բան չէ, սակայն մյուս կողմից՝ ավելացնում էին, որ արտահանումը շատ ավելի թույլ տեմպով է նվազել, ինչը բարելավում է մեր արտաքին առևտրի հաշվեկշիռը։

Հիմա աչքի անցկացրեք աղյուսակը, որտեղ ներկայացված է 2015 թվականին Հայաստանից արտահանված առավել բարձր արժեք ունեցող ապրանքների ցանկը (թե՛ բնեղեն արտահայտությամբ, թե՛ գումարային)։ Սա, այսպես ասենք, մեր արտահանման ողնաշարն է։ Նայենք՝ ու հասկանանք՝ ոգևորության հիմքեր կա՞ն, թե՞ ոչ։

aravel-bardzr

Ինչպես միանգամից կարող եք նկատել, ՀՀ արտահանման ցուցանիշը չի փլուզվել ընդամենը 2 ապրանքատեսակների՝ պղնձի և սիգարետի հաշվին։
Նախ՝ պղնձից սկսենք։ 2015 թվականին Հայաստանից արտահանվել է շուրջ 309.2 հազար տոննա պղնձի հանքաքար՝ նախորդ տարվա 185.1 հազար տոննայի դիմաց։ Այսինքն, պղնձի արտահանման բնեղեն ծավալն աճել է շուրջ 70%-ով։ Սակայն պղնձի գնանկման հետևանքով դրա դիմաց ստացվող գումարն աճել է ոչ թե համարժեք 70%-ով, այլ 35%-ով (շուրջ 80 մլն դոլարով)։ Այսինքն՝ ավելի շատ ենք շահագործել ընդերքը։

Սիգարետի դեպքում աճը համարժեք է։ Բնեղեն արտահայտությամբ սիգարետի արտահանումն աճել է 49.7%-ով (կամ 5309.7 մլն հատով)՝ 10675.9 միլիոնից հասնելով 15985.6 մլն հատի։ Իսկ գումարային արտահայտությամբ աճը եղել է 46.7% (54.5 մլն դոլար): 2014-ին արտահանվել է 116.5 միլիոն դոլարի սիգարետ, 2015-ին՝ 171 մլն դոլարի։

Փաստորեն, միայն պղնձի և սիգարետի գծով արտահանման ծավալն աճել է 134.5 մլն դոլարով։ Ու այդքանից հետո, ընդհանուր արտահանման ծավալը նվազել է ավելի քան շուրջ 60 մլն դոլարով։

Սրա հիման վրա կարելի է պատկերացնել, թե ինչ տխուր վիճակում է մյուս ապրանքատեսակների արտահանումը։ Ու եթե պղինձ շատ չարտահանեինք, իսկ ծխախոտագործների գործերը հաջող չընթանային, ապա 2015-ին արտահանման անկումը կլիներ ոչ թե 3.9%, այլ երկնիշ թվով։
Դրանում համոզվելու համար բավական է ընդամենը մեկ քայլ էլ անել և դիտարկել աղյուսակի երրորդ տողը՝ «էթիլային սպիրտ, չբնափոխած, 80 ծավ. սպիրտի խտությամբ»: Սա ներկայացնում է հիմնականում կոնյակի արտահանումը։ Ինչպես տեսնում եք՝ կոնյակի արտահանումը նվազել է թե՛ բնեղեն արտահայտությամբ (13 հազար լիտրից հասնելով 11.9 հազար լիտրի), թե գումարային առումով (164.9 մլն դոլարից հասնելով 105.8 մլն դոլարի)։

Այնպես որ, 2015-ին ՀՀ արտաքին առևտրի համար տխուր տարի է եղել։ Ու քանի որ սա Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու առաջին տարին էր, առաջիկայում կանդրադառնանք հատուկ ԵԱՏՄ երկրների հետ առևտրի մանրամասն տվյալներին։

Տեսանյութեր

Լրահոս