Ռուս խորհրդարանականը Մեդվեդևի հայտարարությունը համարում է «հարուստ երևակայության» արդյունք
ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինն այսօր Երևանում հերքեց իր իսկ երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը, որ անհնար է թաքցնել Լեռնային Ղարաբաղում զորքերի տեղաշարժը: «Հիմա անհնար է որևէ բան թաքցնել: Վաղ թե ուշ այս կամ իրադարձության մասին ճմշարտությունը ջրի երես է դուրս եկել: Իսկ հիմա այդ ամենն ակնհայտորեն հսկվում է նաև արբանյակների և հսկողության այլ միջոցների օգնությամբ»,- ասել էր Մեդվեդևը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ռուսական արբանյակներն արձանագրել են զորքերի տեղաշարժը ղարաբաղյան հակամարտության գոտում:
Լրագրողերի հետ ճեպազրույցում Չեկալինը արբանյակներով հետևելու գաղափարն անվանեց «հարուստ երևակություն», որը սակայն չի համապատասխանում իրականությանը. «Ոչ բոլոր սանտիմետրերն են վերահսկվում արբանյակներով: Դա տարօրինակ ենթադրություն է: Դա ոչ տեխնիկական, ոչ այլ ձևով հնարավոր չէ»:
Ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ ռուսները չընդունեցին դեռ առավոտյան ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի համատեղ նիստում հայկական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի հնչեցրած առաջարկը` այցելել Արցախ և անձամբ տեսնել քառօրյա պատերազմի հետևանքն ու չդադարող կրակոցները, Չեկալինը նշեց, թե բոլոր տաք կետերն անցել է, եղել է Հյուսիսային Կովկասում.
«Մենք փոքրոգություն չենք անում, կարող ենք գնալ յուրաքանչյուր տեղ, բայց նոր բան չենք տեսնի, պատերազմը բոլոր տեղերում նույնն է, նույն չար դեմքն ունի: Մենք Ձեր հետ միասին ցավում ենք»: