Ղարաբաղում Ալիևի ռեժիմի ռազմական հանցագործություններով կարող է զբաղվել միջազգային տրիբունալը. «Նեզավիսիմայա գազետա»
«Եվրապատգամավորներն անհանգստացել են հայ-ադրբեջանական հակամարտությամբ» հոդվածում ռուսական «Նեզավիսիմայա գազետայի» տեսաբան Յուրի Ռոքսը գրում է, որ Ղարաբաղում կատարված ռազմական հանցագործություններով կարող է զբաղվել միջազգային տրիբունալը:
Այնուհետև հոդվածում ասվում է՝ Հայաստանը կողմ է հանդես գալիս Ադրբեջանի ռազմական հանցագործություններին միջազգային գնահատական տալու օգտին: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երևանում՝ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ հանդիպմանը
: Նշվում է, որ նախարարը դիվանագետին է ներկայացրել ռազմական հանցագործությունների փաստերը, որոնք կատարվել են հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց դեմ, ինչպես նաև՝ հակամարտության ընթացքում միջազգային իրավական դրույթների մի շարք խախտումներ: Այդ նպատակին հասնելու համար Հայաստանը վատ հեռանկարներ չունի, գրում է հոդվածագիրը, մասնավորապես, երկուշաբթի օրը Եվրոպական խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հարցով լսումների ժամանակ խորհրդարանականների մեծ մասն իրենց համերաշխությունը հայտնեցին հայկական կողմին:
Բացատրելով Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը՝ նրա գլխավոր խորհրդական Ալիկ Ավետիսյանը մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծեց, որ խոսքը հատուկ միջազգային տրիբունալի մասին է՝ կապված ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունների հետ:
«Միջազգային իրավունքն ունի բազմաթիվ հնարավորություններ, սակայն տվյալ դեպքում՝ մենք մի քիչ սահմանափակված ենք: Հայաստանը, ինչպես և Ադրբեջանը, չի վավերացրել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կարգավիճակը: Դա որոշակի աստիճանով խոչընդոտում է մեր գործողություններին»,- հայտարարել էր Ավետիսյանը:
Սակայն, նրա խոսքով, գոյություն ունեն հնարավորություններ միջազգային տրիբունալի ստեղծման համար՝ միջազգային համապատասխան ռեակցիայի առկայության դեպքում, ինչպես դա տեղի էր ունեցել Հարավսլավիայի կամ Ռուանդայի դեպքում:
Ավելի վաղ էլ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանելով ադրբեջանական կողմի հետ զոհված զինծառայողների փոխանակման գործընթացը՝ հայտնել էր լրագրողներին, որ կտրված են եղել մի քանի հայ զինծառայողների գլուխներն ու վերջույթները, իսկ Ղարաբաղի հյուսիսում գտնվող Թալիշ գյուղում սպանված ծերերի՝ ականջները:
ԼՂՀ Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը պաշտոնապես հաստատել է, որ Ադրբեջանին փոխանցված 18 հայ զինծառայողների մարմինները ենթարկվել են անարգանքի, իսկ նրանցից ոմանց, հնարավոր է, որ մինչ մահանալն են կտտանքների ենթարկել:
Այդ սարսափների մասին հիշատակել են Եվրոպական խորհրդարանի պատգամավորները նստաշրջանի ժամանակ: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին նշել էր, թե Ղարաբաղի իրադարձությունները ցույց են տալիս, թե որքան վտանգավոր կարող են լինել ձգձգվող հակամարտությունները:
Մի շարք պատգամավորներ հանդես էին եկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ու անգամ՝ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման օգտին, ինչը, նրանց կարծիքով, այդ բազմամյա հակամարտության վերջակետը կդնի:
Երևանն ուշադիր հետևում էր ԵԽ ԽՎ նիստին, գրում է հոդվածագիրը, ընդ որում, ոչ պակաս ուշադիր հետևում էին նաև Ստամբուլում անցկացվող Իսլամական համագործակցության երկրների 13-րդ գագաթաժողովին:
Երևանը պատասխան տվեց Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչների ելույթներին: Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե «ղարաբաղյան հակամարտությանը կրոնական երանգավորում տալը չափազանց վտանգավոր է»: