«Ես գիտեմ տղաներ, ովքեր այս օրերին ճակատում էին ու ասում են, որ ախր, արդեն առաջ էինք գնում, բայց վերևից մեր շատ «սիրելի» Մոսկվան հրամայել է…». Նիկոլայ Ծատուրյան

Այսօր լրագրողների հետ հանդիպել էին Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը և երաժիշտ, երգահան Վահան Արծրունին: Նրանք անդրադարձան ղարաբաղաադրբեջանական չորսօրյա պատերազմին, ԼՂ հիմնախնդրի հայանպաստ հանգուցալուծման հնարավորություններին:

«Եթե ղարաբաղաադրբեջանական սահմանին հրահրված պատերազմի առաջին օրվա առաջին ժամերն ինչ-որ չափով խառնաշփոթի գույներ ունեին, ապա հաջորդ ժամերին մենք ականատես եղանք վաղուց չտեսնված համախմբման ալիքի: Թեև իրավիճակն իսկապես լուրջ պատերազմական էր, սակայն ասվում էր, թե դա պատերազմ չէ: Այդ չորս օրերի ընթացքում մենք նորից մեկ անգամ ևս կծկեցինք դարերի պատմությունը, որը, ինչպես ցույց տվեց ժամանակը, գրեթե չէր փոխվել: Մենք էլի մեն-մենակ էինք՝ ապավինած միայն մեր սեփական ուժին»,- ցավով արձանագրեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը զայրացած էր.

«Մենք շատ ենք սիրում լաց լինել, ու հիմա էլ՝ այս օրերին, էլի լաց ենք լինում, որ զոհեր ունենք: Հա, ունենք, որովհետև պատերազմ է, էլ պատերազմը ո՞նց է լինում: Իհարկե, ես հպարտություն եմ զգում, որ հայ եմ, որ տեսնում եմ, թե ինչ տղաների ձեռքում է մեր սահմանների պաշտպանությունը, բայց ինձ համար կան մի շարք հարցեր, որոնք ես ինձ էլ եմ տալիս ու հիմա էլ ձեզ եմ տալիս՝ էդ ո՞նց եղավ, որ ադրբեջանական էդքան զորք ու զրահատեխնիկա եկավ-հասավ մեր սահմանի բերանին, իսկ մենք էդքան միամիտ եղանք, մինչև էն պահը, որ դրանք հարձակվեցին մեր վրա: Բա մեր հետախուզությունն ո՞ւր ա… Եկեք պարզ խոսենք, հա՞, էլ տեղ չի մնացել՝ մենք շատ ստրկամիտ ենք: Մի հատ դեմք ցույց տվեք՝ էս ի՞նչ խեղճություն ա: Ես գիտեմ տղաներ, ովքեր այս օրերին ճակատում էին ու ասում են, որ ախր, արդեն առաջ էինք գնում, բայց վերևից մեր շատ «սիրելի» Մոսկվան հրամայել է… Լսեք, արդեն զահլա ա գնացել էս պաշտպանվողական կեցվածքից: Ասեք ձեր խոսքը, ի վերջո, էն միջազգային հանրությանը, խիյար Եվրոպային, մեր «բարեկամ» Մոսկվային, որին մենք «ապավինում» ենք, և այլն: Չոռ ու ցավ եք, թե դաշնակից եք, թքա´ծ բոլորի վրա: Իսկ ինչո՞ւ Ադրբեջանի հեչ պետքը չի: Հաշտության պայմանագիր ա կնքում ու հաջորդ օրը նորից հարձակվում ա, էսօր, հե´նց էսօր՝ 60 կրակահերթ ա եղել սահմանի ողջ բերանով մեկ: Արա´, խելքի եկեք…»:

Vahan ArcruniԵրաժիշտ, երգահան Վահան Արծրունին նույն կոնտեքստում նկատելի ձեռքբերում է համարում քառօրյա պատերազմի առաջին օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ, եթե պատերազմական գործողությունները շարունակական բնույթ կրեն, ապա Հայաստանը ստիպված կլինի անհապաղ ճանաչել Ղարաբաղի անկախությունը.

«Ինձ շատ դուր եկավ, որ մեր երկրի ղեկավարը վերջապես սկսեց խոսել քաղաքական շանտաժի լեզվով: Սա ես համարում եմ բեկումնային պահ, որովհետև 20 տարիների ընթացքում որդեգրած ստատուս-քվոյի դոկտրինը վերջապես նոր մոտեցման հանգեց: Մենք ականատես եղանք, որ միջազգային հարթակի վրա անմիջապես կարծիքների և վերաբերմունքի վերադիրքավորումներ տեղի ունեցան, որովհետև ճանաչելով Ղարաբաղի անկախությունը՝ մենք փոխում ենք արդեն երկար ժամանակ գոյություն ունեցող ստատուս-քվոն: Քաղաքականության մեջ ծավալվող իրադարձությունները բերում են այն հետևությանը, որ ընդամենը մի հայտարարություն կարող է բերել այն շարժերին, որոնց ականատեսը եղանք մենք»:

168.am-ի հարցին, թե ինչպե՞ս են բանախոսները տեսնում ստեղծված իրավիճակից դուրս գալու՝ մեզ համար առավել արդյունավետ ելքը, Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց.

Edvard Militonyan«Եթե խոսք է գնում որոշ տարածքների հանձնման մասին, ապա դա ոչ միայն և ոչ մի կերպ չի երաշխավորում մեր հետագա խաղաղությունը, այլ շատ հստակ հեռանկարով սպառնում է հետագայում նաև Արցախի անվտանգությանը, հետևաբար՝ սա քննարկման թեմա չի էլ կարող լինել: Եվ, ի վերջո, մինչև Ղարաբաղն ինքը չդառնա բանակցող կողմ, ոչ ոք իրավունք չունի հարցեր բարձրացնի և ակնկալիքներ ունենա»:

Հավելելով ասվածին՝ ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը հստակեցրեց.

«Իսկ էդ ովքե՞ր են էն հիմարները, թե մարդկության աչքին թոզ փչելու համար բղավում են, թե սա կրոնական պատերազմ չէ: Իհա՛րկե կրոնական պատերազմ է, որով Թուրքիան փորձում է ի կատար ածել իր վաղեմի երազանքը՝ տարածաշրջանը վերածելով ահռելի մուսուլմանական գերտերության, իսկ Հայաստանը խրվել է սրանց արանքում: Ես, անկասկած, այն տեսակետին եմ, որ ոչ միայն պետք չէ նույնիսկ քննարկման սեղանին դնել տարածքների հանձնման տարբերակը, այլև պետք է մի բան էլ առաջ գնալ, նոր բուֆերային գոտիներ սահմանել՝ հեռու պահելով ադրբեջանի զենքը Ղարաբաղի հողից, որովհետև տարածքների հանձնումը միայն առաջին քայլն է լինելու՝ խաչ դնելու համար Ղարաբաղի վրա»:

Վահան Արծրունին այն կարծիքին է, որ մի օրվա ընթացքում նկատելի փոփոխություններ չի կարելի ակնկալել. «Շատ կոպիտ բան եմ ասում, բայց քաղաքականությունն առուծախի ոլորտ է, երկար քննարկումների, շահերի բախման ու, վերջիվերջո, ընդհանուր կոմպրոմիսի լուծման ելքերով: Բայցևայնպես, մի բան է, որ դու նման հարաբերությունների մեջ ես մտնում՝ որպես ճնշված կողմ, այլ բան է, երբ դու թելադրողի դերում ես, այսինքն՝ դու ես խոսում պայմաններ դնողի լեզվով, ինչպես դա տարիներ շարունակ անում է Իսրայելը՝ սպառնալով պատերազմ սկսել, եթե որևէ մեկը կհանդգնի վտանգել իր շահերը»:

Տեսանյութեր

Լրահոս