Մահացել է Ժակ Շիրակի՝ անորեքսիայով տառապող դուստրը
Լորանս Շիրակը՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի ավագ դուստրը, մահացել է 58 տարեկանում, հայտնում է Le Figaro-ն:
Լորանսի մահվան պատճառ է դարձել սուր սրտային անբավարարությունը: Նա դեռ դեռահասության տարիքից տառապում էր անորեքսիայով: Խանգարումն առաջացել էր մենինգիտի հետևանքով:
Ծնողները փորձել են իրենց աղջկան բուժել երկրի լավագույն բժիշկների մոտ, սակայն դա դրական արդյունքների չէր հանգեցրել: Միևնույն ժամանակ, նրանք փորձում էին իրենց դստերը հեռու պահել մամուլի ուշադրությունից՝ պահպանելով ընտանեկան գաղտնիքը:
Անգամ, երբ 1988թ. լուրեր հայտնվեցին այն մասին, որ նախագահի դուստրը մահացել է, ու ժակ Շիրակը ցավակցություններ ստացավ, նա հրաժարվեց մեկնաբանություններ տալ և խոսել այդ թեմայի շուրջ:
Որպես հետևանք՝ Լորանս Շիրակը գրեթե ծանոթ չի եղել հանրությանը: Ֆրանսիացիները նրան տեսել են միայն ընդհանուր ընտանեկան լուսանկարներում, որոնք երբեմն հայտնվում էին մամուլում: