Արթուր Աղաբեկյանը ռազմական գաղտնիք է բացահայտել. հիմնական նպատակը մեկն է եղել
Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմի պատճառներն ու վերլուծությունները կանեն համապատասխան մասնագետները, սակայն, որպես նախկին հրամանատար և հակառակորդին ճանաչող մարդ, կարծում է, որ հակառակորդն ունեցել է հավակնոտ պլան. yerkir.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ԼՂՀ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում ասել է ԼՂՀ փոխվարչապետ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը:
«Հակառակորդի նպատակն էր երկու ուղղություններով՝ հյուսիսում ու հարավում, տիրապետել առաջնագծին և բացազատվել ավելի մեծ խորությամբ՝ ռազմական գործողություններ վարելու համար: Գոնե հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կարող էր տիրապետել ռազմավարական նշանակության տարածքների՝ Մատաղիսի ջրամբարին և Սարսանգի ջրամբարի ուղղությամբ ծավալեր իր գործողությունները:
Հարավի ուղղությամբ նա պետք է դուրս գար ռազմավարական շատ մեծ նշանակություն ունեցող ճանապարհի վրա, դա Ջաբրայիլ-Ֆիզուլի ճանապարհն է, որը տանում է դեպի Մարտունի: … Եթե Պաշտպանության բանակը երկու ուղղությամբ անցներ հակահարձակման, հավանական է, որ ուժերը չէին բավականացնի, որովհետև հակառակորդը պաշտպանության իր բոլոր ստորաբաժանումները ոտքի էր հանել, բացի ավիացիայից, և հարձակման անցնելու դեպքում հնարավոր է, որ ուժերը չբավականացնեին»,- բացատրեց Արթուր Աղաբեկյանը:
Նրա խոսքով՝ ՊԲ գլխավոր հրամանատարը ճիշտ որոշում կայացրեց՝ անցնելով հակահարձակման` հյուսիսում դիրքերի վերականգնման ուղղությամբ:
«Գուցե ռազմական գաղտնիք եմ բացահայտում, բայց հասարակությունն այդ մասին պետք է իմանա, որ հակառակորդի նպատակներից մեկն է եղել, որ ԼՂՀ ՊԲ-ն իր ձեռքի տակ եղած ողջ ստարաբաժանումները գործի դներ երկու ուղղությամբ՝ հյուսիսի ու հարավի, որպեսզի բաց մնար Ստեփանակերտ տանող կենտրոնական հիմնական ռազմավարական ուղղությունը»,- ասաց Արթուր Աղաբեկյանը: