Պատերազմի չորս օրը

Մոսկովյան «Ռազմաքաղաքական տեղեկատու» շաբաթաթերթը մեզ՝ ոչ զինվորականներիս, հայտնի դարձավ մի քանի շաբաթ առաջ, երբ իրար ետևից, երեք համարով ներկայացրեց՝ Թուրքիայի, Հայաստանի և ԼՂՀ-ի, ապա՝ Ադրբեջանի զինված ուժերի կառուցվածքն ու սպառազինությունը: Շաբաթաթերթը նախորդ համարում տեղեկատվական նյութ էր հրապարակել ապրիլյան չորսօրյա պատերազմի մասին, իսկ վերջին՝ 14-րդ համարում՝ արդեն վերլուծական հոդված: Շաբաթաթերթին ծանոթ ընթերցողները գիտեն, որ այս պարբերականը ռուսական լրատվամիջոցների ավանդույթներին հավատարիմ հոդվածները հրապարակում է ինքնատիպ ու խոսուն վերնագրերով:

Օրինակ, ադրբեջանական բանակն ու սպառազինությունը ներկայացնող հոդվածը վերնագրված էր՝ «Բանակ մեկ պատերազմի համար»: Վերջին պատերազմական քառօրյան ներկայացնող վերլուծականը վերնագրված է՝ «Հետախուզություն ծեծկռտուքով»: Պարզ բառախաղը փոխարինել է ռուսական հայտնի ռազմական ձևակերպումը՝ «Հետախուզություն մարտով»: Հոդվածի ենթավերնագրերը նույնպես հեգնական երանգ ունեն: «Խաղադրույք տեխնիկայի վրա» հատվածում ներկայացվում է պատերազմի առաջին օրը՝ այսինքն՝ ադրբեջանական հատուկջոկատայինների գրոհը մեր դիրքերի վրա: Նախ՝ նշենք, որ նախորդ համարի տեղեկատվական բնույթի նյութում նշվում էր, որ իրենց հայտնի չէ, թե կողմերից որն է նախահարձակ եղել: Սա ռուսական (և ոչ միայն՝ ռուսական) լրատվամիջոցների «անկողմնակալությունն» ընդգծելու հնարք է, կամ մեթոդ: Ռուս փորձագետը՝ Ալեքսեյ Ռամը, այնուամենայնիվ, գրում է, որ ադրբեջանցիների գրոհն այնքան անակնկալ ու արագ է եղել, որ պաշտպանվողները չեն կարողացել տարհանել Թալիշ գյուղի բնակչությանը: Ադրբեջանական հատուկջոկատայիններին գրոհի առաջին գիշերը հաջողվել է դիրքեր գրավել և կոորդինացնել հեռահար հրետանու կրակը հայկական հենակետերի վրա:

Բայց առավոտյան արդեն վերակազմավորված հայկական ուժերին հաջողվել է կանխել ադրբեջանական հետևակի առաջխաղացումը: Մեր զինվորների ճնշման տակ ադրբեջանական հատուկջոկատայինները ստիպված են եղել լքել Թալիշը: Ռուս փորձագետի գնահատականով՝ դա ավելի շուտ փախուստ է եղել, քան նահանջ, ինչի հետևանքով հատուկջոկատայինները հայտնվել են շրջափակման մեջ և ոչնչացվել՝ ավտոմատ նռնականետերի կամ ականանետերի կրակի տակ ընկնելով: Այս դրվագը վերլուծված է հոդվածի երկրորդ՝ «Ծրագրեր և իրականություն» հատվածում: Երկու կողմերի մարդկային ու տեխնիկական կորուստները նկարագրելով՝ ռուս փորձագետը գրում է, որ գրոհի ընթացքում ՌՊԳ 7 ձեռքի հակատանկային նռնականետով ՄԻ 24G ուղղաթիռի խոցվելուց հետո ադրբեջանական կողմը դադարեցրեց օդուժի թռիչքները ռազմաճակատի տարածքում: Իսկ այդ ընթացքում ԼՂՀ բանակը սկսել էր վերադարձնել գիշերը կորցրած դիրքերը:

Ըստ ռուս փորձագետի, տանկային առճակատում չի եղել, որովհետև «երկու կողմն էլ տանկերն օգտագործել են՝ որպես շարժական կրակակետեր»: Պատերազմական օրերից հետո մեզանում շատերը՝ թե պետական պաշտոնյաներ, թե փորձագետներ ու քաղաքական գործիչներ, շատ խոսեցին այն մասին, որ հակամարտող բանակները անհամամասնորեն են զինված: Այս մասին, բնականաբար, գրում է նաև ռուս փորձագետը՝ իր հոդվածի վերջին՝ «Խաղալիքները հիմա թանկ արժեն» հատվածում. «Ապրիլյան պատերազմի օրերը ԼՂՀ բանակին ցույց տվեցին, որ դիրքերը` նախատեսված երկու շաբաթ պահելը չափազանց բարդացել է»: Ժամանակակից հեռահար ու սովորական հրետանին արդյունավետ է տանկերի դեմ պայքարում: «Հենց այս միջոցները բարդ խնդիրներ առաջադրեցին ԼՂՀ բանակի ղեկավարության առջև»,- գրում է ռուսական «Ռազմաքաղաքական տեղեկատու» շաբաթաթերթը:

Ադրբեջանական բանակի մասին հոդվածի վերջին հատվածն արժե ներկայացնել մեծ մեջբերումներով: Խոսելով նորագույն սպառազինությունների մասին՝ փորձագետը եզրակացնում է. «Բայց ամեն ինչ հարթ չէ ադրբեջանական բանակի համար, որի թույլ օղակն ավանդաբար համարվում է անձնակազմը, հատկապես՝ հետևակը: Հայկական ստորաբաժանումների նույնիսկ ոչ նշանառու կրակը կասեցրեց նրանց զորաշարժն ապրիլի 2-ի առավոտյան: Ճակատամարտերում բարձր բարոյակամային որակներ չեն դրսևորում նույնիսկ ադրբեջանական հատուկջոկատայինները:

Մասնավորապես, Թալիշ գյուղից նահանջն ավելի շատ փախուստի էր նման: Այո, ավելի բարձր տեխնիկական մակարդակն ադրբեջանական զինվորականներին թույլ տվեց որոշակի հաջողության հասնել: Բայց առաջանում է հաղթանակի գնի հարցը: Տեղային մարտերի չորս օրվա ընթացքում մի քանի բարձունքի համար Բաքուն բավականին շատ «թանկարժեք խաղալիքներ» մսխեց»:

Թվարկելով ադրբեջանական տեխնիկական կորուստները՝ փորձագետը շարունակում է.

«Այնպես որ, օդուժի դեմ պայքարում սեփական զինված ուժերի խորացված պատրաստվածությանն ուղղված ԼՂՀ ղեկավարության ջանքերն արդարացան: ՄԻ 24-ը խոցվեց ձեռքի ականանետի, իսկ անօդաչու թռչող սարքերը՝ հրազենի կրակոցներով»:

«Իսկ ժամանակակից զինատեսակներով զինված լինելն ադրբեջանական զինվորականությանը չի ազատում դիրքերը գրոհով վերցնելու անհրաժեշտությունից, առավել ևս, որ այդ դիրքերը պահում է առավել մոտիվացված և անհամեմատ ավելի բարձր բարոյակամային որակներով օժտված և մերձամարտը մինչև վերջին զինվորը մղելու պատրաստ հակառակորդը»: Իսկ էդ հակառակորդ ասածը մեր բանակն է: Մեր բանակով միշտ ենք հպարտացել, բայց միայն այս օրերին է, որ հաղթահարելով մեր «քյարթու» արևելքցի լինելը՝ սեր ենք խոստովանում մեր ԲԱՆԱԿԻՆ:

Տեսանյութեր

Լրահոս