«Ադրբեջանը չլուծեց իր առջեւ դրած ոչ առավելագույն, ոչ էլ նվազագույն խնդիրը». Էդվարդ Նալբանդյան

Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը բացատրում է այն հանգամանքով, որ Ադրբեջանը ձախողվել է բանակցային գործընթացում: Նրա խոսքով` եթե ժամանակին Ադրբեջանը ձախողվել էր ռազմական դաշտում, ապա փորձեց հաջողության հասնել դիվանագիտության մեջ, սակայն կրկին ձախողվեց:

«Ձախողում չէ, ի՞նչ է, երբ ողջ միջազգային հանրությունը և այն ներկայացնող եռանախագահող երկրները խոսում են երեք հայտնի սկզբունքների մասին` ուժի և դրա սպառնալիքի չկիրառման, ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության, իսկ Ադրբեջանը խոսում է միայն մեկ սկզբունքի մասին: Արդյո՞ք հաջողություն է Ադրբեջանի համար, որ ամեն ձևով խուսափում են հղում կատարել և հիշատակել, որ հինգ հայտարարություններ կան, որոնք հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ գլխավոր փաստաթղթերն են` ընդունված եռանախագահող երկրների նախագահների կողմից: Դրա վառ ապացույցն էլ Ռիգայում անցյալ տարի կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովն էր, որին Ադրբեջանի նախագահը հրաժարվեց ներկա գտնվել, իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը լքեց գագաթնաժողովն այն պատճառով, որ եզրափակիչ հռչակագրում հղում կար այդ հինգ հայտարարություններին»,- Հանրային հեռուստաընկերության եթերում երեկ հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:

Որպես Ադրբեջանի մեկ այլ ձախողման օրինակ Նալբանդյանը նշեց այն, որ եռանախագահներն ասում են՝ պետք է ստեղծել միջադեպերի հետաքննության մեխանիզմ, որը կարող է լինել նաև զսպման մեխանիզմ, իսկ Ադրբեջանն ընդդիմանում է այդ քայլին: «Դա հնչում է նաև ՄԱԿ-ից, ԵՄ-ից, տարբեր միջազգային այլ կառույցներից, իսկ Ադրբեջանը ձևացնում է, որ ոչ, այդպիսի բան գոյություն չունի»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Անդրադառնալով եռանախագահների հասցեին հնչող քննադատություններին, թե իրենք ոչ միշտ են հասցեական հայտարարություններ անում, Նալբանդյանը հիշեցրեց, որ անցյալ տարի նրանք Ադրբեջանին վերաբերվող երեք շատ հստակ, հասցեական հայտարարություններ արեցին, որտեղ կոչ էին անում վերահաստատել հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը, որն Ադրբեջանն այդպես էլ չլսեց: Նրանք նաև կոչ արեցին համաձայնել այդ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, ինչպես Հայաստանը և Ղարաբաղն են արել, սակայն Ադրբեջանը կրկին չհամաձայնեց:

Կարդացեք նաև

«Կազանում նրանք հետքայլ արեցին արդեն, փաստորեն ձեռք բերված պայմանավորվածություններից: Ի՞նչ է, եթե ոչ ձախողում, որ Կազանից առաջ՝ Սոչիում, դրանից առաջ՝ Աստրախանում, Սանկտ-Պետերբուրգում նույն հետքայլերն էին անում, կամ Կազանից 10 տարի առաջ՝ Փարիզում, ոչ թե «մադրիդյան», այլ այսպես կոչված «փարիզյան» սկզբունքները կային, և թվում էր, որ կողմերը կարող էին որոշակի համաձայնության գալ, և Ադրբեջանը Քի Վեսթում` Ֆլորիդայում, հետքայլ արեց»,- հիշեցրեց Նալբանդյանը:

Նրա ներկայացմամբ` հայտնվելով մի իրավիճակի մեջ, որ բանակցություններին ասելու բան չունի, Ադրբեջանը ստիպված էր անգամ հրաժարվել հանդիպել եռանախագահների հետ, ինչպես դա տեղի ունեցավ Վաշինգտոնում:

«Ադրբեջանը չէր թաքցնում, իր սպառնալիքները հնչեցնում էր տարիներ շարունակ: Տարիներ շարունակ բոլորը կոչ էին անում հարգել հրադադարը, իսկ Ադրբեջանը ձևացնում էր, որ դա իրեն չի վերաբերվում: Իսկ հիմա գնաց ավելի լայնածավալ գործողությունների: Կարծում եմ՝ ակնհայտ է բոլորի համար, թե ով է սկսել: Զրույցների ընթացքում, որոնք ես ունեցել եմ իմ գործընկերների հետ, որևէ մեկի մոտ կասկած չի եղել, որ Ադրբեջանն է սկսել առաջինը: Պարզ էր իր նպատակը` այն, ինչ որ բազմիցս ասել էր` ռազմական ճանապարհով լուծել հիմնախնդիրը, ինչը նորից ձախողվեց: Կարծում եմ՝ իր առջև դրա ծ ո՛չ առավելագույն, ո՛չ էլ նվազագույն խնդիրը չլուծեց: Հիմա ստիպված կլինի վերադառնալ բանակցային գործընթացին: Բանակցությունները վերսկսելն էլ այդքան հեշտ չէ, համապատասխան պայմաններ է պետք ապահովել և եռանախագահների ջանքերն ուղղված են հենց դրան»,- ասաց Նալբանդյանը:

Տեսանյութեր

Լրահոս