«Գերմանիան պետք է կարողանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին նստեցնել սեղանի շուրջ»

«Գերմանիան պետք է փորձի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին նստեցնել բանակցային սեղանի շուրջ»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասաց գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին՝ չորսօրյա պատերազմին ու հետագա անելիքներին։

Գերմանացի վերլուծաբանի խոսքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը 20-ից ավելի տարիների ընթացքում չի կարգավորվել, քանի որ միջազգային իրավունքի որոշ սկզբունքների շուրջ տարակարծությունները շարունակվում են՝ ոմանք կարծում են, որ կարևոր է ազգերի ինքնորոշման սկզբունքը, ոմանք՝ տարածքային ամբողջականությունը, իսկ այս հակամարտությունում կան այս երկու սկզբունքները, որոնք հակասության մեջ են մտել։

Ալեքսանդր Ռարը նաև նշեց, որ, ինչպես և նախկինում, կարծում է, որ Արևմուտքը Ղարաբաղում սխալ ճանապարհով է ընթանում, ինչը նշանակում է, որ ԼՂ-ում բռնկված ռազմական գործողությունները Եվրոպայի սխալ քաղաքականության և տարաձայնությունների հետևանքն էին նաև։ Այսինքն, ըստ նրա, եթե չլինեին այդ տարաձայնությունները, Ռուսաստանն ու Արևմուտքը համաձայնության կգային ԼՂ հակամարտության կարգավորման սցենարի շուրջ։ Եվ խոսքը, նրա կարծիքով, միայն Ղարաբաղի մասին չէ, այս համագործակցությունը դրական կլիներ ողջ հետսովետական և ԵԱՀԿ տարածքի համար։

«Ու քանի որ չկա կարգավորում, կողմերից յուրաքանչյուրն ունի կայուն դիրքորոշում, ավելի լավ է իրավիճակը սառեցվի, քան տեղափոխվի տաք փուլ։ Թեև ես պնդում եմ, որ տարածքային հակամարտությունները նույնիսկ սառեցված իրավիճակում վտանգավոր են, բայց այլ ելք չկա, և դա ռուսական քաղաքականության տրամաբանության մեջ է տեղավորվում ամբողջությամբ»,- նման տեսակետ հայտնեց Ալեքսանդր Ռարը։ Վերջինիս համոզմամբ, վերջին լարվածության բռնկման հարցում իրենց մասնաբաժինն ունեն նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և նրանց տապալումը։ «Ստեղծվել է անելանելի մի իրավիճակ, քանի որ չի հաջողվում ապահովել ոչ կողմերի միջև համաձայնություն, ոչ էլ միջնորդների միջև համագործակցություն։ Սա հակամարտությունը մտցրել է մի անելանելի իրավիճակի մեջ»,- ասաց Ռարը։

Հարցին, թե կարգավորման ի՞նչ ելքեր է տեսնում նման իրավիճակում, Ռարը պատասխանեց, որ Գերմանիան նախագահում է ԵԱՀԿ-ում և մինչև տարեվերջ ինչ-որ նախաձեռնությամբ պետք է աջակցի գործընթացին, այլապես ԵԱՀԿ-ն կմահանա վերջնականապես։

Նրա խոսքով, այդ նախաձեռնությունը գուցե սկսվի հենց առաջիկայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գերմանական այցից, որտեղ կծավալվեն լուրջ խոսակցություններ՝ ինչ պետք է անել հատկապես, երբ Վաշինգտոնում պլանավորվում էր Ալիև-Սարգսյան հանդիպում, սակայն տապալվեց։ Ալեքսանդր Ռարի համոզմամբ՝ Գերմանիան պետք է ջանա նախագահներին նստեցնել բանակցային սեղանի շուրջ, սա պետք է լինի հրատապ նախաձեռնությունը, որի ուղղությամբ Գերմանիան արդեն աշխատում է։

Սակայն նա նաև նշեց, որ Գերմանիայում կան մտահոգություններ, որ, եթե դա չի կարող անել ԱՄՆ-ը, գուցեև չկարողանա անել Գերմանիան, ուստի կրկին պետք է Ռուսաստանի օգնությանը դիմել, քանի որ Ռուսաստանի մոտ դա լավ է ստացվել՝ այս երկրներում իր ունեցած լծակների արդյունքում։ «ԵՄ-ն և արևմտյան կառույցներն այս հարցում լծակներ չունեն, քանի որ չկան կապող կառույցներ, ինչպես Ուկրաինան՝ Ասոցացման համաձայնագրով, Մոլդավան, և այլն, այս դեպքում պետք է ամրացնել ԵԱՀԿ-ն և փորձել դրա շրջանակում որոշակի գործընթաց սկսել։ Գերմանիան ԱԳ նախարարի մակարդակով խոսում է Մեզերբերգյան գործընթացի մասին։ Այս ուղղությամբ պետք է աշխատել»,- ասաց Ռարը։ Հիշեցնենք, որ 2010թ. հունիսին ռուս-գերմանական բանակցությունները մերձնեստրյան հակամարտության շուրջ Մեզերբերգում ստացել է մեզերբերգյան գործընթաց անվանումը։

Այս գործընթացի մեկնարկ ասելով՝ գերմանացի վերլուծաբանը նկատի ունի ԵՄ-ի սերտ համագործակցությունը Ղարաբաղյան խնդրում Ռուսաստանի հետ։ Նկատենք նաև, որ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել էր, որ հավատում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման՝ Ռուսաստանի ունակությանը։ Նա նշել էր, որ Ռուսաստանը կարող է կայունացնել իրավիճակը՝ կիրառելով իր հարաբերություններն Ադրբեջանի հետ։

Տեսանյութեր

Լրահոս