«Վախենալու ժամանակ չկար, պետք էր կրակել». Նարեկ Մալխասյան
Ջեբրաիլի զինվորական հոսպիտալում հանդիպեցինք Բարձրաշեն գյուղի (Նուբարաշեն վարչական շրջանից դեպի Արարատի մարզ տանող հատվածում է գտնվում) բնակիչ, շարքային ժամկետային զինծառայող Նարեկ Մալխասյանին: Ոտքի վիրակապով պառկած՝ Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզոն» էր ընթերցում:
Նարեկն այն համեստ հերոսն է, ով տանկերի համար նախատեսված նռնականետով ոչնչացրել է հակառակորդի ռազմական ուղղաթիռը: Ոտքի վիրավորում է ստացել ուղղաթիռի վայր ընկնելուց այս ու այն կողմ թռած բեկորներից: «Թեթև բան ա, հես ա կգնամ դիրքեր»,- մեղմ ժպիտով ասում էր նա:
Ի դեպ, Ջեբրաիլի զինվորական հոսպիտալի պետ Վահան Ոսկանյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ Նարեկին մեկ օր հետո են տեղափոխել հոսպիտալ, քանի որ նա նույնիսկ չէր ասել, որ ոտքը վիրավորվել է. «Էնքան համեստ տղա ա, նույնիսկ չէր ասել, մեկ օր հետո ենք իմացել՝ վերքը թարախակալվել էր, ու չէր ասել: Հիմա լավ ա, ամեն ինչ արվել ա, կապաքինվի՝ նոր դուրս կգրվի»:
Մեզ հետ զրույցում Նարեկը պատմեց՝ ինչպես է եղել: Այն հատվածում, որտեղ ինքն էր՝ մեկ ուղղաթիռ է եղել, սակայն ասում են, որ առավոտյան այլ հատվածներում ևս 6-ն են եղել: Արագ կողմնորոշվել և հակատանկային զենքով հարված է հասցրել. «Հո չէի՞ թողնելու ընկերներիս սպանեին… մտածեցի՝ եթե դրանով կարող եմ տանկ խփել, ուղղաթիռն ի՞նչ ա, որ չխփեմ»: Ոչնչացվել է ուղղաթիռը՝ երեք օդաչուներով:
Հարցին, չէի՞ր վախենում այդ պահին, ի՞նչ զգացողություն էր, պատասխանեց. «Վախենալու ժամանակ չկար, պետք էր կրակել»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Լուսանկարները՝ ԳԵՐՄԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ