Երևանում մարդիկ հասկանում են, որ պատերազմը կարող է նորից վերսկսվել. BBC

Երևանցիները Ղարաբաղում կրակի դադարեցման մասին համաձայնությունն ընկալեցին որպես հաղթանակ, սակայն զգուշավոր լավատեսությամբ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Երեքշաբթի երեկոյան Երևանի կենտրոնում մեքենաներ էին ընթանում՝ զարդարված հայկական եռագույնով, պատանիները դուրս էին նայում պատուհաններից՝ ծածանելով դրոշներ ու ինչ-որ բան էին բղավում, սակայն նրանց խոսքերը լսելի չէին երեկոյան ժամերի համար սովորական երթևեկության աղմուկի պատճառով:

Նրանք տոնում էին վերջին տարիներին Ադրբեջանի հետ ամենախոշոր՝ զինված հակամարտության ավարտը, որը տևեց ավելի քան 3 օր և արժեցավ տասնյակ մարդկանց կյանք՝ խաղաղ բնակիչների, ծերերի, երեխաների, զինակոչիկների և կադրային զինվորականների:

Ավելի քան երեք օր, մինչ շարունակվում էին մարտերը, Երևանում և ողջ Հայաստանում տիրում էր անհանգստությունը, գրում է BBC-ն: Մարդիկ ճնշված էին և չէին թաքցնում իրենց մտահոգությունները Ղարաբաղի սահմանին տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ:

Միևնույն ժամանակ, հայրենասիրական տրամադրվածությունն ու հպարտությունը սեփական զինվորների նկատմամբ բարձունքում էր: Տասնյակ հազարավոր տղամարդիկ ցանկանում էին որպես կամավոր գնալ կռվելու, իսկ Երևանում անցկացվում էին ակցիաներ՝ ի պաշտպանություն առաջնագծում կանգնած զինծառայողների:

Կարծում եմ՝ կարելի է խոսել բանակի շուրջ մարդկանց համախմբվածության մասին: Բախումներից անմիջապես հետո քաղաքական գործիչները, մի կողմ դնելով տարաձայնությունները, իրենց աջակցությունը հայտնեցին բանակին և երկրի ղեկավարությանը: Շատերը մեկնեցին Ղարաբաղ:

Մոբիլիզացնող Facebook

Այս օրերի ընթացքում Facebook-ի հայկական սեգմենտը կարևոր դեր խաղաց Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մարդկանց տեղեկացվածության, սահմանին կռվողներին իրենց աջակցությունը հայտնող ակցիաների հարցում:
Սոցցանցերում օպերատիվորեն հայտնվում էին հղումներ այն հոդվածներից, որոնք հրապարակվում էին համաշխարհային ԶԼՄ-ներում, տեղադրվում հեռուստահաղորումների տեսագրություններ, որոնք լուսաբանում էին Ղարաբաղի իրավիճակը: Լրատվական գործակալությունների հաղորդագրությունները նույնպես օպերատիվորեն հայտնվում էին Facebook-ում:

Հարյուրավոր օգտատերեր անմիջապես տարածում էին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի գրառումները, որտեղ նա տեղեկություններ էր հաղորդում ռազմաճակատի մասին: Նրա գրառումները մեջբերում էին լրատվական գործակալությունները, հաղորդվում էին ռադիոյով և հեռուստատեսությամբ:

Այդ բոլոր օրերին Արծրուն Հովհաննիսյանին վստահում էին անվերապահորեն: Նրա էջը, ըստ ամենայնի, Ղարաբաղի իրավիճակի, զոհերի, մարտերի մասին տեղեկությունների գլխավոր աղբյուրն էր:

Նույնպիսի անվերապահ վստահությունը կար տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի գրառումների նկատմամբ, ով խորհրդատվություն էր ներկայացնում, թե ինչպես գործեն օգտատերերը և որ կայքերն են ֆեյք:

Իրական օգնություն

Արյուն հանձնել ցանկացողների թիվն այնքան շատ էր, որ նրանց թիվը ստիպված սահմանափակեցին: Իսկ սնունդ և հագուստ բերում էին այնքան, որ հաշիվը հասնում էր տասնյակ տոննաների, ու դրանք Ղարաբաղ էին տեղափոխվում մեծ բեռնատարներով: Տասնյակ հազարավոր տղամարդիկ՝ երիտասարդ և հասուն, ցանկանում էին մեկնել ռազմաճակատ՝ որպես կամավորներ: Նրանց թիվն այնքան շատ էր, որ շատերին մերժում էին:

Գլխավոր հարցը

Եվ, այնուամենայնիվ, երեքշաբթի երևանցիների առաջ ծառացել էր գլխավոր հարցը՝ արդյոք երկարատև է այդ զինադադարը:
Եվ գրեթե բոլորը ենթադրում էին, որ՝ ոչ:

«Այդ ամենը այնքան հեռուն է գնացել, որ Ալիևին արդեն հնարավոր չէ կանգնեցնել»,- ասում էին գրեթե բոլորը՝ հասարակ քաղաքացիներից մինչև վերլուծաբաններ և ուսանողներ:

Շատերը հասկանում են նաև, որ թեև իրավիճակը շատ լուրջ էր, իսկ բախումները՝ մասշտաբային, սակայն դա «լիարժեք պատերազմ» չէր:

Տեսանյութեր

Լրահոս