Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին այլընտրանք չկա. Մեդվեդև

Ռուսաստանն առավելապես հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, բանակցություններին այլընտրանք չկա: Այս մասին ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այսօր Բաքվում հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Կարծում եմ՝ բանակցություններին, խաղաղ կարգավորմանը ոչ մի այլընտրանք չկա, այդ պատճառով մենք, իհարկե, ողջունում ենք կրակի դադարեցումը, որը տեղի է ունեցել: Հուսով ենք՝ հրադադարը կկրի կայուն և երկարաժամկետ բնույթ և հուսալի հիմք կլինի այն բանի համար, որպեսզի ապասառեցվեն բանակցությունները ու այսուհետ ևս առաջ շարժվեն այն մոտեցումերի շրջանակում, որոնք վերջին տարիներին ձևավորվել են՝ մոտեցնել կողմերի դիրքորոշումները, որոնել փոխզիջումներ:

Որովհետև ոչ մի հակամարտություն երբեք չի ավարտվում կողմերից մեկի հաղթանակով, դա միշտ բարդ փոխզիջումների հավաքածու է, որին հարկավոր է գնալ հակամատության վերացման և հաստատուն խաղաղության ստեղծման նպատակով»,- ասել է Մեդվեդևը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո:

«Մենք առավելապես հանձնառու ենք հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելուն: Արդյունքի հասնելու համար ներդրվել են շատ լուրջ ուժեր: Մենք բոլորս դրան մասնակցել ենք, և ձեր խոնարհ ծառան որոշակի ժամանակ ակտիվորեն զբաղվել է այդ հարցով»,- հավելել է ՌԴ վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս