Բաժիններ՝

«Յուրաքանչյուր վիրավոր, որը հասել է վիրահատական սեղանին՝ փրկվել է»

ՀՀ ԶՈՒ բուժվարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց վերջին օրերին ընդհանուր բուժծառայության կատարած աշխատանքները:

«Ծառայությունը ռազմաբժշկական զորամասերում հենց առաջին իսկ օրից կազմակերպված է եղել ըստ մեր կողմից պլանավորված միջոցառումների: Յուրաքանչյուր օր կատարվել է աշխատանքի վերլուծություն, յուրաքանչյուր զինծառայող կրակի տակից դուրս է բերվել մեր բժշկական անձնակազմի կողմից: Հոսպիտալային օղակում ունեցել ենք մահվան մեկ դեպք. նա ստացել էր բազմաթիվ բեկորային վիրավորում: Դեպքը տեղի է ունեցել Մարտակերտի հոսպիտալում: Մնացած բոլոր դեպքերում յուրաքանչյուր վիրավոր, որը հասել է վիրահատական սեղանին, փրկվել է: Սա աննախադեպ ցուցանիշ է: Բուժծառայության կողմից կատարված աշխատանքը համահունչ է եղել մեր զինվորի հզոր կերպարին»:

Նա նշեց, որ երեկ երբ բժիշկները փորձել են դուրս բերել վիրավոր զինծառայողին, հակառակորդի կողմից ստորաբար ոչնչացվել է սանիտարական մեքենաներից մեկը, որի վրա առկա է եղել կարմիր խաչի նշանը. միջազգային կոնվենցիայով արգելված է կարմիր խաչի վրա կրակել. «Արդյունքում՝ ունեցել ենք մեկ մեքենայի կորուստ, բայց մարդկային կորուստ չենք ունեցել»:

Կ. Խաչատրյանի խոսքով՝ գրեթե մեկ ժամում բոլոր վիրավորները գտնվել են կայազորային հոսպիտալներում, որտեղ ստացել են լուրջ մասնագիտական օգնություն: Նա նաև նշեց, որ թեև համաշխարհային բոլոր բանակներում չկա հասկացողություն՝ առաջնագծում կատարել պլաստիկ վիրահատություններ ու փրկել վիրավոր զինվորի վերջույթը, բայց մեր մասնագետների պատրաստվածությունն այնքան լավ է կազմակերպված եղել, որ մեկ վիրավորի ենթածնկային զարկերակի մեծ դեֆեկտի պայմաններում կորաղացել են պլաստիկ վիրահատություն կատարել ու առանց ստորին վերջույթը հեռացնելու փրկել կյանքը. «Այդ պայմաններում կատարել ենք երկու պլաստիկ վիրահատություն, որի արդյունքում ստորին վերջույթները պահպանվել են»:

Նա ասաց, որ ունեցած վիրաբուժական խմբերով կայազորային հոսպիտալները ուժեղացվել են հենց առաջին օրվանից. «Հետագա էվակուացիան վիրավորների կազմակերպվել է Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալով՝ օդային կամ ցամաքային ճանապարհներով՝ դեպի Երևանի կենտրոնական հոսպիտալ կամ կայազորային հոսպիտալներ: Լուրջ համագործակցություն ենք ունեցել Առողջապահության նախարարության հետ: Մեր ռեզերվները, կարելի է ասել, չենք օգտագործել»:

Նա ընդգծեց, որ այսօրվա դրությամբ մոտ հինգ-վեց վիրավոր գտնվում են հանրապետության տարբեր կլինիկաներում, հանրապետության մյուս կլինիկաներում գտնվող վիրավորները նեղ մասնագիտական վիրավորներ են:

Իսկ ընդհանուր վիրավորների թիվը նրա խոսքով՝ 121- ն է, որից հինգ վիրավոր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, որից մեկի վիճակը հիմա ուղղակի ծանր է, տասը հոգի ծանր հիվանդներ են, մնացածը թեթև բեկորային վիրավորումներ ստացած զինվորներ են, որոնցից մոտ 90%-ը նրա խոսքով՝ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերականգնվեն. «Բոլորն այս պահի դրությամբ խնդրում են, որ դուրս գրենք ու վերադառնան իրենց ծառայության վայրերը ու նեղանում են, որ իրենց ընկերներին մենակ են թողել: Քիչ առաջ նորից մեկ վիրավոր ընդունեցինք, որը հրադադարի պայմաններում հակառակորդի կողմից կրծավանդակի և որովայնի վիրավորում էր ստացել՝ հյուսիս-արևելյան հատվածում»:

Նրա խոսքով՝ Երևանի կենտրոնական հոսպիտալում այս պահին կա 32 վիրավոր. «Այստեղ տեղավորում ենք միջին, ծանր ու ծայրահեղ ծանր վիճակների հիվանդներին: Մնացածներին տեղավորում ենք կայազորային հոսպիտալներում՝ ոչ Երևանում»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս