«Հարգեք Ղարաբաղն ու մտցրեք Մինսկի խմբի ֆորմատի մեջ». Ստեփան Գրիգորյան
Ղարաբաղը պետք է մտցնել Մինսկի խմբի ֆորմատի մեջ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:
«Մի՞թե չորսօրյա պատերազմը ցույց չտվեց, որ առանց Ղարաբաղի խնդիրը լուծելն անհնար է: Այդ ինչո՞ւ էին անընդհատ խնդրում մեր իշխանություններին, որ խնդրեն Ղարաբաղի իշխանություններին՝ հրադադար լինի: Չխնդրեիք: Գործոն է չէ՞ Ղարաբաղը, ուրեմն՝ հարգեք Ղարաբաղն ու մտցրեք ՄԽ ֆորմատի մեջ։ Ադրբեջանը ցույց տվեց, որ ուզում է հայերին քշել Ղարաբաղից։ Իրենք ուզում են հայաթափումով լուծել Ղարաբաղի հարցը»,-հստակեցրեց նա:
Նա նաև առաջարկեց, որ ԱԺ-ում անցկացվեն լսումներ, քանի որ նրա խոսքով՝ այլ շրջանակներում ևս շատ ու շատ օգտակար մտքեր կան. «Ի տարբերություն ադրբեջանցիների՝ մենք բաց ենք ու պետք է զբաղվենք նաև անհայտ կորածների խնդրով, և պետական մակարդակով աջակցենք այն մարդկանց, եթե մենք գերի ունենք այսօր»:
Նա հիշեցրեց 1949թ. Ժնևյան կոնվենցիան և ասաց, որ պետք է հղում անել դրան ու մի քանի կարևոր հարցեր բարձրացնել. «Ժնևյան կոնվենցիայի համաձայն՝ բնակավայրերի ռմբակոծումը ռազմական հանցագործություն է, երեխայի (այն էլ դպրոցի տարածքում), ծերերի սպանությունը ևս հանցագործություն է. լավ իրենք մի քանի ժամով մտան Թալիշ գյուղ, բայց ի՞նչ անհրաժեշտություն կար 80-ամյա ծերերին այդպես դաժանաբար սպանելու: Սրանք բոլորը մտնում են այդ հանցագործությունների մեջ։ Դեպք կար, երբ գլխատեցին մեր զինվորներից մեկին: Նույնիսկ եթե դու գերի ես վերցնում, գերիների նկատմամբ համապատասխան վերաբերմունք պարտավոր ես ցուցաբերել: Այս հարցերը պետք է բարձրացնենք ոչ միայն արդարությունը վերականգնելու համար, այլ նաև ցույց տալու համար, որ Ղարաբաղն այլևս չի կարող ապրել Ադրբեջանի լծի տակ: Մենք՝ հայերս, նաև պարտավոր ենք պահանջել, որ Ադրբեջանի կառավարությունը իր զինվորների դիակները վերադարձնի իրենց ընտանիքներին: Այո, թշնամիներ ենք, բայց միջազգային նորմեր կան»:
Ս. Գրիգորյանը ընդգծեց՝ այս օրերին հայ ժողովուրդը ցուցաբերեց բարձր մակարդակի ինքնանազմակերպման ունակություն. «Շատ կարևոր էր, որ համախմբվեցին նաև քաղաքական ընդդիմությունն ու իշխանությունը։ Լրատվամիջոցները ևս փայլում էին ու կարծում եմ՝ առաջին անգամ ինֆորմացիոն դաշտում ջարդեցինք ադրբեջանցիներին։ Դա արտահայտվեց նրանում, որ տարբեր երկրների փորձագետները, գիտնականները, քաղաքական ուժերը լավ տեղյակ էին իրադարձություններից, ու շատ ճիշտ ու ժամանակին արձագանքներ տվեցին: Ճշմարտությունը մերն էր, բայց գլխավորը, որ լրատվամիջոցները հասցնեին իրենց տալ այդ ինֆորմացիան:
Ադրբեջանի պրոպագանդիստական պրիմիտիվ մեքենան այս անգամ չաշխատեց նաև այլ պատճառով. այն փաստը, որ ազատությունների աստիճանը Հաաստանում ավելի բարձր է, իր մեծ դերը խաղաց։ Մեր լրատվամիջոցներն ավելի ազատ էին, ավելի բազմակողմանի ինֆորմացիա էին տալիս, ոչ ոք չէր թաքցնում զոհերի քանակը, խնդիրները: Ի՞նչ շահեց Ադրբեջանը, որ պրիմիտիվ միակողմանի տեղեկություններ էր տալիս։ Արտասահմանյան տարբեր լրատվամիջոցների ինտերվյու եմ տվել, ու գլխավորը որ ասում էին՝ կատաստրոֆա է. Ադրբեջանում չենք կարողանում մարդ գտնել, որից ինտերվյու վերցնենք»:
Ստեփան Գրիգորյանը նաև շնորհակալություն հայտնեց եզդի ժողովրդին. «Նրանք մեր քաղաքացիների մի մասն են, մեզ հետ հավասար պայքարել են ու միշտ մեզ հետ են»: