«Մենք գործ ունենք քաղաքակրթության պարզագույն կաննոներից ու գիտակցությունից զուրկ ցեղի հետ, որից պաշտպանվելը մեր պարտքն է». Տիգրան Մանսուրյան
168.am-ը ղարաբաղաադրբեջանական սահմանին հրահրված պատերազմական իրավիճակի շուրջ զրուցել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ
– Մաեստրո, Դուք հետևո՞ւմ եք այս օրերի լրահոսին:
– Ամբողջ ժամանակ հետևում եմ տարբեր աղբյուրների:
– Ճակատից եկող լուրերը Ձեզ առավել ոգևորո՞ւմ են, թե՞ մտահոգում:
– Ես ուզում եմ հավատալ, որ սա մեզ ցնցեց նորից, և այս ցնցումը մեզ օգտակար է լինելու՝ կրկին միաբանվելու, մեկ ամբողջություն դառնալու: Վաղուց սրա կարիքը կար՝ ամբողջանալու: Չեմ ասում և չեմ մտածում, որ այս համախմբումը միայն այսպիսի արդյունքում կարող է գոյանալ, չեմ պնդում, բայց ահավասիկ՝ եկավ ճգնաժամը, և վրա հասավ մեր ժողովրդի բարձր միակամությունը, որի համար ես շատ ուրախ եմ: Անշուշտ, ինչ տոնով և ինչ մանրամասներ շոշափելով էլ որ խոսենք այս ծանր, ողբերգական իրադարձությունների մասին, նախ և առաջ՝ պետք է գլուխ խոնարհենք զոհված հայորդիների հիշատակի առջև և Աստծո մխիթարությունը հայցենք որդեկորույս ընտանիքների մայրերի ու հարազատների համար, որտեղ եղել են այս սարսափելի մարդկային կորուստները: Խորապես ցավակցելուց հետո միայն ես կարող եմ ինչ-որ դատողություններ անել՝ պատերազմի հետ կապված Ձեր հարցերի վերաբերյալ:
– Եվ թեև մեր միակամության դիմաց պաշտոնական տվյալներով՝ երեկվա դրությամբ մենք վճարել ենք 7 տանկ, 20 զոհ, 26 անհետ կորած, 72 վիրավոր զինվոր և սպա, բայց և այնպես, մենք ունենք նաև նկատելի ձեռքբերումներ:
– Դա չի խոսում միակամության դիմաց տված վճարի մասին, այլ այն մասին, որ մենք հանկարծակիի ենք եկել:
– Մենք չէի՞նք սպասում, որ մեր թշնամին մեր քթի տակ է:
– Այնուամենայնիվ չենք սպասել, որովհետև կյանքն ինձ սովորեցրել է, որ այս տեսակ ռազմական գործողությունները մի կաբինետում չեն որոշվում, և ոչ էլ՝ երկու կաբինետում: Ո՞վ, որտե՞ղ, կամ ո՞ւմ շահերը որտեղ են բախվում այս ռազմական գործողությունների հետ, ես չգիտեմ:
– Իսկ եթե վերադառնանք բուն, անմիջական թշնամուն՝ Ադրբեջանին, ի՞նչ է նա ուզում ի վերջո ապացուցել վերսկսած նախահարձակ պատերազմով՝ փորձելով աշխարհին մեզ ներկայացնել՝ որպես «օկուպանտ» երկիր:
– Մենք ազատագրել ենք մեր հողերը, բայց սրա արմատները գնում-հասնում են մինչև Սովետական Միության կազմավորման տարիները, երբ, չգիտես ինչո՞ւ, Նախիջևանն ու Արցախը գնացին, դարձան Ադրբեջանի ինքնավար մարզ: Անհասկանալի էր այս ամենը՝ դեռ այն տարիներին: Խնդիրն այն է, որ դրանից առաջ էլ կային պատմական դրվագներ ադրբեջանցիների զավթողական քաղաքականության մշտական ներկայության մասին:
– Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը երեկ մեզ հետ զրույցում մի նկատառում կատարեց, թե դժվար է տարիներ շարունակ ապրել բաց ներվով՝ նկատի ունենալով նրանց, ովքեր վերջին երեսուն տարիների ընթացքում շարունակել են ապրել Արցախում:
– Անշուշտ, և այդ տեսակետից չես կարող չհիանալ նրանցով: Այսօրվա ամենահանգիստ, ամենավստահ, ամենահավասարակշիռ ու սթափ տարրն էլի Արցախի ժողովուրդն է մնում: Սա այն դեպքն է, երբ ֆիզիկական ոչնչացումը հարցի լուծում չէ իրենց համար: Նրանք, մենք էլ՝ իրենց հետ, պատրաստ ենք մինչև վերջ դիմադրելու, բայց այս հարցը պետք է ունենա իր ճշմարիտ ու արդարացի լուծումը, և վերջ:
– Ինչպե՞ս եք Դուք տեսնում այս հարցի ճիշտ լուծումը:
– Ես կարծում եմ՝ ճիշտ լուծումն արդեն իսկ եղել է, և մնում է վերջնականապես օրինականացնել դա՝ ճանաչելով Արցախի անկախությունը:
– Գիտե՞ք, որ երեկ նախագահ Սարգսյանն այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել՝ «Եթե իսկապես պատեազմական գործողությունները սահմանին շարունակական բնույթ կրեն, մենք կճանաչենք Արցախի անկախությունը»:
– Ուրեմն, քանի որ ես միջազգային իրավագիտությունից անտեղյակ մեկն եմ և չգիտեմ, թե ինչպե՞ս է ամրագրվում այդ անկախությունը, ո՞վ իրավունք ունի հայտարարելու դրա մասին, և ո՞վ՝ ոչ, ի՞նչ հիմքեր պետք է ունենա այդպիսի հայտարարություն անող երկիրը, ես այդ հարցը չեմ կարող քննարկել, բայց, եթե հասել է այդ պահը, և նախագահը գիտի, որ ինքն իրավաբանական հիմքեր ունի այդպիսի հայտարարություն անելու համար, ապա սա շատ լավ պահ է, և մենք հասել ենք որոշակիորեն կարևոր մի տեղ, որն այս պատերազմի արդյունքներից մեկը կարող է լինել մեզ համար՝ Արցախի անկախության ճանաչումը:
– Ինչպե՞ս եք մեկնաբանում միջազգային կառույցների արձագանքը սահմանին հրահրված ռազմական գործողությունների առնչությամբ:
– Երկակի: Այն տարիներին, երբ մենք թեժ պատերազմի մեջ էինք, կարծես համաշխարհային հանրությունը հետաքրքրված չէր մեզանով, բայց մենք այդ տարիներին մեր ծրագիրն իրականացրինք վերջնականապես և հստակորեն: Արդյունքում՝ եղավ հրադադարի այն պայմանագիրը, որ առաջարկվեց Ալիև ավագի նախաձեռնությամբ: Ես, իհարկե, չեմ կարող չհուզվել, երբ տեսնում եմ, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Կանադան, Միացյալ Ազգերի Կազմակերպությունը, այլ երկրներ ու դրանց ղեկավարներ սթափության կոչեր են անում՝ դադարեցնելու պատերազմը: Հուզվում ես… բայց, մյուս կողմից՝ ես չգիտեմ՝ ո՞ր մեկին գերադասելի համարեմ՝ հանրային ուշադրությունից հեռու գտնվելով՝ հաղթանակ գրանցե՞լը, թե՞ այն տեսակի ուշադրությունը, որտեղ տարբերություն չի դրվում ագրեսորի և դրա դեմ դուրս ելած ու նրան սաստող մեր բանակի միջև: Ուրեմն, ես ինչի՞ սպասեմ նրանցից, ինչո՞վ ուրախանամ՝ որ խոսե՞լ գիտեն, թե՞ որ իմ ցավն իրենց հասել է, չգիտեմ… Դիվանագիտությունը խոսել գիտե, անշուշտ, ու ճիշտ բաներ խոսել գիտե: Հուսանք, որ այդ խոսքն իր գործնական արտահայտությունը կստանա հստակորեն:
– Մաեստրո, Սփյուռքի արձագա՞նքն ինչպես եք գնահատում այս օրերին:
– Սփյուռքը մեր անբաժան մասն է, չէ՞, մասն էլ չէ՝ մենք նույն օրգանիզմն ենք: Նա իր ձայնը կարող է բարձրաձայնել իրեն որդեգրած իշխանությանը՝ Ֆրանսիային, Հունաստանին, Ամերիկային, և դա մեր ուժ կազմող, մեր շատ կարևոր բաղադրամասերից մեկն է: Համենայն դեպս, իրադարձություններն այնպիսի կայծակնային արագությամբ են զարգանում, որ զգացական դաշտից մինչև գործնական դաշտ տեղափոխվելն ու գործնական քայլեր դրսևորելն իրականում այդքան հեշտ գործ չի կարող լինել այսպիսի իրավիճակներում:
– Ձեր կարծիքով՝ սա երկարատև ու լայնամասշտաբ պատերազմի կվերաճի՞, թե՞ կմնա և կավարտվի՝ որպես կայծակնային պատերազմ:
– Ես կարծում եմ՝ կմնա՝ որպես կայծակնային պատերազմ: Համենայն դեպս, վերջին տարիներին ես գիտեմ ադրբեջանցի քաղաքագետների, ովքեր իրենց իշխանություններին համապատասխան կոչերով հրահրում էին կայծակնային պատրազմի՝ համարելով այդ կերպ Արցախի հարցը մեկընդմիշտ՝ իրենց օգտին, լուծելու լավագույն ելքը: Իրենց կարծիքով՝ սա մի քանի ժամվա պատերազմի հարց է ընդամենը: Այսպիսի տրամադրություններով ու ախորժակով իրենք իրենց վաղուց են գրգռում: Բայց էլի եմ ասում՝ նման ծրագրերի իրագործման որոշումը մեկ կամ երկու կաբինետում չի լինում: Ինչ էլ լինի, սա հասունացած պահ է՝ Թուրքիայի, Թուրքիա-Ամերիկա հարաբերությունների, թուրք-ադրբեջանական եղբայրության, ու արդեն՝ ռուս-թուրքական պատերազմի ֆոնին:
– Նախօրեից Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է մեր զոհերի անունները, բայց մենք ունենք նաև մեր օգտին գրանցած հաջողություններ: Ձեր ակնկալիքներն եմ ուզում փոխանցել մեր ընթերցողներին:
– Ես շատ եմ հավատում մեր հաղթանակի ոգուն, ո՛չ թե, որովհետև ճակատագիրը մեզ անընդհատ սովորեցրել է հաղթանակից հաղթանակ անցնել, և մենք պարտավոր ենք փառքի դափնիներն ու ժեստերը ցուցադրել սերնդեսերունդ… Ո՛չ, բոլորովի՛ն, ուղղակի նահանջի տեղ այլևս չկա: Մենք պետք է այս հարցը վերջնականապես լուծենք, և Արցախը պետք է ազատագրված, անկախ լինի: Դրա համար մեզ մեր հաղթանակն է պետք՝ մեր թշնամուն իր իրական տեղը ցույց տալով: Ես գիտեմ, վստահ գիտեմ, որ մենք ունենք փայլուն ռազմական գիտելիքների տեր զինվորականներ, ունենք հզոր ռազմական զենքեր, ունենք բանակ՝ զորավոր բանակ, և հաղթանակի համազգային ոգի: Տեսեք՝ սահմանին կռիվը մի քանի ժամ էր ընդամենը բռնկվել, և մենք միանգամից մի բռունցք դարձանք, մեկ մարմին և մեկ ոգի, ուրեմն այդ ուժը մեր մեջ է:
Ես հիանում եմ ավագ սերնդի այն զինվորականներով, ովքեր տարիներ առաջ ապահովել են այսօրվա մեր հաղթանակը և այսօր էլ գնում են՝ կանգնելու մեկ քայլ առաջ 18 տարեկան մեր զինվորներից: Ես հիանում եմ այդ տղամարդկանցով և կասկած անգամ չունեմ, որ մեր ծրագիրն իր փայլուն ավարտն է ունենալու: Կասկած չունեմ նաև, որ այս ամենի ավարտին մեր ձեռքին է լինելու Արցախի անկախացումը հաստատող միջազգային փաստաթուղթը: Արցախյան ազատագրման տարիներին, երբ մեզ պատերազմի մեջ ներքաշեցին, մենք չէինք, չէ՞, դա հրահրողը, մենք պաշտպանվող կողմն էինք: Այս անգամ էլ մենք նախահարձակը չենք: Եվ ուրեմն, եթե գոյություն ունի չեզոք գոտի, որը պետք է ապահովի մեր խաղաղ կեցությունը, ահավասիկ, պետք է տեսնի ու հասկանա, որ մենք առանց այդ տարածքների՝ ապահով չենք:
Մենք գործ ունենք քաղաքակրթության տարրական ու պարզագույն կանոններից ու գիտակցությունից զուրկ մի երևույթի, ցեղի հետ, որը, ախր, կարող է քնած մարդուն կացնահարել, և իր ժողովուրդը դրան հերոս կհռչակի… Դրանցից պաշտպանվելը մեր պարտքն է, և միջազգային հանրությունը, անշուշտ, պետք է սա հասկանա: Երկրորդ անգամ նորից հարձակվելով մեզ վրա՝ Ադրբեջանը մեզ պարտադրեց զենքը ձեռքներիս ոտքի կանգնելու՝ պաշտպանելու Ղարաբաղը ո´չ միայն՝ որպես ռազմական հաղթանակ, այլ նաև՝ դիվանագիտական ձեռքբերում: Ադրբեջանի նախահարձակ վարքագծի ֆոնին՝ Արցախի անկախության ծրագիրն առավել, քան կայուն հիմքեր ստացավ այս օրերին: