Պեսկովը մեկնաբանել է Ադրբեջանից LifeNews-ի նկարահանող խմբի արտաքսումը

Կրեմլում վստահ են, որ ԶԼՄ-ների խմբագրական քաղաքականությունը չի կարող լինել լրագրողների աշխատանքի սահմանափակման պատճառ:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ադրբեջանից LifeNews հեռուստաալիքի ռուս լրագրողներին արտաքսելու փաստը:

Նա խոստովանել է, որ տեղյակ չէ գործի մանրամասներից, սակայն նշել է, որ «խմբագրական աշխատանքը, անկասկած, չի կարող լինել ու չպետք է լինի իշխանությունների ինչ-որ գործողությունների պատճառ»:

Միաժամանակ, Կրեմլի ներկայացուցիչը հաստատել է, որ լրագրողները պետք է աշխատեն «օրենսդրական նորմերի» համաձայն:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևին, հայտնել էին, թե LifeNews-ի լրագրողներին վռնդել են Ադրբեջանից:

Նա հայտարարել է, որ լրագրողներն Ադրբեջանի տարածքում են աշխատել առանց հավատարմագրման: Գաջիևի խոսքով՝ վերջիններս LifeNews-ի ռեպորտաժներում խեղաթյուրել են իրական վիճակը՝ ներկայացնելով ոչ օբյեկտիվ տեղեկություն:
Պաշտոնական Բաքվին զայրացրել է, թե ինչպես է LifeNews-ը ներկայացրել իրավիճակն ադրբեջանական Թարթառ քաղաքում: Լրագրողը հայտնել էր, որ տեղացիները վախեցած են, խուճապի մեջ են և ստիպված են գիշերել մեքենաների մեջ:

Տեսանյութեր

Լրահոս