«Մինսկի խմբի համանախագահների կոչերը պետք է լինեն ավելի հասցեագրված». Ալեքսանդր Մարգարով
ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի կարծիքով՝ այն, ինչ կատարվում է այս պահին ԼՂՀ սահմանին, սկսվել է դեռ նախորդ տարվա ամռանը հայ-ադրբեջանական սահմանում:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա նշեց, որ անցած տարվանից կա միտում՝ էսկալացիայի բարձրացման. «Պարզ է, որ վերջին օրերի իրադարձություններն աննախադեպ էին իրենց ինտենսիվությամբ և ներգրավվածության աստիճանով: Թե ինչու հենց այս պահին եղան այս գործողությունները, բանական պատասխանը կարող է տալ միայն ադրբեջանական կողմը, եթե, իհարկե, նրանք բանականության ունակ են: Այս իրադրության ավարտից հետո Ադրբեջանից պետք է պահանջել պատասխան ու քայլեր կիրառել՝ դա չկրկնելու համար»։
Անդրադառնալով այսօր Վիեննայում նախատեսված Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը՝ Ալեքսանդր Մարգարովն ասաց՝ համանախագահները, բացի նրանից, որ պետք է կողմերին կրակի դադարեցման կոչեր անեն, այդ կոչերը պետք է լինեն ավելի հասցեագրված՝ նշելով, թե ով է կրում պատասխանատվությունը.
«ՄԽ համանախագահողների մանդատը հասկանալի է։ Նրանց գործողություններն ուղղված են նրան, որ կողմերի մեջ պահպանվի զինադադարը: Ադրբեջանական գործողությունները ցույց են տալիս պարզ բան՝ ՄԽ-ն այն ատյանը չէ, որի հետ նրանք պատրաստ ենք գնալ բանակցությունների, սակայն ՄԽ-ն այսօր համաշխարհային հանրության համար շարունակում է հանդես գալ որպես գլխավոր դերակատար»:
Բանախոսի խոսքով՝ մեր դաշնակիցը՝ ՀՀ և ԼՂ պաշտպանության բանակն է, բայց ըստ նրա՝ պետք է աշխատել նաև տարբեր ատյանների հետ:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, նրա խոսքով՝ Ռուսաստանը մի կողմից հանդես է գալիս, որպես ՀՀ-ի ռազմավարական դաշնակից, իսկ մյուս կողմից՝ ՌԴ-ն Մինսկի խմբի համանախագահող երկրներից է. «Ռուսաստանը չի ցանկանում փչացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ, նա Ադրբեջանին դիտում է որպես կարևոր երկիր, բայց ունեն պայմանագրային պարտավորություններ Հայաստանի հետ: Ռուսաստանի որոշումները բազմաշերտ էլեմենտներով են պայմանավորված»: