
Ադրբեջանը «Սմերչ» է կիրառել, քանի որ գիտակցում է, որ պարտվում է. Արմեն Ռուստամյան

Ադրբեջաննն անցած գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ կիրառել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, քանի որ գիտակցում է, որ պարտվում է: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Եթե իրենք շառավիղը մեծացնեն, մենք էլ պետք է մեծացնենք, բայց հենց սա, կարծում եմ, ահազանգ պետք է հանդիսանա միջազգային այն բոլոր ատյաններին, և առաջին հերթին անվտանգության հարցերով զբաղվող կազմակերպություններին` ԵԱՀԿ-ին և մյուսներին, որ հասկանան` խոսքը գնում է լայնամասշտաբ պատերազմ սանձազերծելու փորձի մասին: Բայց մենք համարժեք պատասխանը տալիս ենք, ռազմավարական խնդիրներ են:
Ստեփանակերտը ռմբակոծելու սպառնալիքը տրամանաբանական է, տեսնում են խուճապ չկա, ուզում են խուճապ առաջացնել: Իրենց մոտ խուճապը բնականորեն առաջացել է, մեզ մոտ հակառակը` կա մոբիլիզացիա, և որպեսզի դրա դեմն առնեն, դա էլ է ռազմավարական մարտավարության մեջ մտնում, որ բնակչության մեջ խուճապ առաջանա, որպեսզի անընդհատ սպասեն ռմբակոծումների»,- ասաց Ա.Ռուստամյանը:
168.am-ի դիտարկմանը, որ ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա, Ա.Ռուստամյանը պատասխանեց, որ Ադրբեջանին դա ձեռք չի տալիս. «ԱՄՆ պետդեպը բնական է, որ հայտարարել է, որովհետև համանախագահող երկիր է, և հենց այդ պրոցեսից է Ադրբեջանը հրաժարվում, որովհետև գիտի, որ այդ սկզբունքի կիրառումը մինչև վերջ առանց զենքի, զինուժի, իրեն ձեռնտու չի: Եվ դրա համար է ամեն ինչ անում, որ ազատվի այդ պրոցեսներից: Ինքն է միշտ մերժել առաջարկները, ինքն է ապակառուցողական կողմը եղել: Ամեն ինչ պետք է կոչել իրենց անուններով և դրա համար լավ մեկնարկ կարելի է համարել նախագահի երեք ուղերձները»: