Թշնամու հրետակոծությունից Մարտակերտ քաղաքում նոր ավերածություններ կան. քաղաքապետ
Մարտակերտում երեկ ժամը 14:00-ի դրությյամբ հակառակորդի կողմից վերսկսված ինտենսիվ հրետակոծությունը դադարեցվել է երեկոյան ժամը 23:00-ին:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը և ավելացրեց, որ այս պահի դրությամբ քաղաքում իրավիճակը հանգիստ է:
«Հակառակորդի կողմից երեկվա հրետակոծության հետևանքով Մարտակերտում նոր ավերածություններ կան: Այս պահին Մարտակերտի խաղաղ բնակիչներից կանայք, երեխաները ու ծերերը տեղահանված են անվտանգ վայրեր, բայց տղամարդիկ քաղաքում են, իրենց հայրենի հողում ու պատրաստ ենք պաշտպանելու մինչև հաղթանակ»,-ասել է Մ. Գյուրջյանը: Նշենք, որ Մարտակերտ քաղաքի վրա ապրիլի 2-ին, 3-ին և 4-ին ադրբեջանական զինուժը «ՄՄ-21» գրադ կայանքներով ու 152-մմ հրետանիով պարբերաբար ինտենսիվ կրակ է բացել: Թշնամու հրետակոծության հետևանքով շրջկենտրոնում վնասվել են առաձնատներ, ծառեր, ինչպես նաև քաղաքը սնուցող գազատար խողովակներ:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ստեղծված իրավիճակը շարունակում է պահպանվել, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: