«Կուլիսային դիվանագիտությամբ Մոսկվան և Վաշինգտոնը կողմերին կնստեցնեն բանակցային սեղանի շուրջ». Վադիմ Դուբնով

168.am-ի զրուցակիցն է ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը:

– Պարոն Դուբնով, սպասո՞ւմ էիք Դուք արդյոք իրադարձությունների նման կտրուկ զարգացում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Ինչպե՞ս պետք է որակվի տեղի ունեցողը:

– Ո՛չ իհարկե, ես չէի սպասում նման լարվածություն, իսկ որակել սա լայնամասշտաբ պատերազմական գործողություն՝ դժվար է, քանի որ մի կողմից՝ չկան նախադրյալներ պատերազմի համար և չեն եղել նույնիսկ 2014թ. բռնկված լարվածության հերթական փուլի ժամանակ: Սա, իհարկե, եթե փորձենք վերլուծել տրամաբանորեն: Իսկ ինչ վերաբերում է իրականությանը, ապա այս մի քանի օրերի իրադարձությունները պատերազմ են հիշեցնում, նույնիսկ, եթե չկան դրա նախադրյալները: Կարծում եմ՝ դա այսօր ամենակարևոր հարցն է` ինչ է տեղի ունենում այսօր: Իմ կարծիքով` սա իրական պատերազմի իմիտացիա է:

– Ինչո՞ւ:

– Առաջինը` շատ ուժեր են արդեն օգտագործվում շփման գծում, երկրորդ`ադրբեջանական կողմը փաստորեն ստանձնել է այս սրման ողջ պատասխանատվությունը, թեև ես այդքան էլ վստահ չեմ, որ այս ամենը սկսվել է իշխանության հարձակման հրահանգից, գուցե եղել է այնպիսի մի զարգացում, որից մենք տեղյակ չենք և չենք կարող լինել: Բայց իրադարձությունների զարգացման ընթացքը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմն է նախաձեռնել հարձակումը, և դա վերածվել է պաշտոնական դիրքորոշման: Ես չեմ կարծում, որ այդ դիրքորոշումը եղել է ի սկզբանե, ես չեմ կարծում, որ Ադրբեջանը ծրագրել էր հարձակում հենց ապրիլի 2-ի գիշերը: Իմ համոզմամբ, սա իրադարձությունների ինչ-ինչ զարգացման հետևանք է, որը չունի որևէ առնչություն քաղաքական գործընթացի, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների հետ, դա շփման գծի լարվածության խնդիրներին առնչվող հարց է, որը նման ճակատագրական ընթացք ունեցավ: Եթե ամփոփեմ, ապա սկզբից եղել են գործողությունները, որից հետո դրան տրվել է քաղաքական բնույթ:

– Ղարաբաղյան հակամարտության մասին խոսելիս՝ հնարավոր չէ չխոսել արտաքին դերակատարների մասին, այս դեպքում և՛ հասարակությունները, և՛ երկու երկրների փորձագիտական հանրությունները քննարկում են Մոսկվայի կամ Անկարայի ներգրավվածությունը ներկայիս իրավիճակին: Ձեր նախկին խոսքից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ բացառում եք այս հնարավորությունը:

– Իմ համոզմամբ, այստեղ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ռուսաստանը որևէ դերակատարություն չունեն, նրանք այս օրերին արտահայտում են այն հայտարարությունները, որոնք նրանք պետք է անեին իրենց որոշակի տարածաշրջանային դերերի շրջանակում: Ուստի ես չեմ կարծում, որ նրանք լուրջ ազդեցություն են ունեցել: Այն, ինչ այսօր տեղի է ունենում ղարաբաղաադրբեջանական շփման գծում, բացառապես Հայաստանի և Ադրբեջանի գործն է:

– Երեկ տեղեկատվություն տարածվեց, որ Սերգեյ Շոյգուն և Նիկոլայ Պատրուշևը պատրաստվում են մեկնել Բաքու: Այս առնչությամբ հստակ տեղեկություններ չկան այսօր, այնուամենայնիվ, հստակ են Ռուսաստանի կողմից հնչող տեսակետներն ու ակտիվությունը: Այս ֆոնին տպավորություն է ստեղծվում, որ արևմտյան պասիվության ֆոնին հնարավոր են Արևմուտքի հետ չհամաձայնեցված գործողություններ Ռուսաստանի կողմից, ընդհուպ՝ խաղաղապահ ուժերի տեղակայում: Ի՞նչ եք կարծում այս մասին:

– Կարծում եմ` Ռուսաստանը հետաքրքրված կլիներ խաղաղապահ ուժերի տեղակայմամբ, բայց ես չեմ կարծում, որ Ադրբեջանը կհամաձայնի: Այսինքն` այդ տպավորությունն այդքան էլ հիմնավորված չէ:

– Ձեր կարծիքով` այսօր ինչպե՞ս կարող են միջնորդները և կողմերը մեղմել իրավիճակը:

– Այստեղ առանցքային դեր կստանձնեն արտաքին խաղացողները միմյանց հետ քայլերի համաձայնեցմամբ` Մոսկվան և Վաշինգտոնը, որոնք ինչ-որ կերպ կողմերին կնստեցնեն բանակցային սեղանի շուրջ, գուցե ոչ այսօր, ոչ վաղը, այլ մյուս օրը: Գուցե սպասեն ՄԽ համանախագահների հանդիպմանը, որպեսզի ամբողջությամբ չթաղեն խմբի հեղինակությունը: Այստեղ ես կանխատեսում եմ կուլիսային դիվանագիտություն Մոսկվայի և Վաշինգտոնի միջև այս խնդրի կարգավորման ուղղությամբ, քանի որ որևէ մեկը պատերազմով հետաքրքրված չէ: Բանակցությունները կարող են ընթանալ ցանկացած վայրում` Մինսկում, թեկուզ Թբիլիսիում, Կիևում, բայց ես կարծում եմ, որ դրա կազմակերպման նախաձեռնությունը լինելու է Մոսկվայի և Վաշինգտոնի ձեռքում:

– Ի դեպ, Թբիլիսին պատրաստակամություն է հայտնել հյուրընկալել բանակցություններ: Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ է ենթադրում:

– Ես այդքան էլ լավ չեմ հասկանում` ինչ է ենթադրվում այդ միջնորդության ներքո, եթե այդ միջնորդության ներքո պետք է հասկանալ դահլիճի վարձակալություն, ապա դա մի բան է, իսկ եթե դա դիվանագիտական ակտիվություն է ենթադրում, ապա այստեղ ավելի բարդ է հարցը, քանի որ Թբիլիսին այնքան էլ չեզոք խաղացող չէ այս ողջ գործընթացում: Ես վստահ չեմ, որ Երևանը Թբիլիսիին կվստահի այնպես, ինչպես այդ երկրին Բաքուն է վստահում:

– Ձեր կարծիքով` ինչո՞ւ Շոյգուն և Պատրուշևը պետք է մեկնեն Բաքու:

– Այսօր այս ամենի նախաձեռնողը Բաքուն է, ուրեմն պետք է բանակցել Բաքվի հետ, այսինքն` առաջին շփումը պետք է Բաքվի հետ լինի, եթե այն լինի հաջողակ, ապա կարելի է Երևանի հետ ևս խոսել:

– Այսինքն` պետք է բանակցություններ վարեն ՌԴ պաշտոնյաները:

– Ես հասկանում եմ հարցի ենթատեքստը: Մոսկվան պարզապես խորհրդակցական աշխատանքներ կիրականացնի:

Տեսանյութեր

Լրահոս