Իրանում էական փոփոխություններ տեղի չեն ունենա՝ Հոգևոր առաջնորդն արդեն մշակել է արտաքին ու ներքին քաղաքականության տեսանելի ապագան. Գոհար Իսկանդարյան
Իրանի Իսլամական Հանրապետությունում հունիսի 28-ին կանցկացվեն տասնչորսերորդ նախագահական ընտրությունները։ Թեկնածուների գրացումը սկսվել էր դեռևս մայիսի 29-ին և ավարտվել հունիսի 3-ին։ Թեկնածուների գրանցումից հետո մեկ շաբաթ շարունակ Սահմանադրության Պահապանների խորհուրդը կստուգի թեկնածուների որակավորումները, այնուհետև թեկնածուների անունները կհրապարակի հունիսի 11-ին։
Նշենք, որ նախընտրական քարոզարշավը կսկսվի հունիսի 12-ին և կտևի 10 օր՝ մինչև հունիսի 27-ը։ Իսկ հաջորդ օրը՝ հունիսի 28-ին, տեղի կունենան նախագահական ընտրությունները։
Ի՞նչ սպասել Իրանի նախագահական ընտրություններից, ո՞ւմ կընտրի Իրանի ժողովուրդը, այս ամենից հետո Իրանի արտաքին քաղաքականությունը կարո՞ղ է փոխվել։
168.am–ի հետ զրույցում ԳԱԱ Արևելագիտության ինստիտիուտի Իրանի բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Իսկանդարյանը խոսելով այս հարցերի շուրջ, նախ ասաց՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում ընտրությունների կարգը տարբերվում է ՀՀ ընտրական համակարգից։
«80 թեկնածու նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել, սակայն սա դեռ ոչինչ չի նշանակում, որովհետև Սահմանադրության Պահապանների խորհուրդը պետք է ուսումնասիրի այդ թեկնածուներին և նրանցից ընտրի այն մարդկանց, ովքեր կարող են դառնալ նախագահի թեկնածու։ Եվ միայն այս դեպքում նրանք կարող են մասնակցել ընտրություններին, և ժողովուրդը կընտրի նրանցից որևէ մեկին։
Օրինակ, նախագահական 12-րդ ընտրություններին 1636 քաղաքացի հայտ էր ներկայացրել ընտրություններին մասնակցելու համար, սակայն Սահմանադրության Պահապանների խորհուրդը հաստատել էր ընդամենը 6 մարդու թեկնածություն։ Իսկ 13-րդ նախագահական ընտրություններին ընդառաջ 592 քաղաքացի էր դիմել՝ Սահմանադրության Պահապանների խորհուրդը հաստատել էր ընդամենը 7-ի թեկնածություն։ Այսինքն՝ այժմ ներկայացրած 80 հայտերից կտեսնենք, թե Սահմանադրության Պահապանների խորհուրդը քանի հայտ կհաստատի և միայն դրանից հետո կարող ենք որոշակի կանախատեսում անել, թե ովքեր կարող են հավակնել նախագահի պաշտոնին»,- նշեց Գոհար Իսկանդարյանը։
Նրա խոսքով՝ այս պահին բավականին հետաքրքիր կերպար է Իրանի Մեջլիսի նախկին նախագահ Ալի Լարիջանին, նրա եղբայրը՝ Սաղեդ Լարիջանին, երկար տարիներ եղել է դատական համակարգի ղեկավար, որին ուղիղ նշանակում է Իրանի հոգևոր առաջնորդը։ Այսինքն՝ այստեղ ակնհայտ վստահություն կա նրանց նկատմամբ։
«Հետաքրքիր մի քանի թեկնածուներ ևս կան, օրինակ Սայիդ Ջալիլին՝ միջուկային հարցերի շուրջ Իրանի նախկին գլխավոր բանակցողը, մասնակցության հայտ է ներկայացրել նաև նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, մի փոքր կասկած ունեմ՝ արդյոք Սահմանադրության Պահապանների խորհուրդը կհաստատի՞ նրա թեկնածությունը, թե՞ ոչ»,- շեշտեց Գոհար Իսկանդարյանը։
Ինչ վերաբերում է Իրանի արտաքին քաղաքականությանը, մեր զրուցակիցն ընդգծեց՝ Իրանի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը մշակվում է երկրի հոգևոր առաջնորդի և նրա գրասենյակի կողմից, Իրանի նախագահը դրա իրականացնողն է։
«Նոր նախագահի ընտրվելով՝ էական փոփոխություններ տեղի չեն ունենա։ Հոգևոր առաջնորդը և նրա գրասենյակն արդեն մշակել են Իրանի արտաքին ու ներքին քաղաքականության տեսանելի ապագան, և դա պետք է իրականացվի նախագահի կողմից»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Գոհար Իսկանդարյանը խոսեց նաև հայ-իրանական ներկայիս հարաբերությունների մասին՝ նշելով, որ հայ-իրանական հարաբերությունները զարգանում են բնականոն հունով։
«ԻԻՀ նախագահի զոհվելուց հետո, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնեց Իրան՝ մասնակցելու նրա հուղարկավորությանը, որի ժամանակ հանդիպել է նաև հոգևոր առաջնորդի հետ, Իրանի հոգևոր առաջնորդը հստակ նշել է, որ Հայաստան-Իրան սահմանը հանգուցյալ նախագահ Ռաիսիի համար խիստ կարևոր է եղել։ Կարծում եմ՝ հաջորդ նախագահը, ով էլ լինի, պետք է հանձնառու լինի այդ քաղաքականությունն իրականացնելու համար։ Մենք տեսնում ենք, որ այստեղ որևէ փոփոխություն չի կարող տեղի ունենալ։ Հայաստանն ունի իր տեղն ու դերն Իրանի արտաքին քաղաքականության մեջ։ Իրանի նախագահի փոփոխությունով հայ-իրանական հարաբերություններում որևէ փոփոխություն տեղի չի ունենալու»,- ասաց Գոհար Իսկանդարյանը։
Նա նաև արձանագրեց, որ Ռաիսիի մահից հետո հայ հասարակությունն ինքնաբուխ գնաց ՀՀ-ում Իրանի դեսպանատան մոտ՝ ծաղիկներ խոնարհեց, մոմեր վառեց, հազարավոր մարդիկ դեսպանատան սգո մատյանում գրառումներ կատարեցին, ինչը բավականին դրական արձագանք ունեցավ հարևան Իրանում։
«Օրեր առաջ, երբ ՀՀ-ում՝ Լոռիում ու Տավուշում, տեղի ունեցավ բնական աղետ, Իրանի «Կարմիր մահիկը» արագ արձագանքեց և նշեց, որ իրենք կարող են օգնել ու աջակցել Հայաստանին։ Մենք տեսնեում ենք, որ երկու երկրների միջև համագործակցությունը բավականին դրական դինամիկա է արձանագրում, երկուստեք կարևորում են համագործակցությունը։
Այլ հարց է, որ մենք ունենք բազմաթիվ նախագծեր, որոնք այս պահի դրությամբ չեն իրականացվել, հուսով ենք, որ ներկայիս իշխանություններն ի վիճակի կլինեն այդ նախագծերը կյանքի կոչելու։
Որոնք են այդ նախագծերը՝ գիտենք, որ բավականին երկար քննարկվում է երրորդ էլեկտրահաղորդման գծի ավարտի հարցը, որը ձգձգվում է։ Ճանապարհների հետ կապված խնդիր ունենք՝ պետք է վերանորոգվեն ու վերակառուցվեն։ Տևական ժամանակ խոսվում էր Մեղրիի ՀԷԿ-ի մասին, բայց կարծես թե այս հարցը դուրս է մնացել լուսանցքից։ Կարծում եմ՝ այս պահի դրությամբ ամենակարևոր հարցը Հյուսիս-Հարավ ծրագրի իրականացումն է, հատկապես, երբ տեսնում ենք, որ այդ ծրագրի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում արդեն Հնդկաստանը։ Ճանապարհը խիստ կարևորվում է թե՛ Իրանի, թե՛ Հնդկաստանի կողմից, առավել ևս, խիստ կարևոր է մեր երկրի համար»,- եզրափակեց Գոհար Իսկանդարյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Իրանի նախագահին, արտգործնախարարին և մի խումբ պաշտոնատար անձանց սպասարկող ուղղաթիռը ստիպված էր եղել «կոշտ վայրէջք» կատարել, որից հետո կապն ուղղաթիռի անձնակազմի հետ կորել էր։ Այնուհետև հայտնի դարձավ, որ ուղղաթիռի ուղևորները՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմատին, Թավրիզի իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը և ևս 5 մարդ (ներառյալ՝ անձնակազմը) զոհվել են։
Նշենք, որ Իրանի նախագահը, արտգործնախարար և մյուս պաշտոնյաները վերադառնում էին իրանա-ադրբեջանական սահմանին Իլհամ Ալիևի հետ՝ Արաքսի վրա կառուցված ՀԷԿ-ի բացման արարողությունից։