Նաիրա Զոհրաբյանը՝ «ջեբկիր» Պեդրո Ագրամունտի «խայտառակ» հայտարարության մասին

«Այլևս ակնհայտ է միջազգային հանրության համար, որ Ադրբեջանը ահաբեկչական պետություն է, իսկ ահաբեկիչները չեն հասկանում այլ լեզու, ուժից բացի»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Նա անդրադարձավ նաև իր իսկ բնորոշմամբ «ջեբկիր» Պեդրո Ագրամունտի «խայտառակ» հայտարարությանը, որը կոչ է արել Հայաստանին՝ «զորքերը դուրս բերել Ադրբեջանի օկուպացված տարածքներից համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի»:

Ըստ Ն.Զոհրաբյանի` ԵԽ ԽՎ իսպանացի նախագահը, որ 47 անդամ երկրի նախագահ է, իր հայտարարությամբ դարձել է ռազմական հանցագործ Ալիևի հանցակիցը, սատար է կանգնել Ադրբեջանին, իր անմիջական աջակցությունը հայտնելով ռազմական հանցագործ Ալիևին, իր անմիջական աջակցությունը հայտնելով ընդամենը մեկ օր Ադրբեջանի ձեռքում գտնված Թալիշ գյուղի խաղաղ բնակիչների սպանդին:

«ՀՀ-ն` որպես ԵԽ ԽՎ լիիրավ անդամ, պետք է իր վերաբերմունքը հայտնի ստահակ Պեդրո Ագրամունտի հայտարարությունների վերաբերյալ: Պեդրո Ագրամունտը ստահակ Ալիևի մեղսակիցն է»,- ասաց Ն.Զոհրաբյանը:

Նա նշեց, որ ՀՀ-ն պետք է նոտայով դիմի ՀՀ-ում ԵԽԽՎ գրասենյակին. «Ստահակին պետք է կոչել ստահակ»:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ երեկ խոսակցություն է ունեցել Ագրամունտի հետ, տեղեկացրել է, որ Ադրբեջանն է նախահարձակ եղել: Նաև նշեց, որ պետք է տեղեկացնի բյուրոյի աշխատակիցներին, պատվիրակությունը նույնպես մասնակցում է աշխատանքին, որպեսզի ԵԽԽՎ բոլոր պատվիրակները իրականությունն իմանան:

Տեսանյութեր

Լրահոս