ԵԽԽՎ նախագահը կոչ է անում հայկական զորքերը դուրս բերել «Ադրբեջանի օկուպացված տարածքներից»
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի սրման կապակցությամբ դարձյալ հանդես է եկել հայտարարությամբ, որը հրապարակվել է ԵԽԽՎ կայքում:
«Ես չափազանց անհանգստացած եմ՝ լսելով Լեռնային Ղարաբաղում բռնությունների մասին զեկույցները ու խորապես տխրել եմ երեկ զոհվածների համար»,- գրել է Ագրամունտը:
Վերջինս դիմել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկու կողմերին՝ կոչ անելով հետևել հրադադարի ռեժիմին ու անհապաղ խաղաղ բանակցություններ սկսել ԼՂ հակամարտության լուծման համար:
Հիշեցնելով, որ Հայաստանը և Ադրբեջանը 2001 թվականին Եվրոպայի խորհրդին միանալիս ստանձնել են ԼՂ հակամարտությունը լուծելու համար օգտագործել միայն խաղաղ միջոցներ, վերջինս երկու երկրների կառավարություններին կոչ է արել զերծ մնալ բռնություններից և ողջունել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շփման գծում ռազմական գործողությունները «միակողմանի դադարեցնելու» հայտարարությունը:
Նա նաև կոչ է արել «Հայաստանին զորքերը դուրս բերել Ադրբեջանի օկուպացված տարածքներից համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի»: