«Այս կորուստը ոչ միայն մարդու, այլև շատ կոնկրետ տեսակի կորուստի ահանզանգ է». Արմեն Զաքարյան
ՔԴԵԴ-ի տնօրեն Արմեն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տականքը հասարակությունից է, տականքն անհասցե որևէ տեղից չեկավ: Տականքը սպանել է Կարենին: Կարենը Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի առաջին տարվա շրջանավարտ է` Արծվիկ Մինասյանի, Շիրակ Թորոսյանի, Աննա Իսրայելյանի, Նորայր Նորիկյանի և այլոց դասարանից: Պաշտոնական ցավակցության ձևակերպումները մեր դեպքում տեղին չեն. Կարենը մարդու առանձին տեսակ էր, ճանաչեցինք այդպիսին, այդպիսին էլ մնաց` անցած տաս տարիներին չփոխվեց: Այդպիսի երկրորդն այդպես էլ ՔԴԵԴ-ով չանցավ:
Ազնիվ էր, երեխայամիտ ինքնասածի, համոզմունքին անդավաճան, անխարդախ էր, դրանով շատ էր տարբերվում: Այնպիսի ազնիվ էր, որ նման վարքագիծը հասարակության, ցավոք, ոչ այնքան սակավամարդ հատվածի կողմից գնահատվում է պարզապես «հարիֆություն»: Ու երկու տականք, որ ողջ ազգուտակը միասին վերցրած չէին էլ մոտենա Կարենի ինտելեկտուալ շեմին, սպանել են: Ինքն իր ազնվության զոհն է, բայց հասարակական ողբերգության խորությունն ավելին է` հասարակության ներսում թիրախավորվում է ազնիվ ու ինտելեկտով մարդը: Տականքը տեսակին համարում է անպաշտպան ու ոչնչացնում:
Կարենին կորցրեցինք, հասարակություն ու հասարակականորեն պատասխանատուներ, այս կորուստը ոչ միայն մարդու, այլև շատ կոնկրետ տեսակի կորուստի ահանզանգ է, մթնոլորտի մնայունության պարագայում սա դառնալու է մարդկայնորեն ավարտվող տեսակի կորուստ, երբ խոցված չլինելու համար հարկավոր է լինելու խոցողից շատ չտարբերվել: Թույլ մի տվեք հասարակությունը դառնա այդպիսին…»: