Բաժիններ՝

«Կարևոր գործ եք անում, շատ կարևոր գործ». Խոսրով Հարությունյանը` Արամ Հարությունյանին

Այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀՀ և Եվրասիական զարգացման բանկի միջև 2015 թ. հոկտեմբերի 16-ին Երևանում ստորագրված «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրին: Ջրային պետական կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյանը ներկայացրեց, որ ԵԶԲ-ն ծրագրի իրականացման համար Հայաստանին տրամադրում է 40 մլն դոլարի չափով ներդրումային վարկ: Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի ոռոգման համակարգերի արդիականացումը և ջրօգտագործողների միավորումների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումն է: Ծրագրով նախատեսվում է բարձրացնել ոռոգման համակարգերի արդյունավետությունը, մեծացնել ոռոգվող հողերի մակերեսը, զարգացնել կառավարչական կարողությունները, ինչպես նաև՝ բարձրացնել ՋՕՄ տեխնիկական հագեցվածությունը, և այլն:

Ա.Հարությունյանի խոսքով` ծրագիրը բաղկացած է 4 հիմնական բաղադրիչներից` մեխանիկական ոռոգման համակարգերի փոխարինումն ինքնահոսով, հիմնական և միջտնտեսային ջրանցքների վերականգնում, ՋՕՄ ներտնտեսային ոռոգման համակարգերի արդիականացում և ՋՕՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում:

Ըստ նրա` գյուղատնտեսական նպատակների համար կայուն և որակյալ ջրամատակարարման ապահովումը, ինչպես նաև՝ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումն էապես կնպաստեն երկրում գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալների աճին:

«Կարևոր գործ եք անում, շատ կարևոր գործ: Էնքան բան է փոխվում գյուղացու համար»,- ոգևորված նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի կարծիքով` արդյունքում՝ ոչ միայն ջուրն է էժանանում, այլև՝ գյուղմթերքի ինքնարժեքն է նվազում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս