Բաժիններ՝

«Հին վոժդ ես, բայց …». Վարդան Այվազյանը` Արմեն Եղիազարյանին

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում բուռն քննարկում ծավալվեց անշարժ գույքի կադաստրի ոլորտում փոփոխությունների վերաբերյալ «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկի առաջարկների շուրջ:

Հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրեց, որ գործող օրենքի համաձայն՝ անշարժ գույքի գնահատումը կարող է իրականացվել միայն անշարժ գույքի գնահատողների կողմից, որոնք սահմանված կարգով ստացել են անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայական: Որակավորման վկայական ստանալու համար անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնել ցանկացող անձը քննությանը մասնակցելու համար պետք է վճարի պետական տուրք 3000 դրամի չափով և անձամբ ներկայանա ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ ներկայացնելով՝ դիմում-հայտ, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, բարձրագույն կրթության վկայագրի (դիպլոմ) պատճենը և մասնագիտական որակավորման ստուգմանը մասնակցելու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը: Այնուհետև, 20 օր հետո հայտատուն պետք է դրական հանձնի որակավորման քննությունը, ինչից հետո, եռօրյա ժամկետում, ստանա վկայական:

Ընդ որում, օրենքի 21 հոդվածի պահանջների համաձայն նշված վկայականը տրվում է երեք տարի ժամկետով, որի համար օրենքով սահմանված է 20000 դրամ պետական տուրք:

Ա.Եղիազարյանի խոսքով` իրենք առաջարկում են վերացնել գնահատողի որակավորման քննությունները, քանի որ վկայականի համար գործողության ժամկետ սահմանելը ոչ արդյունավետ է, հատկապես այն դեպքում, երբ գնահատողը զբաղվել է գնահատման գործունեությամբ և նրա մասնագիտական գիտելիքները դրա արդյունքում ավելանում են, և ոչ թե ընդհակառակը:

«Էս օղակը ստեղծեցինք` մրից հելանք, ընկանք մրջուրը` քաղաքացին երկու տեղ ա մուծում: Կա՛մ էդ մարմինը պետք ա, կա’մ պետք չի: Եթե պետք ա, պետք ա իրականացվի վերահսկողություն»,- հայտարարեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Ըստ նրա` անշարժ գույքի գնահատողների համար որակավորման քննություններն անհրաժեշտ են և պետք է վերահսկել ոլոտը, այլապես նույն կերպ կարելի է քաղծառայողների քննությունն էլ հանել:

Ա.Եղիազարյանի կարծիքով` եթե գնահատողների որակավորման քննություն է անհրաժեշտ, ապա քննություն պետք է տան նաև քարտեզագրողները և շատ ուրիշ մասնագետներ:

«Եղիազարյա’ն, հին վոժդ ես, բայց մեկ-մեկ նենց բան ես ասում, որ ես էլ եմ զարմանում»,- նկատեց Վ.Այվազյանը:

Պատգամավոր Թևան Պողոսյանի դիտարկմամբ` այդ դեպքում բժիշկներն էլ պետք է պարբերաբար քննություններ հանձնեն, որովհետև բժշկությունը արագ զարգացող ոլորտ է:

Հանձնաժողովի անդամները միմաձայն պնդեցին, որ գնահատողների քննություններն անհրաժեշտ են, իսկ ծախսը նվազագույն է:

Վ.Այվազյանը նշեց, որ օրենսդրական նախաձեռնությունը պետք է հանձնաժողովի դրական եզրակացությունով մտնի ԱԺ օրակարգ, բայց պարտադիր քննարկեն:

Ըստ Թ.Պողոսյանի` խնդիրն ուրիշ տեղում է: Նա նշեց, որ վերջին շրջանում շատ է քննարկվում անշարժ գույքի ոլորտում անօրինական վճարների հարցը. «Էստեղ կոռուպցիոն ռիսկեր կան, առաջարկում եմ լսումներ կազմակերպենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս