Բաժիններ՝

«Փամփուշտները գլխիս մոտով էին անցնում, մայրս ասում էր՝ հետ չնայես, առաջ նայիր և վազիր»

aparaj.am. «ԼՂՀ Ասկերան շրջկենտրոնից 14 կմ դեպի արևելք, Ակնայի անմիջական հարևանությամբ է գտնվում Խրամորթ գյուղը:

Գյուղ մտնելուն պես աչքի են զարնվում գյուղի ավերակները, որոնք վկայում են, որ վաղ անցյալում այստեղով է անցել եւ իր անջնջելի հետքը թողել պատերազմը: Այսօր գյուղը Արցախի այն եզակի գյուղերից է, որտեղ խնդիրներ քիչ կան: Այժմ այն 450 բնակիչ ունի: Գյուղում կա դպրոց, ուր սովորում է 66 աշակերտ, 16 հոգանոց նախադպրոցական խումբ, ակումբ, բուժկետ, լուծված են ջրի, գազի, էլեկտրաէներգիայի խնդիրները: Բնակարանային խնդիրները նույնպես գրեթե լուծված են, բացառությամբ` երկու բազմազավակ ընտանիքների բնակարանների, որոնց աշխատանքներն ընթացքի մեջ են, եւ գալիք տարի, ինչպես գյուղապետ Արգեն Մկրտչյանն է վստահեցնում, պատրաստ կլինեն շահագործման:

Այսօր գյուղացիներն ապրում են իրենց բնականոն կյանքով` փորձելով անտեսել այն բոլոր արհավիրքները, որոնց ենթարկվել է գյուղը:

Նախքան պատերազմը` գյուղը 210 տնտեսություն, 800-ից ավելի բնակիչ ուներ: Գյուղացիների համար պատերազմն սկսվել է 1991 թվականի հոկտեմբերի 5-ին, երբ գյուղի ուղղությամբ արձակվեց առաջին «ալազանը»:

Կարդացեք նաև

«Մինչ այդ դեպքը` գյուղի ուղղությամբ կրակում էին ավտոմատներով, սակայն սա առաջին դեպքն էր, որ «ալազանով» կրակեցին: Զոհեր չունեցանք այդ օրը: Կարծում եմ` ազերիները նպատակ ունեին վախեցնել եւ խուճապ ստեղծել գյուղում, սակայն, ի զարմանս նրանց, դա տեղի չունեցավ, գյուղը չլքեցին գյուղացիները»,-նշում է գյուղի բուժքույր Սրբուհի Աղաջանյանը:

Պատմում է, որ այդ օրերին էլ գյուղն ապրում էր իր բնականոն կյանքով: Երեխաներին դպրոց էին ուղարկում, գյուղացիներն աշխատում էին այգիներում, կանայք հաց էին թխում գյուղի թոնիրներում:

«Հաճախ ազերիները, թոնրի ծուխ տեսնելով, կրակում էին թոնիրների վրա, մենք էլ` խմորը թողած փախչում, պատսպարվում էինք: Երբ կրակոցները դադարում էին, հետ էինք գալիս, թոնիրը վառում, հաց թխում»,-շարունակում է Սրբուհին:

1990-ականներին ձեւավորվեց գյուղի 120 հոգանոց ջոկատը: Սակայն զենք, զինամթերք չկար եւ չէին կարող արժանի հակահարված հասցնել թշնամուն:

Դեկտեմբեր ամսի վերջին գյուղի բնակիչները տեղափոխվել էին գյուղի դպրոցի նկուղ: Նոր տարուն էին պատրաստվում: Տոնածառն էլ էին զարդարել: Կեսօր էր, երբ գյուղից 400-500 մետր հեռավորությունից սկսեցին տանկերով կրակել գյուղի ուղղությամբ:

Գյուղի ջոկատի տղաներն օգնության հասան եւ դպրոցից անմիջապես տարհանեցին բնակիչներին: Նրանց ուղեկցեցին մինչեւ գյուղի մոտակայքում գտնվող լեռներ, որտեղից էլ նրանք ճանապարհվեցին դեպի մոտակա գյուղեր:

1991 թվականի դեկտեմբերի երեսունմեկին Արուսյակ Գրիգորյանն ընդամենը 14 տարեկան դպրոցական էր: Ասում է՝ այսօրվա պես հիշում է այդ օրվա իրադարձությունները:
«Դպրոցի շենքում էինք: Ժամը 1-ին ուժեղ ձայնից ցնցվեց ամեն ինչ: Մեզ օգնեցին` դպրոցի պատուհանով դուրս գանք: Վազելով գնացինք եւ մոտակա ավտոտնակի մեջ պատսպարվեցինք: Սակայն կրակոցները չէին դադարում: Այդ վայրկյանին մեծերից մեկն ասաց՝ պետք է դեպի լեռներ փախչել: Ամբողջ գյուղը, մեծ ու փոքր, վազում էին լեռներն ի վեր: Գյուղում միայն ծերերը մնացին: Հիշում եմ, թե ինչպես էին փամփուշտները գլխիս մոտով անցնում: Սակայն մայրս ասում էր՝ հետ չնայես, առաջ նայիր եւ վազիր: Այդպես լեռն անցանք, հասանք Խնապատ»,- հիշում է նա:

Այդ օրը խնապատցիներն իրենց դռները բացեցին բոլորի առջև: Ոչ մեկը դրսում չմնաց, բոլորին ապաստան տվեցին եւ ամիսներով պահեցին իրենց տներում:

Դեկտեմբերի 31-ին, երբ ազերիները ռուսների հետ Խրամորթ մտան, միայն գյուղի մեծահասակներն էին մնացել, սակայն նրանք վայրենաբար սպանեցին բոլորին: Երբ գյուղի բնակիչները վերադարձան մեծահասակների դիակներն ամենուր էին, մեկին մորթել, մյուսին՝ այրել, մյուսի վրա պարպել զենքերը, դիակներն էլ պղծել էին:

«Երբ գյուղ եկանք, սարսափելի տեսարան բացվեց մեր առաջ: 11 մեծահասակ էին սպանել, մի քանի տուն ավերել: Գյուղի տղաներով հավաքեցինք դիակներն ու թաղեցինք»,-հիշում է Արգեն Մկրտչյանը:

Որոշ ժամանակ անց գյուղացիները գյուղ եկան: Սակայն երկար չտևեց նրանց անդորրը: 1992 թվականի հունվարի 31-ին գյուղը նորից հարձակման ենթարկվեց: Այս անգամ թշնամին գյուղ մտավ զինտեխնիկայով եւ բեռնատար մեքենաներով:

«Երբ հեռվից տեսանք նրանք ամբոխը, անմիջապես գյուղի բնակիչներին տարհանեցինք: Հասկացանք, որ անիմաստ է դիմակայել նրանց, նամանավանդ, որ զենք էլ չունեինք: Երբ գյուղ մտան` արդեն գյուղում մարդ չկար: Հեռվից տեսնում էինք, թե ինչպես են թալանում գյուղի տները: Այնուհետեւ ամբողջ գյուղը հրի մատնեցին: Գյուղում մի տուն չմնաց: Ամբողջը վառեցին»,- ասում է Ա. Մկրտչյանը:

Մինչեւ 1993 թվականը գյուղի ջոկատը մասնակցեց Ասկերանի մի շարք ուղղություներում տեղի ունեցած մարտերին: Հաճախ գիշերները գյուղ էին գալիս, գյուղի դպրոցում տեղակայված ադրբեջանական ջոկատին վնասներ հասցնում, ականներ դնում: 1993 թվականի հունիսի 26-ին գյուղն ազատագրվեց: Խրամորթի ջոկատը պատերազմի ընթացքում 33 զոհ ունեցավ:

Չնայած 1993-ին է գյուղն ազատագրվել, սակայն գյուղացիները սկսեցին վերադառնալ միայն զինադադարից հետո: Շատերը տեղափոխվեցին Ղարաբաղի այլ բնակավայրեր, մյուսներն արտագաղթեցին Ռուսաստան:

Արուսյակ Գիրգորյանը հիշում է այն օրը, երբ հայրենի գյուղ վերադարձան: Երբեմնի մարդաշատ եւ աշխույժ գյուղն արդեն չկար: Հատուկենտ մարդիկ էին վերադարձել: Ամեն ինչ ավերված էր:

«Առաջին մի քանի տարին գոմում էինք մնում` մինչեւ տունը վերակառուցեցինք: Մայրս անընդհատ հույս էր տալիս մեզ, որ շուտով բոլորն էլ կվերադառնան եւ առաջվա պես կապրենք: Սակայն ոչինչ առաջվանը չէր այլեւս, փոքրերս էլ ժամանակից շուտ էինք մեծացել եւ ամեն ինչ հասկանում էինք: Իմ հասակակիցները արդեն պատերազմ տեսած, տղաներից շատերն էլ պատերազմին մասնակցած էին»,- ասաց նա:

Զինադադարից 21 տարի անց էլ խրամորթցիները հաճախ են լսում սահմանի կրակոցները: Սակայն վստահություն ունեն, որ այլեւս ոչ մի վտանգ նրանց չի սպառնում:

«Վախի կամ խուճապի նշույլ անգամ չի լինում` նույնիսկ երբ կրակոցներ են լսվում: Սակայն ամեն անգամ շունչներս պահած աղոթում ենք, որ հանկարծ սահմանին կանգնած տղաներին ոչինչ չպատահի: Վստահ եմ՝ մի օր այս կրակոցներն էլ տակավին կլռեցվեն եւ խաղաղությամբ կապրենք»,- եզրափակում է Արուսյակ Գրիգորյանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս