«Ես այն մարդն եմ, ում իմ հերոսները վստահում են իրենց կյանքի վերջին րոպեները, ազնվորեն խոստովանում եմ՝ չեմ ուզում»
Սա հարցազրույց չէ, այլ սովորական զրույց՝ երկու վաղուց իրար ճանաչող լրագրողի և դոկումենատալիստի, ովքեր գրեթե մշտապես ապրում են միևնույն՝ փոշոտ, անդադար վերաձևվող, բայց հարազատ քաղաքում, և ովքեր մի երեկո, աշխատանքային ամենասովորական երկար օրվանից հետո, հոգնած ու սոված հանդիպեցին երևանյան մի սրճարանում, որտեղ Արմանը հաճախ է լինում, ու սկսեցին խոսել՝ ո՞նց ես, ի՞նչ նորություն ունես…
Մենք մատուցողից խնդրեցինք մութաբալ, բայց չգիտես ինչու՝ նա որոշեց հրամցնել մեզ անհասկանալի մի կերակուր՝ հավով, ոլոռով ու, էլ չեմ հիշում, թե ինչ բաղադրիչներով, թեև համեղ էր։ Արմանը նախընտրեց օղի խմել, ես՝ հանքային ջուր։ Սա նախորդող կիսատ մնացած զրույցի շարունակությունն էր՝ ոչ կոնկրետ խնդրի կամ թեմայի շուրջ։
– Ես չեմ սիրում կիսատ թեմաներ թողնել։ Երեք կիսատ բան կա, որոնցից փորձում եմ ամեն կերպ ազատվել։ Առաջինը դագաղագործների մասին ֆիլմն էր՝ «Բաժանորդն անհասանելի է», բայց ես դա ավարտեցի, մյուսը հորս մասին ֆիլմն է, որ դեռ շարունակում եմ նկարել ու ավարտին հասցնել, և երրորդը, կիսատ է ու այդպես էլ կիսատ մնաց այնքան, որ արդեն այդ միտքը փտում է իմ մեջ՝ խաղարկային ֆիլմ նկարելու ցանկությունը։ Ես դասավանդում եմ, ուսանողներ ունեմ, նրանց բացատրում եմ, թե ոնց է պետք կինո նկարել։ Ես ուսումնասիրել եմ ու դեռ շարունակում եմ ուսումնասիրել խաղարկային ֆիլմի նրբությունները, գիտեմ՝ ինչպես է պետք նկարել, բայց դեռևս հնարավորություն չեմ ունեցել իրականացնելու իմ ամենամեծ կիսատ թողած ցանկությունը, թեկուզ՝ կարճամետրաժ։
– Սա արդեն սկզբո՞ւնք է՝ նկարել խաղարկային կինո։
– Պետք չէ սկզբունք որակել այն, որ դու կյանքում խնձոր չես կերել և երազում ես ուտել։ Սա ընդամենը ցանկություն է՝ ես տարիներ շարունակ խաղարկային կինո եմ սովորել։ Իմ վարպետը Դմիտրի Կեսայանցն է եղել։ Դու, իհարկե, կարող ես ասել, որ կինոն՝ կինո է, ես կավելացնեմ՝ վավերագրությունը պակաս բարդ չէ, քան խաղարկային կինոն, նույնիսկ շատ ավելի բարդ է, որովհետև վավերագրությունը մարդագիտություն է։ Խաղարկային կինոն մարդագիտական պատմությունը վերարտադրելու փորձ է՝ կառնավալ, շոու, խաղ՝ ինչ անուն ուզում ես՝ տուր դրան։
– Ինչո՞ւ, դու կյանքում քի՞չ ես խաղում։
– Հենց դա է՝ իմ ամենօրյա կյանքն է արդեն վերածվել խաղարկային կինոյի։ Էն բոլոր էքշընները, որ կարող էին լինել իմ խաղարկային ֆիլմում՝ հիմա իմ առօրյա կյանքում են։ Ես մի բանաձև էի մտածել՝ խաղարկային կինոյում դերասանը հյուր է ռեժիսորին, վավերագրության մեջ՝ ռեժիսորն է իր հերոսի հյուրը։ Լինել այնպիսի հյուր, որ տանտերը չուզենա, որ դու հեռանաս, ահավոր դժվար է։ Դրա համար դու պետք է շատ լավ հոգեբան լինես, շատ լավ մասնագետ։
– Արման, դու քանի՞ տարեկան ես։
– Անձնագրային տարի՞քս ես հարցնում, թե՞ մարդագիտական։
– Երկրորդը։
– Շատ ծեր եմ։
– Զգացվում է, գիտե՞ս։
– Իմ ամենասիրելի զբաղմունքը մարդն է, ես մարդուն ահավոր շատ եմ սիրում։
– Մարդուն սիրելն իրականում ամենօրյա ծանր աշխատանք է, եթե, իհարկե, դու իսկապես սիրելու մասին ես խոսում։ Դժվար է ապրել՝ անդադար մարդուն սիրելով։
– Ես մարդկանց սիրում եմ էնպիսին, ինչպիսին իրենք կան։ Փոփոխություններ համարյա չեմ անում իրենց հետ, որովհետև դա համարում եմ ապուշություն։ Մարդուն չես կարող փոխել, ոնց կա՝ կա։ Բայց կարող ես օգնել, որպեսզի ինքը կարողանա ինքնաճանաչողությամբ զբաղվել։
– Մարդիկ կան, որ աներևակայելի համառությամբ ընդդիմանում են, երբ փորձում ես օգնել, որ ճանաչի ինքն իրեն։
– Հենց դրանում էլ կայանում է մարդագիտության գաղտնիքը։
– Շատ աղմկոտ է այստեղ, ինչո՞ւ որոշեցիր հարցազրույցի համար հենց այս տեղն ընտրել։
– Իմ սիրած տեղերը միշտ եղել են այնպիսիները, որտեղ կարող ես էժան գնով, բայց համեղ սնվել, որը մարդաշատ է, գլամուր չէ, որտեղ մարդիկ իրենց ցույց չեն տալիս, այլ այնպիսին են, ինչպիսին կան, որտեղ մուսկուլատուրա չկա։ Սնունդն այստեղ շքեղ չի, բայց որակով է, ոսկե պատառաքաղներ ինձ պետք չեն ու երբեք պետք չեն եղել, ես տանն էլ ոսկե պատառաքաղներով հաց չեմ ուտում, և, եթե մի օր հարստանամ՝ էլի կյանքում երբեք այդպես չեմ վարվի։
– Մի ասա՝ եթե հարուստ լինեի, այս չէի անի, այն կանեի… էդպես շատ մարդիկ են ասել՝ քեզ պես…
– Բայց ինչի՞, ես հիմա էլ շատ հարուստ եմ իրականում։
– Գիտեմ՝ ինչի մասին ես ասում, դա ուրիշ հարստություն է…
– Ես կյանքում աղքատ չեմ էլ եղել, որովհետև, այն, ինչ ինձ պետք է եղել, ես ունեցել եմ։ Բախտս բերել է, որովհետև իմ բնական վիճակների մեջ շատ բան պետք չէ հարուստ զգալու համար։
– Օրինակ, ինչի՞ ես ձգտել, որին հասել ես։
– Իրականում՝ ինչի որ ձգտել եմ, ունեցել եմ՝ ժպտադեմ մայր, ինձ սիրող եղբայր, հիանալի ընկերներ, սիրելի մասնագիտություն, հաճելի տուն, առօրյա ծախսերս բավարարող աշխատավարձ։ Ճիշտ է, երկու տարի ես լուրջ ֆինանսական կրիզիսներ ունեցա, բայց չեմ ճանաչում և չեմ էլ ճանաչել որևէ դոկումենտալիստի՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ ԱՊՀ երկրներում, որ ստացել է ինձնից շատ աշխատավարձ, կարողացել են իմ չափ օգտվել կյանքի հաճույքներից ու եղել են իմ չափ երջանիկ։ Այնպես որ, ես առանձնապես բողոքելու տրամադրվածություն չունեմ։
– Բայց ցանկացած մեդալ ունի իր հակառակ երեսը՝ ճանապարհդ նույն չափ հա՞րթ է եղել։
– Չէ, բոլորովին։ Ես դրանք ցույց չեմ տալիս առանձնապես։ Երբ դու գալիս ես մեր տուն հյուր՝ ծնունդս շնորհավորելու կամ պարզապես ընթրելու, ես հո քեզ չե՞մ պատմում, թե, օրինակ՝ ընկերոջս հետ ո՞նց եմ կռվել, կամ մորս հետ՝ ով ասել է, որ ես սրիկա եմ, կամ թե ի՞նչ է ասել եղբայրս՝ ինձ, կամ ես՝ եղբորս, որ ես չմարված վարկեր ունեմ, և այլն։
– Բայց այդ ամենը հետք է թողում, չէ՞ որ դու բաց ներվով ապրող ստեղծագործող մարդ ես։
– Ես դիտորդ եմ, կյանքին նայում եմ՝ որպես հանդիսատես՝ կողքից։
– Ո՞նց ես կարողանում քո խնդիրներին նայել կողքից։
– Դիագնոզ եմ դնում ու փորձում եմ լուծել, ոչ թե տառապել։ Իրականում ամեն ինչ այնքան պարզ էգ բարդ բան չկա։
– Մինչև հիմա եղե՞լ են քո կյանքում այնպիսի դրվագներ, որոնց համար ափսոսել ես։
– Հա, բայց դրանց մասին չեմ խոսի։
– Ինչի՞։
– Որովհետև դրանք սպիներ են, որոնք պետք է անցկացնես քո ապրվելիք կյանքով։ Մի երկու բաներ են եղել, իրականում շատ չեն դրանք։
– Համաձա՞յն ես, որ քո նկարահանած բոլոր ֆիլմերում միանման մի գիծ կա, որ կարմիր թելի պես առկա է բոլորում՝ հերոսներիդ ճակատագրերը, կամ չգիտեմ ինչը, բայց դրանք իրար նման են։ Ի՞նչը կարող է ամեն անգամ քեզ համար ֆիլմի թեմա դառնալ, որի վրա դու խաղադրույք ես դնում, որ կդառնա ֆիլմ։
– Հիմա «Շարմն» ալմանախի պես ֆիլմ է նկարում, որին արդեն մի քանի սցենար տվել եմ, վաղը տալու եմ ևս երկուսը՝ հույսով, որ կընդունեն։ Բայց գիտե՞ս ինչումն է խնդիրը՝ կարևորը թեման չի, այլ ռեժիսորական հայեցակարգը, մոտեցումը թեմային։ Հիմա ես քեզ ու մեկ այլ խոհարարի կտամ տոլմա պատրաստելու նույն մթերքները և կխնդրեմ, որ տոլմա պատրաստեք։ Ձեզանից մեկի մոտ դա կստացվի հանճարեղ, մյուսի մոտ՝ այլանդակություն կամ ստանդարտ ճաշարանային տոլմա։ Շատ կուզենայի, որ այդ ալմանախի մեջ ոչ թե իրար նման ֆիլմեր ընդգրկվեին, այլ, եթե դա իսկապես ալմանախ է, ապա հայ տարբեր ռեժիսորների ձեռագրեր ամփոփվեին մի թեմայի մեջ։ Գեղեցիկը դրա մեջ է։ Շատ կուզենայի դա անել, որովհետև սա շատ լավ առիթ կլինի, որպեսզի ես վերջապես նկարեմ իմ երազած խաղարկային կարճամետրաժը։
– Ի՞նչ սցենարներ ես առաջարկել այդ ալմանախի համար։
– Օրինակ, մեկը մի մարդու մասին է, ով ամբողջ կյանքում՝ դեռ փոքրուց, երազել է սեփական անկյուն ունենալու մասին՝ սեղանի տակ տուն է սարքել, հետո, մի քիչ մեծացել է՝ հողամասում գարդոններով տունիկ է սարքել, հետո փախել է, ընկերներով գնացել են պադվալում անկյուն են սարքել, օֆիսում աշխատելու տարիներին իր սեփական անկյունն է ունեցել, հետո ամուսնացել է, երեք հարկանի շքեղ տուն է կառուցել։
Բայց այդպես էլ իր անկյունը չի ունեցել, որովհետև, օրինակ՝ կինը, ամեն անգամ սեղանը սրբելուց էլի ամեն ինչ տակնուվրա է արել, մեծացել է՝ թոռներ, ծոռներ է ունեցել, բայց իր անկյունն այդ մեծ տան մեջ ընդամենը մի աթոռ է եղել… Մյուս սցենարը, որ նորից վաղը պետք է հանձնեմ, մի մարդու մասին է, ում օրը սկսվում է խնդիրներով՝ առավոտյան լողանում է՝ ջուրը կտրվում է, ուզում է տանից դուրս գա՝ հեռախոսը ձեռքից ընկնում-կոտրվում է, դուռն ուզում է փակի՝ բանալին լռվում է, գնում է գործի՝ խցանման մեջ է ընկնում, հասնում է օֆիս՝ շեֆն էշ-էշ գոռգոռում է…
Մի խոսքով՝ ամբողջ օրը թարս է, բանկից են զանգում, թե՝ վարկերդ փակի, պարտքատերն է հայտնվում, բա թե՝ ո՞ւր ես, վերջում էլ գիշերը՝ տուն գալիս, տաքսիստը 100 դրամ խաբում է։ Սա գժվում է արդեն՝ էն, որ կարկուտը ծեծած տեղն է ծեծում, իր համար են ասել։ Արդեն ուզում է գոռալ՝ ե՜րբ է էս օրը վերջանալուգ մտնում է տուն, նայում է ժամին ու ինքն իրեն մտածում՝ երբ է ժամը 12-ը գալու, որ էս օրը վերջանա ու ինչ-որ բան փոխվի իր կյանքում, ու կինը կամ մայրը, կարևոր չէ, ասում են՝ բան չկա, ամեն ինչ նորմալ է, քնի, կանցնի։ Այսպես վերջանում է կինոն։ Ամեն օրը մի նոր կյանք է…
– Դու պատմում ես, ու ես հասկանում եմ, որ սա լրիվ քո փիլիսոփայությունն է, որով դու ապրում ես։ Քո ամենօրյա կյանքը, որով դու ապրում ես՝ տրագիկոմեդիա է, էլ չեմ ասում, որ այս երկու սցենարն էլ, որոնք դու պատմեցիր, թվում է, քո իրական կյանքն էիր նկարագրում։ Շատ հեռու չես գնացել, փաստորեն…
– Ես կոմեդիա չեմ ուզում, հասկանո՞ւմ ես, այլ բան, որ իմ մոտ ամեն կադրի մեջ կոմեդիա կլինի։
– Ինչո՞ւ չես գնում Հայաստանից։
– Իրականում ես շատ եմ ուզում գնամ Հայաստանից, ինչ-որ կարճ ժամանակով։ Ես ուզում եմ ուրիշ երկրում տուն ունենամ, որովհետև Հայաստանն ինֆորմացիայի առումով ահավոր ծանր երկիր է։ Էստեղ չափից դուրս շատ ինֆորմացիա կա, մենք ինֆորմացիայի ծանր «բագաժ» ունենք՝ էստեղ թաղված մեր պատմությունը, հիշողությունները, Ցեղասպանության հուշարձանը, մեր մամաները, քաղաքից եկող խորովածի հոտը, մարշրուտկաների միջի սոխառածի հոտը, ծխող վարորդները, և այլն…
– «… думаешь, в другом месте лучше…»?.
– Չէ, իհարկե, ամեն տեղ էլ նույնն է, ուղղակի, երբ ես ուրիշ մի տեղում մի ապուշություն եմ տեսնում, անտարբեր եմ դրան, իսկ երբ հարցնում են՝ ինչի՞ ես էստեղ անտարբեր, իսկ էնտեղ ծանր ես տանում, ասում եմ՝ որովհետև սա իմը չէ, հասկանո՞ւմ եսգ իմ հերոսներից մեկը՝ «Բաց երկնքի տակ» ֆիլմից, մի այսպիսի բան է ասում՝ «Год новый, а проблемы старые…»։
– Դու ինչ-որ փախուստի մեջ ես, հետաքրքիր է՝ դա փախուստ է ինքդ քեզնի՞ց, թե՞ իրականությունից, որովհետև դրանք տարբեր բաներ են …
– Էս վերջերս մտերիմներիցս մեկը հարցրեց՝ Արման, հեչ եղե՞լ է, որ դու ուզենաս, որ քո մտերիմները չլինեն, կամ, որ ցանկություն առաջանա թքել-հեռանալ Հայաստանից, որ չուզենաս կարոտես որևէ մեկին՝ երկիրդ, գիշերը ժամը 24։00-ից հետո հեռուստացույցով ստիպված չլինես լսել «Մեր հայրենիքը»… Իրականում էդ «Մեր հայրենիքը» լսելու պայքարը մենք ենք տարել, մեր սերունդը, որ դա լինի, բայց արդեն զզվելի է դարձել, որովհետև պարտադրված է։ Էդ պարտադրանքներից ենք մենք իրականում փախնում։ Հայաստանը հոգնեցնում է իր պարտադրանքներով։
Ես իմ ուսանողներին անընդհատ ասում եմ՝ հրաժարվեք էդ պարտադրված սերերից, պարտադրված քնքշանքներից, պարտադրված կինոյի կանոններից։ Դա դաստիրակության սխալ էլեմենտներից է, որ ես փորձում եմ որոշակիորեն կոտրել նոր սերնդի մեջ։ Մեր մոտ իշխանափոխություն պետք չէ, սերնդափոխություն է պետք անել՝ հասարակությունը հիվանդ է, մարդիկ հոգեպես տգետ են։
– Ի՞նչն ես դու պարտադրված անում, կամ ո՞վ կարող է քեզ ինչ-որ բան պարտադրել։
– Հիմա արդեն ոչ ոք։ Բայց այդ «հիմա»-ին ես հասել եմ զրկանքների գնով՝ լացելով, անկյուններով մուննաթ գալով, ձեռքերս պատերին խփելով, միտինգներին գոռալով, ոստիկաններից բողոքելով, սյուրռեալիստական սցենարներ գրելով ու բողոքելով, որ իմ սցենարները ոչ ոք չի հասկանում՝ հազար ու մի էս տեսակ բաներով։ Հիմա ազատության մեծ հոսք է մտել Հայաստան, ու դրա արդյունքում՝ հասարակության կողմից առաջարկը լղոզված մի բան է դարձել։ Ինքն ուզում է լինել պոռնիկ՝ քահանայի շորերով, բիզնեսմեն՝ մարգարեի կեցվածքով, բայց այդպես չի լինում, հնարավոր բան չէ դա…
– Իսկ դո՞ւ, ի՞նչ ես դու ուզում։
– Օ՜… Ե՞ս… Ես հիմա ունեմ մի լուրջ պրոբլեմ, որի դեմ բոլոր եղած ուժերով ուզում եմ պայքարեմ՝ իմ երազկոտությունն է պակասել։ Դա ստեղծագործող մարդու համար ահավոր վտանգավոր բան է, որ դու երազկոտ չես այլևս, մեջս փոթորիկներ չկան…
– Դու ծերացել ես, ընդ որում՝ ծերացել ես ոչ միայն՝ արտաքնապես, այլև՝ հոգեպես…
– Դե՜ ուրեմն, Աստված իմ հետ…
Լռություն…
– Գիտե՞ս ինչ, ծերությունը վատ բան չի, եթե…
– Եթե դու պատրաստ ես լինել ծեր…
– Այո, եթե դու սիրես այդ վիճակը…
– Այ, օրինակ, քո ֆիլմերից պարզ է, որ դու շատ ես սիրում ծերերին, դա անառարկելի ճշմարտություն է, բայց կա մի բան, որ ինձ անհասկանալի է մնում, թե ինչի՞ են քո հերոսներն իրար հետևից մահանում։
– Դա մարդիկ են ուզում հորինել։ Իրականում իմ պատմությունները ես չեմ կառուցում, այլ մարդիկ, ընդ որում՝ այնպես, ինչպես իրենք են ուզում՝ իրենց կարճ երևակայությամբ։ Իրականում իմ հերոսներից ոչ բոլորն են մահացել, բայց քանի որ պատմությունների շեշտակիությունը մահացությունների հետ է կապվում, դրանք ընդգծված են դառնում։
Միգուցե պատճառը նրանում է, որ աշխարհում շատ քիչ ֆիլմ կգտնես, որտեղ մի ֆիլմում հերոսներից երկուսն էլ մահանում են՝ իրենց բնական մահով, թեև, իմ կարծիքով՝ ահավոր անբնական է, քանի որ իրենց այդ վիճակին հասցրել էր իրականության նենգ ճնշման գիտակցումը։ Երբ ես գնացի դիահերձարան՝ հասկանալու, թե իմ երկու հերոսներն ինչի՞ց մահացան, ինձ այնտեղ ասացին, որ նրանք օր առաջ կարող էին մահանալ։
Եվ ասեմ ավելին. երբ մենք Սաքոյի (նկատի ունի ֆիլմի օպերատոր Սարգիս Խարազյանին.- Ն.Մ.) հետ գնացինք նրանց նկարելու, նրանք՝ իմ երկու հերոսներն էլ մեզ ասացին մի բան, որից մենք անակնկալի եկանք՝ «А вы знаете-мы уже собираемся умирать…»։
Սաքոն ասաց՝ ես չեմ նկարի, բայց չմանրամասնեմ, թե ինչպե՞ս և ինչո՞ւ այդ ֆիլմը նկարահանվեց։ Հիմա քանի որ դու այդ հարցն ինձ տվել ես, ես այսպես կպատասխանեմ՝ իմ հերոսները պայծառ ֆիլմային կենսագրություն և մահ ունեցան այդ ֆիլմում, որը ես ինքս չէի ուզում, թեկուզ այն օբեկտիվ պատճառաբանությամբ, որ, երբ այս ֆիլմն ինձ Մոսկվայից պատվիրեցին, ցանկացան տեսնել պայծառ կինո։
Էդ ֆիլմի մոնտաժի ամբողջ ընթացքում ես տառապում էի՝ թե ո՞նց անեմ, որ պայծառ ֆիլմ ստացվի, մահը «չերևա»։ Որքան կարողացա՝ արեցի։ Մյուս ֆիլմիս հերոսը, որը մահացավ, լարախաղաց պապիկն էր, որ արդեն ծեր էր։
«Բարս մեդիայի» մոտ սովորություն կա՝ մի ֆիլմն անել մի քանի ամիսների ընթացքում, և դա պրոֆեսիոնալ ու պրոդյուսերական առումով գրագետ մոտեցում է։ Էդ մարդու հայ-հայն եկել, վայ-վայն էր մնացել, ու մահացավ։ Ես ուրիշ ֆիլմեր էլ ունեմ, որոնց հերոսները նույնպես ծեր են, բայց չեն մահացել, և ոչ ոք, չգիտեմ ինչու, դրա մասին չի խոսում։ Հիմա ազնվությամբ հայտարարում եմ, թե ինչի՞ են իմ հերոսների ճակատագրերն այդպես դասավորվում։
Ես չգիտեմ, չեմ հասկանում և, առավել ևս՝ կապ չունեմ դրա հետ։ Ես ուղղակի այն մարդն եմ, ում իմ հերոսները վստահում են իրենց կյանքի վերջին րոպեները, որը, ազնվորեն խոստովանում եմ, ես չեմ ուզում, բայց, եթե դա այդպես է, ապա ես դա հպարտորեն ընդունում եմ։
– Դու կարծեմ բավականին երկար աշխատեցիր «Բարս մեդիայում», և որքան հիշում եմ ՝ լավ արդյունքներ գրանցեցիր այդ ընթացքում։ Ինչո՞ւ որոշեցիր դուրս գալ այնտեղից։
– Ես «Բարս մեդիայից» դուրս եմ եկել այն պատճառով, որ իմ յուրաքանչյուր ֆիլմի արտադրություն տևում էր երեք տարի, և իմ ստեղծագործական կենսագրությունը, երեք տարի շարունակ, թաղվում էր պրոդյուսերական փողերի մեջ։ Այնինչ, եթե Երիցյանի պոտենցիալը պրոդյուսերական առումով ավելի արագ կազմակերպվեր, ապա ինքը կարող էր անել տարվա մեջ երկու ֆիլմ։
– Այսինքն, դու մեղադրո՞ւմ ես պրոդյուսերներին։
– Չէ, ես շնորհակալ եմ պրոդյուսերներից այսօրվա կատաստրոֆիկ պրոդյուսերական աղքատ ու հիվանդ մթնոլորտում հրաշքներ անելու ու ինձ չորս ֆիլմ նվիրելու համար։ Քիչ բան չի արվել։ Բայց գոյություն ունի մի մեխանիզմ, ըստ որի՝ դու պետք է տաս, պետք է մաշվես, սպառվես, որը ահավոր բան է, բայց «Բարս մեդիայից» ես գոհ եմ, որովհետև ես ինձ համարում եմ բազմազավակ երեխաների հայր՝ «Բարս մեդիայի» հետ։
– Իսկ ե՞րբ ես ամուսնանալու, որ բացի ֆիլմերից՝ իրական երեխաներ ունենաս։
– Կնո՞ջ հետ։
– Դե, այո։
– Ես կանանց չեմ սիրում։
– Ինչո՞ւ։
– Ուզում ես ասեմ, որ ես հոմոսեքսուալի՞ստ եմ։
– Բոլորովին ցանկություն չունեմ նման բան լսելու, պարզապես հարցնում եմ՝ ինչո՞ւ։
– Ես մոտավորապես 8 անգամ լրջորեն ամուսնանալու ցանկություն եմ ունեցել և հայտնել եմ այդ մասին։ Իմ ամենասիրելի կերպարը, ում ես մինչև օրս սիրում եմ՝ Սյուն է, ով հիմա Փարիզում է։ Մինչև հիմա սիրտս թպրտում է իր անունը լսելուց։ Դրանից հետո մի պահ նորից սիրահարվեցի մի աղջկա ու պատրաստ էի ամուսնանալու, բայց չեմ հասկանում՝ կամ ես եմ սխալ աղջիկների ընտրում, ովքեր վախկոտ են դուրս գալիս, կամ ես զահլա չունեմ էդ վախկոտությանը դիմանալու։
Կինն ինձ համար ուրիշ մոլորակ է։ Էդ ուրիշ մոլորակին ծանոթանալու համար ինձ պետք է իր թույլտվությունը։ Ես կարող եմ առանց իրենց թույլտվության ներխուժել՝ լկտի, բրուտալ տղամարդու վարքագծով, բայց ես անկախ մարդ եմ, ու իրենք պետք է դա հասկանան։
– Ուրեմն դու սխալվեցիր, երբ ասացիր, որ աղջիկներին չես սիրում։
– Չէ, ես ուղղակի հոգնել եմ իրենցից։ Եթե դու 8 անգամ ամուսնանալու համար շատ լուրջ քայլեր ես նախաձեռնում ու դեմ ես առնում իրենց գժություններին, ապա մնում է մտածել, որ ամուսնությունից հետո դու ուղղակի կմահանաս, որովհետև, եթե իրենք այդպիսի գժություններ են անում դեռ ամուսնությունից առաջ, ապա ինչերի՜ են ընդունակ դրանից հետո՝ արյունս կխմեն երևիգ Դրա համար է, որ չեմ սիրում իրենց, բայց եթե նրանցից որևէ մեկն իմ մոտեցումներն ընդունի ու գնահատի ըստ էության, ես իրեն թագուհու պես կպահեմ, և դա պարզ ու բացահայտ ասում եմ։
Հ.Գ. Զրույցն Արման Երիցյանի ցանկությամբ, առաջարկով և նախաձեռնությամբ՝ նվիրվում է ռեժիսորի երկու մեծ ուսուցիչներին՝ Ժակ Ենգիբարյանին և Դմիտրի Կեսայանցին։