Բաժիններ՝

«Ժամանակակից հանքարդյունաբերությունը կարող է լինել զարգացած, ապահով և բնապահպանական տեսանկյունից՝ լավ կառավարվող»

Ամուլսարում հանքարդյունաբերության համար նախատեսվող շինարարական աշխատանքները սկսվելու են այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին։ Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց հանքը շահագործել պատրաստվող «Գեոթիմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը։

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ Հայաստանում Կանադայի դեսպանատան հետ համատեղ, երեկ Երևանում կազմակերպել էր հայ-կանադական գործարար համաժողով, որը նվիրված էր երկու երկրների գործակցության հետագա հնարավորությունների բացահայտմանը։
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանն իր բացման խոսքում ասաց, որ հանքարդյունաբերական ոլորտում ներկայիս իրավիճակը չի բավարարում պետության և հասարակության կողմից ներկայացվող պահանջներին։

«Մասնավորապես, ծախսերի և եկամուտների վերաբերյալ հանքարդյունաբերական ընկերությունների և պետական հաշվետվության մակարդակը բարելավման կարիք ունի»,- կարծում է նախարարը։ Նրա խոսքով՝ այդ նպատակով համաշխարհային բանկի փորձագետների հետ իրականացնում են աշխատանքներ՝ արդյունահանող արդյունաբերության բանակցության նախաձեռնությանը Հայաստանի անդամակցելու համար։ Նա նշեց նաև, որ Կառավարության դիրքորոշումն այս հարցում շատ հաստատուն է, և հնարավոր ամեն ջանք գործադրելու է՝ հնարավորինս շուտ այդ նպատակին հասնելու համար։

Armenian-Canadian business forum dedicated to the mining industry took place at Armenia Marriott Hotel

Կարդացեք նաև

ՀՀ-ում Կանադայի դեսպան Ջոն Քերին էլ նշեց, որ այն, ինչը կոչվում է կանադական մոդել, իրենք կիրառում են ոչ միայն՝ Կանադայում, այլև՝ բոլոր այն երկրներում, որտեղ կան կանադական ընկերություններ։ Հարցին՝ Հայաստանն այսօր ի՞նչ նախապայմաններ ունի՝ միջազգային ստանդարտներին համապատասխան հանքարդյունաբերություն իրականացնելու համար, դեսպանը պատասխանեց. «Էներգետիկայի և բնական պաշարների նախարարն արդեն նշեց՝ Հայաստանը համագործակցում է նաև միջազգային կառույցների հետ՝ այս ուղղությունը զարգացնելու համար, ինչպես, օրինակ, Միջազգային բանկն է։ Դա շատ կարևոր է, քանի որ Կանադան նաև բազմակողմանի աշխատում է միջազգային կազմակերպությունների հետ այս ասպարեզում»։

«Գեոթիմ» ընկերության տնօրեն Հ. Ալոյանի խոսքով՝ Կանադան աշխարհում առաջատար հանքարդյունաբերող երկրներից է, և այս ֆորումը լավ հնարավորություն է՝ ծանոթանալու կանադական փորձին և նորագույն միտումներին հանքարդյունաբերության ոլորտում։
«Որպես Տորոնտոյի ֆոնդային բորսայում գրանցված ընկերություն՝ «Գեոթիմ» ընկերությունը կիրառում է կանադական և այլ երկրների հանքարդյունաբերության փորձը՝ Ամուլսարի ծրագրում, և կանադական հանքային ծրագրերը լավագույն օրինակն են այն բանի, որ այսօր ժամանակակից հանքարդյունաբերությունը կարող է լինել զարգացած, ապահով, բնապահպանական տեսանկյունից՝ լավ կառավարվող, ինչպես լինելու է Ամուլսարի հանքավայրը»,- նշեց նա։

Հ. Ալոյանը հայտնեց, որ Ամուլսարի հանքարդյունաբերության և շինարարական աշխատանքներին մասնակցել և մասնակցելու են կանադական ընկերությունները և մասնագետները։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Ջերմուկի բնակչությունը դեմ է Ամուլսարի հանքավայրի շահագործմանը, և դա համարում են զբոսաշրջության հետ կապված խնդիր: Հարցին՝ ի՞նչ եք պատրաստվում անել այդ առումով, Հ. Ալոյանը պատասխանեց, որ ընկերությունն աշխատում է համայնքների հետ 2007 թվականից, իրականացնում է սոցիալական ծրագրեր, և այդ ծրագրերի մեջ կա մի ուղղություն, որը նպաստելու է Ջերմուկ քաղաքի տուրիզմի զարգացմանը. «Կարծում եմ, որ հանքի շահագործման ընթացքում մենք նաև կնպաստենք Ջերմուկ քաղաքի տուրիզմի զարգացմանը և ենթակառուցվածքների զարգացմանը»։
Ընկերության տնօրենը նշեց, որ իրենք վերականգնել են Ջերմուկի մանկապարտեզը, կուլտուրայի կենտրոնը, նպաստել են ենթակառուցվածքների զարգացմանը և շարունակելու են աշխատել քաղաքի հետ՝ հանքի շահագործման ընթացքում։
Տարբեր համաժողովների ընթացքում հաճախ կրկնվում է այն միտքը, որ հնարավոր է միաժամանակ և՛ արդյունավետ ձևով շահագործել հանքը, և՛ այնպես անել, որ էկոհամակարգը չվնասվի:

Ինչպե՞ս է «Գեոթիմը» պատրաստվում դա անել: Այս հարցին ի պատասխան՝ Հ. Ալոյանն ասաց, որ վստահ է՝ իրենց ընկերությունը լինելու է հենց այդպիսի պատասխանատու ընկերություն, որը չվտանգելով էկոհամակարգը՝ ստեղծելու է օրինակելի հանք։ Նա նշեց, որ արդեն մոտ 6 միլիոն դոլար են ներդրել բնապահպանական ուսումնասիրությունների համար. «Իհարկե, և՛ շինարարության ընթացքում, և՛ ծրագրի նախագծման ընթացքում մասնակցել ու մասնակցելու են կանադական ընկերությունները։ Կարծում եմ, որ այդ փորձն իրենք կարող են մեզ հետ կիսել»։

Հ. Ալոյանը նաև հայտնեց, որ նախատեսում են սկսել ծրագրի շինարարությունն այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին։ Այն կտևի 2 տարի, կստեղծվեն ավելի քան 2000 աշխատատեղեր, այնուհետև 10 տարի կտևի հանքի շահագործումը, որի ընթացքում կստեղծվի ավելի քան 700 աշխատատեղ։

ԱՆԻ ՔԵՇԻՇՅԱՆ
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս