«Հայաստանից արտահանումը Չեխիա շատ փոքր է, մենք կցանկանայինք, որ այն ավելանար». դեսպան

Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանն այս տարի կայցելի Հայաստան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան: Դեսպանը պատասխանել է հայ-չեխական հարաբերություններին առնչվող «Արմենպրես»-ի հարցերին:

-Պարոն դեսպան, ինչպե՞ս եք գնահատում հայ-չեխական հարաբերությունների ներկա մակարդակը:

– Մենք հարաբերությունների զարգացման լավագույն փուլում ենք: Մեր երկու երկրների միջև հարաբերություններն այսպիսի բարձր մակարդակի երբևէ չեն եղել, ինչպես այսօր է: Քաղաքական տեսանկյունից նշեմ, որ այս տարի հունիսի սկզբին հերթական անգամ Հայաստան կգա մեր երկրի նախագահը: Մենք ՀՀ նախագահին ընդունել ենք 2014 թվականի հունվարին: Պարբերաբար բարձր մակարդակի փոխայցեր ենք կատարում, և դրանք խթանում են նոր ոլորտներում հարաբերությունների զարգացմանը: Վերջերս այստեղ էր մեր երկրի` Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարը, և նա շատ հաջող բանակցություններ է անցկացրել իր գործընկերոջ հետ, պայմանավորվածություններ ձեռք բերել մի շարք հարցերի, այդ թվում` միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացման վերաբերյալ, որը տեղի կունենա Պրահայում ապրիլին: Այս այցերը նպաստում են երկու երկրների զարգացմանը գրեթե բոլոր ոլորտներում: Քաղաքական տեսանկյունից առավել հավակնոտ նպատակներ ունենք: Էլ չեմ ասում խորհրդարանի դիվանագիտության մասին. Չեխիայի Հանրապետության պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկը դեկտեմբերին Երևանում էր, Հայաստանի խորհրդարանի խոսնակն իր հերթին այցելել է Պրահա: Այնպես որ, երկկողմ քաղաքական երկխոսությունը շատ բարձր մակարդակի վրա է:

Ինչ վերաբերում է տնտեսությանը, այն լավատեսության հիմքեր է տալիս: Մենք վատ մակարդակի վրա չենք, բայց գիտենք, որ ներուժն ավելի մեծ է: Եվ առաջին հերթին պոտենցյալ ունի Հայաստանը: Հայաստանից արտահանումը Չեխիա շատ փոքր է, մենք կցանկանայինք, որ այն ավելանար: Մենք հասկանում ենք, որ եթե չլինի հաջող արտահանում, Հայաստանը տնտեսապես չի զարգանա: Փորձում ենք աջակցել հայկական արտահանմանը, և հույս ունենք, որ միջկառավարական հանձնաժողովի նիստը կխթանի դրան:

-Իսկ ի՞նչ կասեք կրթական համագործակցության մասին: Չեխիայում հայ և Հայաստանում չեխ ուսանողներ շա՞տ կան:

-Անկեղծ ասած, Հայաստանում չեխ ուսանողների մասին չգիտեմ, որովհետև դրանով զբաղվում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, և թվերի մասին մեզ չեն հայտնել: Գիտեմ, որ կան ուսանողներ: Ինչ վերաբերում է Չեխիայում հայ ուսանողներին, այնտեղ սովորում են երեք տիպի ծրագրով: Առաջինի դեպքում կրթաթոշակը ստանում են չեխական կառավարության կողմից: Ամեն տարի 5-6 ուսանող ամբողջական կրթաթոշակ է ստանում: Կան նաև բուհերի կրթաթոշակներ, սովորում են չեխական բուհերում, և կրթաթոշակը բուհերից են ստանում: Եվ կան ուսանողներ, որոնք իրենց հաշվին են սովորում: Եթե խոսք ենք թվերով, ապա 80-100 հայ ուսանող կա:

– Այս տարի հնարավո՞ր է հայ-չեխական մշակույթի օրեր ակնկալել երկու երկրներից մեկում:

– Հուսանք: Այս տարի մենք կցանկանայինք ջազ բենդ բերել, ցուցահանդես կազմակերպել Երևանում: Ես կարծում եմ, որ լավ ուղու վրա ենք: Գիտեմ, որ Պրահայում իմ գործընկերը` Հայաստանի դեսպանը, շատ ակտիվ մարդ է: Մենք այնտեղ անընդհատ առնչվում ենք հայկական մշակույթին: Օրերս անցկացվել է Կոմիտասի երաժշտության շատ կարևոր համերգ, որը ներկայացվել է Պրահայի Կառլի անվան համալսարանի նվագախմբի կողմից: Շատ հետաքրքրական է, որ համալսարանի երգչախմբի դիրիժորն ու ղեկավարը հայտնի հայ երաժիշտ Հայկ Ուտիճյանն է: Նա շատ ակտիվ աշխատում է դեսպանատան հետ նման միջոցառումների կազմակերպման հարցում: Գիտեմ, որ Պրահայում շատ ցուցահանդեսներ են անցկացվում, ի դեպ, շատ հայ նկարիչներ են ապրում այնտեղ: ՀՀ մշակույթի նախարարը 2014-ին Պրահա իր այցի ընթացքում բացել է հայ նկարիչների ցուցահանդես: Հավաքվել էին հիասքանչ նկարներ:

1992-ին Հայաստանի և Չեխոսլովակիայի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ։ Չեխոսլովակիայի բաժանումից հետո` 1993-ին, ՀՀ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չեխիայի Հանրապետության հետ: 2015թ. հունվարի հունվարի 16-ին Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: 2014թ. սեպտեմբերին Երևանում կայացել է տնտեսական համագործակցության հարցերով հայչեխական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը:

Ռոզա Գրիգորյան

Տեսանյութեր

Լրահոս