«Իրանական գազ ներկրելու հարցում Հայաստանը լուրջ խնդիր ունի ոչ թե Ադրբեջանի, այլ՝ ՌԴ-ի պատճառով»

Հարցազրույց Janeգs Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և ՌԴ-ի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանի հետ

– ՌԴ-ի կողմից Հայաստանին տրամադրված սպառազինությունների ցանկի հրապարակումը լուրջ տարաձայնությունների առիթ դարձավ ինչպես՝ Ռուսաստանի և Ադրբեջանի, այնպես էլ՝ հայաստանյան փորձագիտական հանրության շրջանում։ Ձեր կարծիքով` որքանո՞վ էր դա թույլատրելի քայլ, և ի՞նչ խնդիր, ըստ Ձեզ՝ փորձեց լուծել Ռուսաստանը։

– Ցանկի հրապարակումն արտասովոր, նույնիսկ զարմանալի քայլ էր, քանի որ Ռուսաստանը նման թափանցիկություն այլ երկրներին զենք մատակարարելիս հազվադեպ է ցույց տալիս։ Իմ կարծիքով՝ ռուսական արտգործնախարարության՝ այս խնդրի վերաբերյալ հայտարարությունն անուղղակի բացատրեց ցանկի հրապարակումը։ Ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակի՝ ՌԴ-ն լավ հարաբերություններ ունի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, և կշարունակի զենք վաճառել երկուսին։

Չնայած ռուսական զենքի վաճառքն Ադրբեջանին թուլացնում է ՀՀ-ի ազգային անվտանգությունը, և չնայած ՀՀ-ի նկատմամբ ունեցած դաշնակցային պարտավորություններին, միևնույն է, Ռուսաստանը որևէ կերպ չի սահմանափակելու ռազմական առևտուրն Ադրբեջանի հետ։ ՌԴ-ն Ադրբեջանի հիմնական զենքի մատակարարն է ներկայումս։ Որևէ հիմք չկա ակնկալելու, որ ՌԴ-ն կամավոր կզիջի ադրբեջանական շուկան մեկ այլ արտահանողի, մանավանդ, որ պաշտոնական Հայաստանը չի ցանկանում կամ անկարող է որևէ կերպ ազդել իր ամենակարևոր դաշնակցի վարքի վրա։

Ռուսական տկար տնտեսության համար ռազմական արտահանումները շարունակելը շատ կարևոր են, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այդ ոլորտը հատկապես տուժել է արևմտյան պատժամիջոցների թիրախներից մեկը լինելու պատճառով։ Հայկական կողմը վաղուց արդեն որդեգրել է ռուսական զենքի վաճառքն արդարացնելու դիրքորոշումը։ Չեմ կարծում, թե ՀՀ իշխանությունները կարձագանքեն Բաքվին զինելու՝ ռուսական հավաստիացումներին կամ ՀՀ-ին վաճառվող զինացուցակի հրապարակմանը։ Պաշտոնական Երևանը կնախընտրի, որ ցուցակի հետ կապված էպիզոդն արագ մոռացվի։

– Այս քայլը որքանո՞վ է տեղավորվում տարածաշրջանային ներկայիս զարգացումների համատեքստում, խոսքը ռուս-թուրքական լարվածության մասին է, որում Ադրբեջանը հայտնվել է անհարմար դրության մեջ` փորձելով ՌԴ-ին ապացուցել իր նվիրվածությունը։

– Չեմ կարծում, թե ցուցակի հրապարակումն Ադրբեջանի վրա սիրիական հարցում ճնշում գործադրելու կամ, ավելի կոնկրետ, Թուրքիայի փոխարեն՝ ՌԴ-ին սատարելու համար էր։ Ռուսաստանը մինչև Թուրքիայի հետ առճակատումն էր համաձայնել ՀՀ-ին զենք վաճառել, և այն ուշացնում էր զենքի վաճառքը։ Չեմ զարմանա, որ այս ուշացումը ոչ թե՝ աշխարհաքաղաքական, այլ՝ տնտեսական նկատառումներից լինի։ ՌԴ-ի առևտրային հարաբերությունների վրա մեծ և բացասական ազդեցություն է թողել և շարունակում է թողնել ռուբլու թուլացումը և ռուսական տարադրամի կուրսի տատանումները։ Զինացուցակի հրապարակումը հարված էր Հայաստանի համար, քանի որ անտեսում է ՀՀ-ի անվտանգության շահերը և «հուշում» Ադրբեջանին, թե ինչ զինատեսակներ այն կարող է ձեռք բերել ՌԴ-ից։

– Ի՞նչ ընթացք, ըստ Ձեզ՝ կունենան տարածաշրջանային զարգացումները՝ հաշվի առնելով ԱՄՆ-ՌԴ համաձայնությունը Սիրիայում, որն արդեն այսօր անկայուն է, քանի որ որոշ կողմեր հայտնում են համաձայնագրի խախտման մասին։ Այնուամենայնիվ՝ ի՞նչ կփոխի, ըստ Ձեզ՝ այս համաձայնությունը Սիրիայում և ռուս-թուրքական հարաբերություններում։

– Սիրիական զինադադարը, ամենայն հավանականությամբ, չի գործի, քանի որ բախման մեջ ներքաշված են ոչ միայն՝ սիրիական կռվող կողմերը, այլ նաև՝ ռեգիոնալ տերություններ, որոնք իրենց շահերն են հետապնդում։ Բայց կարծում եմ, որ նույնիսկ ներկայիս անկատար զինադադարը լավ հիմք է ստեղծում ապագա ավելի հաջող զինադադարների և, ի վերջո, կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար։

Խնդիրն այն է, որ քանի դեռ կոնֆլիկտի մեկ կամ մեկից ավելի մասնակից հույս ունի, որ պատերազմով կկարողանա հաջողության հասնել, ապա կոնֆլիկտը կշարունակվի այնքան, մինչև գոնե կոնֆլիկտի հիմնական մասնակիցները, այդ թվում՝ ռեգիոնալ պետությունները, համոզվեն, որ խաղաղությունն ավելի օգտակար է իրենց ազգային շահերի համար, քան պատերազմը։

Ինչպես ասացի, դեռ նման միտում չեմ տեսնում, թեև պետք է ասեմ, որ Արևմուտքը, և հատկապես՝ ԵՄ-ն, խիստ շահագրգռված են գոնե կոնֆլիկտի սառեցմամբ՝ փախստականների հոսքը պակասեցնելու համար։ Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին, ապա դրանք կմնան լարված, քանի դեռ սիրիական պատերազմը շարունակվում է։ Բայց չեմ կարծում, որ այս լարվածությունը լիովին հսկողությունից դուրս գա և վերածվի բացահայտ ռազմական բախումների, քանի որ այն ո՛չ ՌԴ-ի և ո՛չ էլ Արևմուտքի շահերից չի բխում։

Ռուսական պատժամիջոցները Թուրքիայի դեմ տևական չեն լինի։ Ավելին, հակառակ խիստ խոսքերի՝ Մոսկվան պատժամիջոցներից դուրս է թողել կարևորագույն ոլորտները` էներգետիկան և բանկային համակարգը։ Թուրքական շինարարական կազմակերպությունները պահելու են իրենց միլիարդանոց (դոլարով) պայմանագրերը ՌԴ-ում։ Չնայած լարվածությանը, Ռուսաստանը պարզապես սառեցրել է Թուրքիայի առաջին ատոմակայանի կառուցումը, բայց չեղյալ չի համարել այս շահավետ պայմանագիրը։

Այս քայլերը ևս վկայում են, որ գոնե Մոսկվան ներկայիս լարվածությունը Թուրքիայի հետ համարում է ժամանակավոր։ Պետք է նաև հիշել, որ Մոսկվան ակտիվացավ Սիրիայում ոչ թե՝ Թուրքիայի դերը պակասեցնելու, այլ՝ Արևմուտքի հետ համագործակցելու համար, ինչը բավականին լավ ստացվեց։ Մոսկվայի հաջողությունը նաև պայմանավորված է Արևմուտքի թուլությամբ։ Վերջինս լուրջ ստրատեգիա չունի Սիրիայի հարցում, իսկ փախստականների ճգնաժամը ցույց տվեց Արևմուտքին, որ այս ստրատեգիայի պակասն ի վերջո հարվածում է իրենց ազգային շահերին, հատկապես՝ ԵՄ-ում։

– Օրերս կայացավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցն Իրան, որը բավականին էական արդյունքներով ավարտվեց երկու երկրների համար, թեև կարծիքներ են հնչում, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները երբեք չեն կարող անկեղծ լինել։ Ի՞նչ եք կարծում` Ադրբեջանը կարո՞ղ է արգելափակել Հայաստան-Իրան որոշ նախաձեռնություններ, ի՞նչ վտանգներ եք տեսնում Իրան-Ադրբեջան մերձեցման մեջ։

– Դիվանագիտական մեկուսացումից դուրս եկող Իրանը բազմակողմնանի քաղաքական և տնտեսական հարաբերություններ է զարգացնելու ռեգիոնում։ Ադրբեջանի հետ լավ հարաբերությունները, հատկապես՝ էներգետիկ ոլորտում, չեն կարող փոխել Թեհրանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Ավելին, էներգետիկ առումով Իրանի պոտենցիալը շատ մեծ է, ի տարբերություն Ադրբեջանի։ Բաքուն արդարացիորեն անհանգստացած է էներգետիկ ոլորտում Իրանի հետ մրցակցությամբ, բայց նաև փորձում է օգտվել Իրանի առաջարկած կոմերցիոն հնարավորություններից, օրինակ՝ ադրբեջանական գազի ոլորտում իրանական ներդրումներից, կամ իր էներգետիկ արտահանումների համար Իրանն օգտագործելով։

Բայց չեմ կարծում, որ Ադրբեջանն այդքան ստրատեգիական կարողություն ունի՝ Իրանի արտաքին քաղաքականությունը փոխելու համար։ Կարծում եմ՝ Հայաստանի դեպքում խնդիրն Ադրբեջանը չէ, այլ ռուսական ընկերությունների վերահսկողությունը Հայաստանի ստրատեգիական ոլորտներում, հատկապես՝ էներգետիկ ոլորտում։ Հայաստանը լուրջ խնդիրներ ունի իրանական գազ ներկրելու կամ իրանական գազի համար տարանցիկ երկիր դառնալու առումով՝ ՌԴ-ի, և ոչ՝ Ադրբեջանի պատճառով։ Եթե Հայաստանն ի վիճակի չէ Իրանի հետ այս հարցերում համագործակցել, ապա միայն բնական է, որ Իրանն այլուր կփնտրի գործընկերներ, մանավանդ՝ հիմա, երբ այլևս կաշկանդված չէ արևմտյան պատժամիջոցներով։

Տեսանյութեր

Լրահոս