Բաժիններ՝

«Ֆրեզնոյի այն տանը, որը ձեռք է բերվել «Ինտելեկտուալ Ռենեսանսի» կողմից, Վիլյամ Սարոյանն ապրել է իր կյանքի վերջին 17-20 տարիները»

Դեռևս 2015 թվականի մայիսի 4-ից Ֆրեզնոյի շրջանային դատարանում վաճառքի էր հանվել հայազգի հայտնի գրող Վիլյամ Սարոյանի տունը, որտեղ, ըստ շրջանառվող լուրերի, գրողն անցկացրել է իր կյանքի վերջին 17 տարիները։ 2729 W. Griffith Way, հասցեում հասարակ սվաղով կառուցված տունը, որը գտնվում է Կուպերի դպրոցից (Gooper Middle School) արևմուտք ընկած հատվածում, 1981թ. Սարոյանի մահվանից հետո ունեցել է երեք սեփականատեր և երկու անգամ հայտնվել է սեփականության իրավունքը կորցնելու վտանգի տակ: 1228 քառակուսի ոտնաչափ ունեցող տունը կառուցվել է 1964 թվականին, ունի երեք ննջարան և մեկ լոգասենյակ: Հարևանի խոսքով, երբ տան սեփականատերը Սարոյանն էր, պտղատու ծառեր է տնկել: Տունը ներառված է քաղաքային պատմական արժեքների ցանկում։ Տան պատին 1989 թվականին հուշատախտակ է տեղադրվել, որի վրա գրված են այն 10 գրքերի վերնագրերը, որոնք Սարոյանը գրել է այդ տանն ապրելու ընթացքում:

Կասկածելի ճակատագրի արժանացած տունը վերադարձնելու և ըստ էության այն ծառայեցնելու նպատակով՝ անցյալ տարի ՀՀ Սփյուռքի նախարարությունը և Հայաստանի գրողների միությունը հանդես եկան հրապարակային հայտարարությամբ, որով կոչ արեցին հայ բարերարներին՝ գնել համաշխարհային գրականության ականավոր ներկայացուցիչ Վիլյամ Սարոյանի՝ ԱՄՆ-ում վաճառքի հանված տունը և այն վերածել տուն-թանգարանի: Օրերս հայտնի դարձավ, որ հայազգի մեծանուն գրողին պատկանած տունը ձեռք է բերել Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը, որի հիմնադիրները գիտակցելով Սարոյանի թողած ժառանգության համամարդկային կարևորությունը, հաշվի առնելով առանձնատան անմխիթար վիճակը և նպատակ ունենալով փրկել այն ոչնչացումից՝ արդեն իսկ ձեռնամուխ են եղել այն թանգարան-ինստիտուտի վերածելու աշխատանքներին:

Այս և ընթացիկ պլանների մասին տեղեկանալու նպատակով 168.am-ը կապ հաստատեց և զրուցեց «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի տնօրեն Հակոբ Հակոբյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը, որը վերջին երկու տարիների ընթացքում մեծ զարկ է տվել հայերեն «Վիքիպեդիայի» զարգացմանը և նպաստել հայկական ինտելեկտուալ ներուժի՝ միջազգային մակարդակի բարձրացմանը, նույն նպատակին ծառայելու որոշմամբ՝ ձեռք է բերել Վիլյամ Սարոյանի՝ Ֆրեզնոյում գտնվող տունը: Ըստ Հակոբ Հակոբյանի՝ առանձնատունը վերակառուցվելու է՝ որպես տուն-թանգարան, որն ապրելու է ստեղծագործական բուռն կյանքով՝ մշակութային օջախ հանդիսանալով սարոյանագիտության և հայագիտության համար: Տուն-թանգարանում կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոներ և այլ մշակութային միջոցառումներ:

– Ինչպե՞ս որոշվեց գնել Սարոյանի՝ Ֆրեզնոյում գտնվող և տարիներ շարունակ լքված տունը:

Կարդացեք նաև

Saroyan (1)

– Երբ լուրեր տարածվեցին, որ Սարոյանի տունը հերթական անգամ աճուրդի է հանվել, և ճակատագիրը վտանգված է, պարոն Ջանիբեկյանը որոշեց, որ ճիշտ կլինի այն ձեռք բերել, քանի որ ինքն անձամբ շատ բարձր է գնահատում Վիլյամ Սարոյանի գրական ժառանգությունը: Որոշում կայացվեց միջոցներ հատկացնել նախ՝ տունը ձեռք բերելու համար, այնուհետև, բնականաբար, խնդիր դրվեց այն վերածել տուն-թանգարանի, ինչին միտված աշխատանքները հիմա մենք աստիճանաբար իրականացնում ենք:

– Ի՞նչ փուլում են տուն-թանգարանի կայացման աշխատանքները:

– Այս պահին փորձում ենք հնարավորինս շատ սարոյանագետներ ներգրավել այս աշխատանքում: Փորձում ենք գտնել նրանց՝ թե Հայաստանում, թե ԱՄՆ-ում, թե այլ երկրներում: Սարոյանն ինքն իրենով մի մեծ երևույթ է, հնարավոր չէ մեկ մարդու կամ մեկ կազմակերպության կարծիքով միայն առաջնորդվել, հատկապես, երբ խոսքն այնպիսի լուրջ աշխատանքի մասին է, ինչպիսին տուն-թանգարանի ստեղծումն է:

– Այս պահին գտե՞լ եք համապատասխան գիտնականներ, սարոյանագետներ, որոնց հետ կապ եք պահպանում կամ քննարկումներ եք ունենում տուն-թանգարանի ստեղծման շուրջ:

– Այդ նպատակով առաջիկայում հայտարարություն ենք տարածելու, որով հանրության լայն զանգվածներին կտեղեկացնենք «Սարոյանասերների ակումբի» ստեղծման՝ մեր նախաձեռնության մասին: Առաջիկա պլաններում է նաև տուն-թանգարանի վերակառուցման նախագիծը: Առայժմ աշխատանքներն ինտենսիվորեն զարգանում են այս երկու ուղղություններով:

– Իսկ տունը, որը ձեռք է բերվել «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի կողմից, բացի ներքին վերանորոգման աշխատանքներից, նաև ճարտարապետակա՞ն տեսքի վերափոխությունների է ենթարկվելու:

– Բնականաբար, որոշակի վերանորոգչական աշխատանքների կենթարկվի, դա անխուսափելի է, քանի որ Սարոյանի մահից հետո, մոտ 35 տարիների ընթացքում, տունը տարբեր սեփականատերեր է ունեցել, և այն հիմա, մեղմ ասած, ներկայանալի վիճակում չէ: Այժմ հենց այդ կոնցեպտի վերամշակման վրա ենք աշխատում, թե ինչ վերջնական արդյունք կարող ենք ստանալ վերանորոգումից հետո՝ արդյո՞ք տունը նույնությամբ կվերականգնվի ճիշտ այնպես, ինչպիսին եղել է հենց 1960-70-ականներին, երբ այնտեղ բնակվել է Սարոյանը, թե՞ կունենա դրան մոտ վերջնական վիճակ: Դեռ քննարկումների փուլում ենք: Առաջիկայում շատ հարցեր կհստակեցվեն:

Saroyan (2)

– Նախատեսվում է, որ դա կլինի տուն-թանգարա՞ն, թե՞ թանգարան-ինստիտուտ:

– Կլինի տուն-թանգարան, այսինքն՝ թանգարանի հատվածը կլինի իր առաջնային և գլխավոր ֆունկցիան, բայց կառույցը կծառայի նաև՝ որպես մշակութային օջախ՝ սարոյանագիտության և հայագիտության զարգացման ուղղությամբ: Նախատեսվում է վերջնական տեսքի բերելուց հետո այն ակտիվ մշակութային կյանքով ապրեցնել:

– Վերջերս մամուլում ինֆորմացիա տարածվեց, որ Սարոյանը Ֆրեզնոյում իրականում երկու տուն է ունեցել, որոնցից մեկում ապրել է ընդամենը մի քանի տարի, իսկ այն տան, որտեղ նա անցկացրել է իր ստեղծագործական կյանքը, հիմնական հատվածը թալանվել է: Դուք այս մասին ի՞նչ գիտեք, ո՞ր տունն է գնվել հիմնադրամի կողմից:

– Ֆրեզնոյի այն տանը, որը ձեռք է բերվել «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի կողմից, Սարոյանն ապրել է իր կյանքի վերջին 17-20 տարիները: «Թալանվել» ասվածը գուցե այս տանն է վերաբերում, որովհետև ժամանակին այս տան պատից փակցված տախտակ և որոշ իրեր էին գողացվել: Թեև չեմ կարծում, որ թալանման հետ կապված տեղեկությունները վերջնականապես հաստատված տեղեկություն էին, բայց առհասարակ Սարոյանի իրերի ձեռքբերման, գնելու և հետ վերադարձնելու ուղղությամբ մենք ինտենսիվ աշխատանքներ ենք ծավալում:

Արթուր Ջանիբեկյանի և հիմնադրանի նախաձեռնությամբ տուն-թանգարանի ստեղծման ուղղությամբ տարվող այսօրինակ լայնածավալ աշխատանքների հարցում ՀՀ Մշակույթի նախարարության հետ որևէ տեսակի համագործակցություն կա՞:

– Ոչ, ֆինանսական բոլոր միջոցները, որ ներդրված են տուն-թանգարանի ստեղծման նպատակով, ամբողջովին Արթուր Ջանիբեկյանի բարեգործությամբ է:

Հ.Գ. Տեղեկացնենք, որ «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը մշակում է և շուտով հանրության դատին կհանձնի տուն-թանգարանի վերակառուցման նախագիծն ու գործունեության պլանը: Հիմնադրամը բոլոր ցանկացողներին առաջարկում է ներկայացնել իրենց գաղափարները՝ նամակ ուղարկելով [email protected] էլ. հասցեին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս