«Գիտությունը Հայաստանում խորը անկում է ապրում». Լևոն Չուգասզյան
Օրեր առաջ Երևանի պետական համալսարանի Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր Լևոն Չուգասզյանը պաշտոնական նամակով տեղեկացվել է այն մասին, որ Մոնթպելիեյի (Ֆրանսիա) Գիտությունների և գրականության ակադեմիան հունվարի 25-ին վերջինիս ընտրել է թղթակից անդամ: Անցյալ տարի` գրեթե նույն ժամանակահատվածում Լ.Չուգասզյանն ընտվել էր Միլանի (Իտալիա) Ամբրոզիան ակադեմիայի անդամ:
Այս առիթով 168.am-ը հանդիպեց և զրուցեց գիտնականի հետ, որի արդյունքում, ի թիվս այլ բացահայտումների` մենք տեղեկացանք, որ սա աննախադեպ է, երբ հայաստանցի որևէ գիտնական արժանանում է Մոնթպելիեյի Գիտությունների և գրականության ակադեմիայի թղթակից անդամ դառնալու պատվին: Ստացվում է, որ հայաստանցի գիտնականը երկու տարվա ընթացքում ընտրվում է երկու միջազգային անվանի ակադեմիաների կողմից:
Մեզ հետ զրույցում Լ. Չուգասզյանն ասաց, որ երկար տարիներ ուսումնասիրել է հայ-ֆրանսիական գեղարվեստական կապերն ու հարաբերությունները, ինչպես նաև երկարատև ուսումնասիրություններ կատարել և ներկայացրել Ֆրանսիայում 19-21-րդ դարերում ստեղծագործած հայ նկարիչների և քանդակագործների` Ասատուր Պզտիկյանի, Վահե Պարսումյանի, Արսեն Շաբանյանի, Հերան Շաբանի, Հովսեփ Փուշմանի և այլոց մասին: Գիտնականն առանձին գրքով անդրադարձել է նաև Լուվրի թանգարանում ցուցադրված միակ հայ նկարչին` Արշակ Ֆեթվաճյանին, ինչպես նաև` հեղինակ է «Գրիգոր Ծաղկող» մենագրությանը:
«Ամիսներ առաջ ես մասնավոր հանդիպում ունեցա Մոնթպելիեյի Գիտությունների և գրականության ակադեմիայի նախկին նախագահի` Միշել Վուասինի հետ: Մենք երկար մասնագիտական զրույց ունեցանք, որից հետո, հավանաբար, իրենց մոտ այդ գաղափարն առաջացավ` ընտրել ինձ Ակադեմիայի թղթակից անդամ: Որոշ ժամանակ անց ստացա Մոնթպելիեյի Գիտությունների և գրականության ակադեմիայի մշտական քարտուղար, պրոֆեսոր Վիալլերֆոնթի նամակը, որով ինձ տեղեկացնում էին այն մասին, որ Ակադեմիայի հունվարի 25-ի նիստում ես ընտրվել եմ` որպես թղթակից անդամ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց դոկտոր Լևոն Չուգասզյանը:
Մեզ հաջողվեց պարզել, որ Մոնթպելիեյի Գիտությունների և գրականության ակադեմիայի անդամ են ընտրվում այն ճանաչված գիտնականները, ովքեր գիտեն ֆրանսերեն և կարող են ֆրանսերենով զեկուցում ունենալ Ակադեմիայի նիստերին: Մոնթպելիեյի Գիտությունների և գրականության ակադեմիան ունի իննսուն լիիրավ անդամներ, քսան պատվավոր անդամներ և շուրջ քառասուներկու թղթակից անդամներ: Մոնթպելիեյի Գիտությունների և գրականության ակադեմիայի լիիրավ անդամները բոլորը ֆրանսիացիներ են: Նրանց շարքում է նաև Մոնթպելիեյի Պոլ Վալերի համալսարանի նախկին պրոֆեսոր, հայագետ Ժիրայր Դեդեյանը, ով Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ է: Պատվավոր անդամները նույնպես բոլորը ֆրանսիացիներ են: Թղթակից անդամների շարքում, բացի ֆրանսիացիներից, կան բելգիացի, իտալացի, շվեյցարացի, մարոկկացի, սերբ, լիբանանցի, լեհ և այլ ազգի ներկայացուցիչներ:
«Նախատեսվում է, որ առաջիկայում ես Մոնթպելիեյի Գիտությունների և գրականության ակադեմիայում հանդես կգամ գիտական զեկուցումով, որի թեման, ամենայն հավանականությամբ, կլինի հայ-ֆրանսիական գեղարվեստական առնչությունները: Ակադեմիայի անդամներն այնտեղ պարբերաբար զեկուցումներով են հանդես գալիս: Ես ամեն շաբաթ էլեկտրոնային փոստով տեղեկություններ եմ ստանում, որ ներկայացված են այս կամ այն անդամի զեկուցումները, իսկ արդեն այսօրվա փոստով տեղեկացա, որ մարտի 7-ին այնտեղ նույնիսկ դասական երաժշտության համերգ է նախատեսվում: Պետք է տեղեկացնեմ, որ տարիներ առաջ ես Մոնպելիեյի Պոլ Վալերի համալսարանում մասնակցել եմ գիտաժողովի` հանդես գալով հայ-ֆրանսիական գեղարվեստական առնչությունների մասին զեկույցով, որի նյութերը հետագայում ֆրանսերեն լեզվով հրատարակվեցին առանձին ժողովածուում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց դոկտոր Լևոն Չուգասզյանը:
Արդյո՞ք հնարավոր է, որ գիտնականի` Մոնթպելիեյի Գիտությունների և գրականության ակադեմիայի թղթակից անդամ ընտրվելու փաստը խթանի նաև երկու երկրների Համալսարանների կամ Ակադեմիաների միջև միջմշակութային-գիտական կապերի հետագա զարգացումը, պարոն Չուգասզյանը պատասխանեց.
«Պոլ Վալերի համալսարանն աշխարհում հայտնի և հեղինակավոր ուսումնական հաստատություններից մեկն է և Երևանի պետական համալսարանի հետ իրենց համագործակցությունը 30-ից ավելի տարիների պատմություն ունի: Գիտական համագործակցության շրջանակներում տեղի են ունենում դասախոսների փոխանակման, վերապատրաստման պրոցեսներ: Ցավոք, որևէ տեսակի հարաբերությունները բացակայում են Ակադեմիաների միջև: Ասեմ ավելին` ես առանձնապես չեմ էլ նկատում, որ մեր Ակադեմիան հումանիտար բնագավառում միջազգային կապերը խթանելու և զարգացնելու քաղաքականություն է որդեգրել:
Միջազգային շեշտված կողմնորոշում չկա: Բրիտանական ակադեմիայի հետ, օրինակ, պայմանագիր կա, և, եթե ուսումնասիրեք Բրիտանական ակադեմիայի կայք-էջը, ապա կնկատեք այնտեղ զետեղված հստակ ինֆորմացիան այն մասին, որ մեր Ակադեմիան պարտավորվում է ընդունել նրանց ակադեմիկոսներին, բոլոր հնարավորությունները տալով նրանց` աշխատելու և ուսումնասիրություններ կատարելու համար, իսկ մեր Ակադեմիայի կայք-էջում որևէ ինֆորմացիա չկա, թե նրանք ի՞նչ են պարտավոր անել մեր ակադեմիկոսների համար, ինչպե՞ս ընդունել նրանց, ի՞նչ աշխատանքային պայմաններ են պատրաստվում տրամադրել, և այլն: Պարզապես մեր կողմից հետաքրքրության որևէ դրսևորում չկա:
Ավստրիայի Ակադեմիայի հետ մեր Ակադեմիան չունի համագործակցություն, և այն դեպքում, երբ Վիեննայի Մխիթարյանները երկու հարյուր տարի է՝ հայագիտական գործունեություն են իրականացնում: Ես այս մասին բարձրաձայնել եմ տարիներ առաջ` մեր Ակադեմիայում, բայց ինչպես տեսնում ենք՝ տարիներն անցել են, բայց այս ուղղությամբ աշխատանքներ չեն ձեռնարկվել, կարելի է ասել` առանձնապես ոչինչ չի փոխվել»:
Լևոն Չուգասզյանն այն համոզման է, որ գիտությունը Հայաստանում խորը անկում է ապրում. «Իրականությունը կարող է լինել ոչ ցանկալի կամ տխուր, բայց սա դեռևս անհույս լինելու գրավական չէ: Ես կարծում եմ` որևէ հիմնարկի վիճակը պայմանավորված է իր ղեկավարով, ինչպես որ երկրի վիճակն է պայմանավորված ղեկավարությամբ: Գիտությունը զարգացնելու համար Ակադեմիան կարիք ունի պետական հովանավորչության, գիտնականների կարգավիճակը փոփոխելու կարիք կա: Նրանք, իբրև ստեղծարար հասարակություն, պետք է կարողանան լավ աշխատանքի ու վարձատրության պայմաններ ունենալ: Մեր երկրում վաղուց արդեն ժամանակն է վերականգնելու գիտնականի` հասարակության մեջ ունեցած հարգանքը, որ կար նախկինում»:
Մեր այն դիտարկմանը, թե գիտնականը խոսում է համակարգային և լուրջ բարոյական խնդիրների վերհանման մասին, և, որ գիտության և մշակույթի անկման հետ զուգահեռաբար` անկում է ապրել նաև բարոյական արժեհամակարգը, վերջինս պատասխանում է. «Իհա՛րկե այդպես է: Անկասկած, գիտությունը սերտ կապի մեջ է բարոյականության հետ, ինչպես նաև` ողջ մշակույթը: Արմատը խորհրդային իրականությունն է: Այն մարդիկ, ովքեր այսօր իշխանության մեջ են, մի՞թե նրանց այդ համակարգը չի եղել առաջ մղողը»:
Խոսելով մշակույթի և քաղաքականության կապի մասին` գիտնականը նշում է, որ դրանք իրար սերտ կապակցված երկու ոլորտներ են. «Անհրաժեշտ է, որ քաղաքականության մշակողները` երկրի ղեկավարները, համաքայլ գնան ժամանակի հետ, հասկանան, թե ի՞նչ հասարարակություն է առաջ եկել 21-րդ դարում: Նրանցից մեծ հմտություն է պահանջվում` ֆինանսական ներդրումներ կատարել այնտեղ (նկատի ունեմ` մշակույթի ոլորտում), որը վերջինը դառնա արտահանման առարկա: Այն վերգետնյա մշակույթը, որ մենք ունենք մեր երկրում, կարողանանք մատուցել աշխարհին: Ի վերջո, ժողովրդին կարելի է կերակրել նաև իր մշակույթով: Օրինակ, երբ որևէ զբոսաշրջիկ մեկնում է Իտալիա, նա տեղում ծանոթանում է ոչ միայն իտալական ազգային խոհանոցին, այլև հին պատմական կառույցներին, որոնք այնտեղ չեն քանդվել, պատմական նշանակություն ունեցող մառաններին է ծանոթանում, որոնք այնտեղ ոչ միայն վտանգված չեն, այլ նաև հոգածությամբ պահպանվում են պետության կողմից: Քաղաքակիրթ աշխարհում այսպես է…»:
Այնուամենայնիվ, Լևոն Չուգասզյանը լավատես է: Նա տեսնում է երիտասարդ կարող ուժեր, ովքեր ձգտում են հասնել իրենց իդեալներին, և հավատում է նրանց ձգտումներին. «Եկել է նոր սերունդ, ով հասկանում է` ինքն է տերն իր երկրի: Ես տեսել եմ շատ լավ ուսանողներ և շրջանավարտներ, ովքեր այսօր աշխատում են և՛ համալսարանում, և՛ համալսարանից դուրս` նույնիսկ Ամերիկյան համալսարանում, նրանք կարողանում են գիտական և կրթական թոշակներ ստանալ արտասահմանյան գիտական կենտրոններից, ժամանակավորապես այցելել, աշխատել և փորձի փոխանակմամբ հարստանալ, և այնուամենայնիվ` վերադառնալ: Պարզապես պետք է նրանց համար այստեղ համապատասխան պայմաններ ստեղծվեն: Նորից եմ կրկնում՝ գիտության նկատմամբ պետական հովանավորություն է պետք»:
Տեղեկացնենք, որ Մոնթպելիեյի Գիտությունների և գրականության ակադեմիայի միակ ազգությամբ հայ թղթակից անդամ Լևոն Չուգասզյանը բազմաթիվ ուսումնասիրությունների և հոդվածների հեղինակ է, որոնք տպագրվել են աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` նաև Ֆրանսիայում: Ունի ուսումնասիրություններ հայ մանրանկարչության և ֆրանսիական միջնադարյան արվեստի միջև եղած ընդհանրությունների վերաբերյալ:
Նրա տպագիր աշխատությունների մի մասը նվիրված է կիլիկյան գրքարվեստին, և հատկապես` 13-րդ դարի նշանավոր մանրանկարիչ Թորոս Ռոսլինի ստեղծագործական ժառանգությանը: Նրա երկար տարիների ջանքերի արդյունքն է Թորոս Ռոսլինին վերաբերող աշխատությունը, որը գիտնականը որպես դոկտորական դիսերտացիա` պաշտպանել է Մոսկվայի Արվեստագիտության ինստիտուտում 2001թ.: Ներկայումս այդ ուսումնասիրությունը պատրաստ է հրատարակության` առանձին մենագրության տեսքով: Լ.Չուգասզյանը հայ արվեստին նվիրված դասախոսությունների շարքով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրների համալսարաններում: 2005թ. արժանացել է ԱՄՆ Կոնգրեսի և Կալիֆոռնիայի Սենատի պատվոգրերի: 2012թ. նրան շնորհվել է ՀՀ Մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը: